HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 մլն դրամ տուգանք` Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ

Այսօրվա նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)-որոշում կայացրեց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի մի շարք խախտումների համար: Դրանցից մի քանիսը վերաբերում է ընկերության արտադրության տարբեր տեսակի հավկիթների վրա պարտադիր մակնշման բացակայությանը, որն օրենքով որակվում է իբրեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում: Հիշեցնենք, որ, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» նույն խախտումը կատարելու համար արդեն իսկ մեկ անգամ պատասխանատվության ենթարկվել է հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ` ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն: Օգոստոսի 30-ին, ժամեկտը լրանալուց 10 օր անց, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, երեւանյան խոշոր առեւտրի կետերում (6 սուպերմարքեթներում) դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ`  «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»: Նույն օրը Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարել է նաեւ մամուլին իր հարցազրույցներում, սակայն անգամ մամուլի միջոցով արված բանավոր նախազգուշացումից հետո, սեպտեմբեր ամսվա ընթացքում պարբերաբար կատարված մոնիթորինգի արդյունքում դարձյալ պարզվել է, որ ընկերությունը շարունակում է աշխատել օրենքի նույն խախտումը կրկնելով: Ի  դեպ, այն  մասին, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության հավկիթները վաճառվում են առանց մակնշման, Հանձնաժողովին ահազանգել են նաեւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ իրենք` սպառողները` զանգահարելով ՏՄՊՊՀ «Թեժ գիծ» հեռախոսահամարին: Հաշվի առնելով այդ իրողությունները`Հանձնաժողովն այսօր որոշեց Ընկերության արտադրած, առանց պատշաճ մակնշման հավկիթների յուրաքանչյուր տեսակի համար կիրառել տուգանք 500 000 դրամի չափով: Նշենք, որ Հանձնաժողովի որոշումները վերաբերում են ընկերության արտադրած «Յոդացված», «Գյուղական», «Մանկական», «Էլիտար», «Եգիպտացորենի հավկիթներ», 6 հատ պարունակությամբ «Հավկիթ դիետիկ» եւ «Դիետիկ հավկիթ» անվանումով ու երեսուն հատ պարունակությամբ տարաներով իրացվող հավկիթների տեսակներին: Ի դեպ, ընդունելով կատարված խախտումները` Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ներկայացված տեսակներն ,ըստ էության, միմյանցից տարբերվում են միայն անվանումներով, դրանով, փաստորեն, հաստատելով սպառողներին մոլորեցնելու դիտավորության վերաբերյալ Հանձնաժողովի կասկածները: Այսպես, օրինակ, ֆաբրիկայի ներկայացուցչի խոսքով, հավկիթը «դիետիկ» է համարվում միայն արտադրվելուց հետո առաջին 7 օրը, իսկ դրանից հետո այն դառնում է արդեն սովորական սեղանի հավկիթ, իսկ «եգիպտացորենի» հավկիթը, ասենք, «գյուղականից» տարբերվում է միայն անվանումով: Եվս 500 000 դրամ տուգանք Հանձնաժողովը որոշեց կիրառել նաեւ վարույթի ընթացքում, Հանձնաժողովի որոշմամբ, Ընկերությունից պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Մեկ այլ որոշմամբ էլ ՏՄՊՊՀ-ը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց նաեւ իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար: Արդյունքում Հանձնաժողովի 29.09.2010 որոշումներով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ կիրառված տուգանքի ընդհանուր գումարը կազմեց 5 մլն դրամ: Համակենտրոնացում Մեկ այլ որոշմամբ, Հանձնաժողովը բավարերեց «Կրեդիտ Յունիոն» և «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունների համակենտրոնացման  հայտը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների միաձուլման արդյունքում նոր ստեղծվող վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայի որևէ ապրանքային խմբում գերիշխող դիրք չի կարող գրավել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter