«Որտե՞ղ մնաց արդար, իրավապահ մեր նորաստեղծ անկախ պետությունը»
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Իմ հորաքրոջ դուստր Էլյա Սարգսի Իսրայելյանը 1995թ.-ի սեպտեմբերի 22-ին իրեն պատկանող Թալին քաղաքի Խանջյան փողոցի 26 շենքի թիվ 8 բնակարանը կտակել էր ինձ` Գառնիկ Սերյոժայի Վարդանյանիս: Էլյա Իսրայելյանի մահից (17.07.1998թ.) 10 օր հետո` 27.07.98թ.-ին դիմել եմ Թալինի նոտարական գրասենյակ ժառանգության իրավունքի վկայական ստանալու համար: Ժառանգության իրավունքի վկայականի հիման վրա կադաստրից ստացել եմ վերը նշված հասցեում գտնվող բնակարանի սեփականության վկայականը:
Կտակարարի մահից տաս տարի հետո քույրը` Ռիմա Իսրայելյանը դիմել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի առաջին ատյանի դատարան (դատավոր Մանուկ Մարգարյան) քրոջ գույքին տիրանալու համար: Պատճառաբանել է, որ կտակը կեղծ է: 1963թ.-ից մինչև 1965թ.-ը Էլյա Իսրայելյանին իմ հայրը, իր քեռին պահել է մեր տանը: 1965թ.-ին Էլյան ստացել է ինձ կտակած բնակարանը: Հայրս մինչև իր մահը (25.01.197թ.) որպես իր քրոջ դուստր օգնել է Էլյա Իսրայելյանին բոլոր հարցերում: Հորս մահից հետո ես նույնպես Էլյա Իսրայելյանին օգնել եմ նյութապես և բարոյապես, խնամել եմ նրան մինչև իր կյանքի վերջը, ինչը հաստատում են Էլյայի հարևանները և փոքր եղբայրը (ովքեր տվել են գրավոր հայտարարություններ և բացատրություններ Թալինի ոստիկանությունում:
Մինչև Էլյա Իսրայելյանի մահվան օրը, քույրը` հայցվոր Ռիմա Իսրայելյանը, չի ճանաչել քրոջը, չի իմացել ինչպես է ապրում, մի բաժակ ջուր չի տվել, նույնիսկ մահվան օրը ներկա չգտնվեց, չմասնակցեց քրոջ թաղմանը) չթողեց, որ Էլյային թաղեմ իր ծնողների կողքին, մարմինը այրել էր տալիս: Ես եմ կատարել թաղման արարողակարգի հետ կապված բոլոր ծախսերը (կատարել եմ գերեզմանի ցանկապատում, տեղադրել գերեզմանաքարը): Մինչև հիմա Ռիմա Իսրայելյանը չգիտի, թե որտեղ է թաղված քույրը: Այսքանից հետո նոր հիշել է քրոջ ժառանգության մասին: Հայցվորը ոչ մի բարոյական և փաստացի հիմք չունի` պահանջելու ժառանգությունը: Ռիման գրում է, որ հարգելի համարեն, որ չի ընդունել քրոջ ժառանգությունը, որովհետև սգում էր մյուս քրոջ և մեծ եղբոր վիշտը և բարոյական չէր համարում դիմել ժառանգության հարցով:
Ռիմա Իսրայելյանի մեծ եղբայրը մահացել է Էլյա Իսրայելյանի մահից 7 ամիս հետո (15.02.1999թ.), մյուս քույրը նույնպես մահացել է Էլյա Իսրայելյանի մահից հետո (23.08.1999թ.), որի թաղմանը Ռիմա Իսրայելյանը նույնպես չի մասնակցել:
Այնպես, որ հայցվորի այն հայտարարությունը, թե 10 տարի սգում էր քրոջ և եղբոր մահը և բարոյական չէր համարում ավելի շուտ դիմել դատարան ժառանգությանը տիրանալու համար անհիմն է: Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մանուկ Սարգսյան), կեղծ համարելով կտակի ստորագրության իսկությունը, ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն է ուղարկել կտակի ստորագրությունը, նոտարական գրասենյակի մատյանը, անձնագիր ստանալու N 1 ձևի նմուշը և կենսաթոշակի գործի մեջ եղած միակ ստորագրությունը, որի տակ նշելով, որ դա Էլյա Իսրայելյանի ստորագրությունն է, իսկ կտակի և նոտարական մատյանի ստորագրությունները` հետազոտվող: 2008թ.-ի հունիսի 2-ին փորձագիտական կենտրոնը տվեց փորձագիտական եզրակացություն, որ կտակի և նոտարական մատյանի ստորագրությունները չեն համապատասխանում կտակարար Էլյա Իսրայելյանի ստորագրությանը, դրանք կատարվել են մեկ ուրիշի կողմից ընդօրինակմամբ:
Ես` Գառնիկ Վարդանյանս, ընդհանուր իրավասության դատարանին միջնորդագիր ներկայացրի, որպեսզի նոր փորձագիտության ուղարկի իմ մոտ գտնվող Էլյա Իսրայելյանի կուսակցական տոմսում եղած և անձնական լուսանկարների ետնամասում եղած ստորագրությունները: Բայց դատավորը չընդունեց իմ միջնորդագիրը` պատասխանելով, որ իրեն չի հետաքրքրում, ինքը բնակարանը կհասցնի հայցվորին և կբողոքեմ, թե ոչ` իրեն չի հետաքրքում:
Դրանից հետո` 2008թ.-ի հուլիսի 16-ին, ես բողոք ներկայացրի վերաքննիչ դատարան: 2008թ.-ի նոյեմբերի 20-ի որոշմամբ վճիռը թողնվեց ամփոփոխ (դատավոր Գ. Մատինյան):
2008թ.-ի դեկտեմբերի 1-ին դիմեցի ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին:
Արագածոտնի մարզի դատախազությունը գրություն ուղարկեց ոստիկանություն` ստուգելու և նախապատրաստելու նյութերը: Թալինի ոստիկանության քննիչը բոլոր նյութերը ուղարկեց ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչություն` դատաձեռագրաբանական փորձաքննության:
2009թ.-ի հունվարի 29-ի ոստիկանության փորձագիտական վարչության եզրակացությունում նշված էր, որ ստորագրությունների բոլոր նմուշները պատկանում են Էլյա Իսրայելյանին և կտակը կազմված է Էլյա Իսրայելյանի ձեռքով:
Թալինի ոստիկանության քննիչ Ս. Թորոսյանը նյութերը ուղարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրո: 2009թ.-ի մարտի 31-ին փորձաքննության եզրակացությունում նույնպես նշվեց, որ կտակը կազմված է կտակարար Էլյա Իսրայելյանի ձեռքով:
Ներկայացրել եմ վճռաբեկ բողոքներ:
2009թ.-ի հունվարի 22-ին բողոքը վերադարձվել է:
2009թ.-ի մայիսի 7-ին դիմել եմ նոր երևան եղած հանգամանքների հիմքով, գործից դատարանը հանելով փորձագիտական եզրակացությունները, գործը վերադարձվեց, պատճառաբանելով, թե ինչ հիմքի հիման վրա եմ բողոքում:
2009թ.-ի հոկտեմբերի 21-ին նորից դիմեցի վճռաբեկ դատարան, գործը վերադարձվեց:
2010թ.-ի մարտի 19-ին դիմեցի վերաքննիչ դատարան նոր երևան եկած հանգամանքների հիմքով, դատարանը վճռեց, որ բողոք բերող անձի բողոքը անհիմն է:
2010թ.-ի հունիսի 25-ին դիմել եմ վճռաբեկ դատարան, դատարանը բողոքը վերադարձրել է:
Այս երեք տարվա ընթացքում բազմիցս դիմել եմ Ձեզ: Պարզվում է, որ երբեք դիմումներս տեղ չի հասել:
Դիմել եմ արդարադատության նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանին, ազգային ժողովին, վարչապետին, բազմիցս գլխավոր դատախազին, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը:
Բոլորն էլ նույն պատասխանն են նշում, որ իրավասու չեն դատավորի կայացրած վճիռների համար:
Որտե՞ղ մնաց արդար, իրավապահ մեր նորաստեղծ անկախ պետությունը, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Երբ օրինական կտակը կեղծ է համարվում և կատարվում են ակնհայտ կեղծ եզրակացություններ և վճիռներ:
Ակնկալում եմ Ձեր միջնորդությունը այս անարդարություններին արդար լուծմանը:
Արդարությունը ՀՀ-ում չգտնելու դեպքում պատրաստ եմ դիմել Եվրոդատարան:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ
Գառնիկ Վարդանյանից
27.09.10.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել