HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարգին սերիա՞լ», թե՞ «Two and a half men»

Oֆելյա Հարությունյան

Երբ վերցնում եք հեռակառավարման վահանակը ձեր ձեռքը, ի՞նչ եք ակնկալում քառակուսի արկղից: Ես, օրինակ, արդեն երկար ժամանակ չունեմ որևէ ակնկալիք հայկական հեռուստաալիքներից, ուղղակի մեկ-մեկ, սովորության համաձայն, 0-ից սկսելով` պտույտ եմ կատարում, անցնում բոլոր ալիքների վրայով, հասնում նորից 0-ին ու մի կողմ դնում վահանակը:

Բայց ամեն անգամ թվում է, որ հանդիպում եմ մի նոր անոնսի, միամիտի պես մոռանում եմ մեր հեռուստատեսությունների վարքի մասին և ինքս ինձ համոզում, որ միգուցե այլևս հնարավոր չէ այս կերպ շարունակելը, և մեզ մոտ էլ սկսել են լրջորեն զբաղվել հեռուստատեսային մշակույթով: Երբ հերթական անգամ իմացա, որ նոր հայկական սիտկոմ է հայտնվելու եթերում, անկեղծորեն ուրախացա, քանի որ միշտ մտածել եմ, թե երբ ամբողջ աշխարհում սիտկոմներ են նկարահանում, ինչո՞ւ մենք չունենք մերը` հայկական սիտկոմը: Հայկական սիտկոմի կամ, ինչպես իրենք իրենց անվանում են, սերիալի անձնակազմից ելնելով` կարծում էի, որ այն կհամապատասխանի իր վերնագրին: Չէ՞ որ այդ նույն անձնակազմը ստեղծել էր հանրապետության լավագույն հումորային հաղորդումներից մեկը… Բայց արի ու տես, որ մեր «Կարգին սերիալը» այդքան էլ կարգին չէ: Առաջին անգամ տեսնելով սերիալի անոնսը` սյուժեն ինձ հիշեցրեց ամերիկյան հայտնի մի սիտկոմ` «Two and a half men», որի մասին խոսելիս ընկերներիցս մեկը սուբյեկտիվորեն այն անվանել էր ամերիկյան լավագույն հեռուսատաշոու: Ես, ոգևորված հայկական սիտկոմի փաստով և հույսով, որ մեզ մոտ էլ է ինչ-որ բան փոխվում, սյուժեի նմանության վրա ուշադրություն չդարձրի` մտածելով, որ միայն շոուի միտքն են վերցրել (որն, ի դեպ, հետևյալն է. գլխավոր հերոսները երեք տղամարդիկ են` երկու իրարից շատ տարբեր եղբայրներ և եղբայրներից մեկի տասնամյա տղան: Եղբայրներից մեկին կինը տանից դուրս է անում, և նա ու նրա որդին գալիս են` մյուս եղբոր տանն ապրելու), իսկ մնացածը, այսինքն` սցենարը, կերպարները, ինտերիերը, իրենք են յուրովի պատրաստել: Բայց արի ու տես, որ սերիալի անձնակազմը ոչ միայն չի բավարարվել պատմությունը կրկնօրինակելով, այլև ամբողջովին պատճենել է սցենարը: «Ամբողջովին» ասելով` նկատի ունեմ նախադասություն առ նախադասություն: Նույնիսկ բնակարանի կահավորանքը, որտեղ անցկացվում է նկարահանումների մեծ մասը, նույնն է:

Ի դեպ, «Two and a half men»-ը հեռարձակվում է ամերիկյան CBS հեռուստաալիքով, 2003 թվականից և այս սեպտեմբերից սկսել է իր ութերորդ սեզոնը: Իրականում, մեր հեռուստաեթերում շատ ենք հանդիպում դեպքեր, երբ կրկնօրինակած են լինում հիմնականում ռուսական կամ այլ հաղորդումներից: Օրինակ` բոլորի համար պարզ է, որ «Yere1» նախագծի մտահղացումն առաջացել է «Наша Russia» հաղորդումից, «32 ատամ ակումբը»` «Comedy Club»-ից, «Made in Armenia-ն»` «Прожекторперисхилтон»-ից, դե իսկ չստացված և չկայացած «Բանգլադեշը»` «Южное Бутово» հաղորդումից: Բայց այս հաղորդումների ու «Կարգին սերիալի» միջև տարբերությունն այն է, որ նրանք միայն մտահղացումն են վերցրել, բայց ստեղծել են իրենցը, կատակները չեն կրկնվում, նույն սցենարը չէ և այլն (չնայած «Yere1»-ի մեջ կերպարների մի մասը նույնպես կրկնօրինակված է): Հարց է առաջանում: Ինչո՞ւ ենք կրկնօրինակում: Ինչո՞ւ չենք ստեղծում մերը: Ինչո՞ւ ենք անընդհատ խաբում և խաբվում: Եվ վերջապես, ինչո՞ւ ենք գողանում: Իհարկե, կարելի է օգտվել ուրիշների փորձից, սովորել նրանցից, բայց ոչ երբեք անօրեն կրկնօրինակել: Այսքանից հետո, երբ կրկնվում են բոլոր կադրերը, տեքստը, ինտերիերը, նույնիսկ դերասանական ժեստերը, որքանո՞վ է բարոյական ամեն սերիայի սկզբում նշել սցենարիստներ Աշոտ Աբրահամյան և Ռոբերտ Մարտիրոսյան անունները: Իմ մեջ նույնիսկ կասկած առաջացավ, որ նման մարդիկ գոյություն չունեն, քանի որ իրականում չեմ հասկանում, թե որն է նրանց աշխատանքի բնույթը: Միգուցե նրանք թարգմանիչներ են, կամ վարձատրվում են միայն «Վեգաս» բառը «Սևան» վերափոխելու դիմաց:

Ափսոսում եմ, որ հեռուստադիտողների մեծ մասի համար սիրելին դարձած Հայկոն և Մկոն, իրենց կարողությունները դնելով մի կողմ, գերադասել են ընտրել հեշտ, բայց ոչ պատվաբեր ճանապարհը` կրկնօրինակել ամերիկյան շոուն և այն ներկայացնել որպես հեղինակային աշխատանք: Արդյոք արժե՞ր խաբել հեռուստադիտողին: Էլ չեմ ասում, որ դա դեմ է մի շարք միջազգային պայմանագրերի և հայկական օրենսդրությանը: Հա, ի դեպ, վերջին շրջանում հեռուստատեսություններով ակտիվորեն քննադատվում է այն ընկերությունների և մարդկանց գործունեությունը, ովքեր խախտում են հեղինակային իրավունքի նորմերը: Պարզվում է` ըստ մեր հեռուստատեսությունների` իրենց կարելի է, և իրենք արտոնյալ են: Օրենքն այս դեպքում նորից գործում է ներքևից վերև սկզբունքով: Հ.Գ. Դիտելով այս տեսանյութը` ինքներդ կարող եք համոզվել, թե ինչպես է ստեղծվում «Կարգին սերիալը»: Կադրերը վերցրված են սիտկոմների առաջին եւ երկրորդ սերիաներից, սակայն ներառված է միայն առաջին տասը րոպեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter