HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՀ առաքելության հայտարարությունը

2010 թվականի սեպտեմբերի 9-ից 24-ը Երևանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը` Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն տկն. Ռատնա Սահայի գլխավորությամբ:  Թիմն ավարտեց IV հոդվածի խորհրդակցության 2010 թ. քննարկումները և աշխատակազմի մակարդակով իշխանությունների հետ համաձայնեցրեց վերջիններիս տնտեսական բարեփոխումների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի (EFF) և Երկարաձգվող վարկավորման ծրագրի (ECF) առաջին ամփոփիչ ստուգման շրջանակներում:  ԱՄՀ-ի կողմից օժանդակվող այս ծրագրով նախատեսվող ֆինանսական ընդհանուր հանձնառությունը կազմում է 266.8 միլիոն ՓՀԻ (մոտ 410 միլիոն ԱՄՆ դոլար):  Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը քննության կառնի առաջին ամփոփիչ ստուգումն անցկացնելու վերաբերյալ Հայաստանի դիմումը և կավարտի IV հոդվածի քննարկումները 2010 թ. նոյեմբերին:  Հաստատումից հետո Հայաստանին կտրամադրվի 36.2 միլիոն ՓՀԻ (մոտ 56 միլիոն ԱՄՆ դոլար) կազմող ֆինանսավորում: Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա 14 տոկոսանոց կտրուկ անկումից հետո այժմ դանդաղ տեմպերով վերականգնվում է:  Չնայած որ առևտրի և փոխանցումների ծավալների վերականգնումը նոր շունչ է հաղորդում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներին, գյուղատնտեսության ոլորտի վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ բնակլիմայական պայմանները:  Հետևապես, ակնկալվում է, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը 2010 թվականին կաճի մոտ 4 տոկոսով, իսկ 2011-ին` 4.5 տոկոսով: Ակտիվության վերականգնման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսվել է վարկային միջոցների հոսքը դեպի մասնավոր հատված: Գյուղատնտեսության արդյունքի կրճատումը` ներմուծվող ցորենի գների կտրուկ աճի հետ մեկտեղ, հանգեցրել են պարենային ապրանքների գների աճին:  Պարենային ապրանքների, որոնց կշիռը պայմանավորում է սպառողական գների համաթվի մոտ կեսը, գների աճ է արձանագրվել` տարեկան գնաճը օգոստոսին հասցնելով 9.6 տոկոսի:  Ապագայում ակնկալվում է, որ գնաճի ցուցանիշը կմեղմվի` նախքան տարեվերջ նվազելով մինչև մոտ 7 տոկոս: 2009 թ. ճգնաժամի ընթացքում իշխանությունները բարեհաջող կերպով մեղմել են բացասական ազդեցությունը բնակչության վրա` հավուր պատշաճի որդեգրելով հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն:  Վերջինս անխուսափելիորեն հանգեցրել է պակասուրդի մեծացման և պետական պարտքի ավելացման, նպաստելով նաև ընթացիկ հաշվի մնացորդի ցուցանիշի վատթարացմանը:  Համաշխարհային ճգնաժամի և փոխարժեքի ճշգրտումը 2009 թվականին հետաձգելու պատճառով արագ տեմպով աճել է դոլարացման մակարդակը: 2009 թվականի և ընթացիկ տարվա ներպետական և արտաքին զարգացումների հետևանքով ծագել են միջնաժամկետ հատվածի լուրջ մարտահրավերներ:  Անհրաժեշտ է ամրապնդել հանրային ֆինանսների վիճակը` բյուջեի և պարտքի կառավարելիությունն ապահովելու նպատակով:  Հաշվի առնելով Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերների` Ռուսաստանի և Եվրոպական Միության տնտեսական անբարենպաստ հեռանկարները, առավել հրատապ է դառնում լայնահեն կառուցվածքային բարեփոխումների արագ տեմպերով իրականացումը` մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը բազմազանեցնելու միջոցով տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ ապահովելու և աղքատությունն էլ ավելի կրճատելու նպատակով:  Մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանումը և տեղական արժույթով ֆինանսական շուկաների խորացումն առանցքային դեր կկատարեն տնտեսության ապադոլարացման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցերում: Բյուջեի և պարտքի կառավարելիության ապահովման քաղաքականությունները Առաքելությունը սատարում է 2010 թվականի համար իշխանությունների ընտրած հարկաբյուջետային շրջանակը, որով նախատեսվում է ցուցանիշների զգալի ամրապնդում` հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը պարտքի կառավարելիության  նպատակի ապահովմանն ուղղելու անհրաժեշտությունը:  Հաշվի առնելով ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին պետական եկամուտների կատարողականի ցուցանիշների բարելավումը, ակնկալվում է, որ ընդհանուր պակասուրդը 2009 թվականի համեմատ կնվազի ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելի շատ չափով` 2010 թվականին հասնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 4.75 տոկոսի: Հարկաբյուջետային ցուցանիշների ամրապնդման գործընթացի ընդհանուր նպատակը պետք է նախկինի պես լինի կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում պետական եկամուտների կատարողականի բարելավումը` ծախսերը զսպելու փոխարեն, քանզի վերջինս կարող է բացասաբար անդրադառնալ կարևոր` կրթության և առողջապահության ոլորտներում ծախսերի, ինչպես նաև աղքատ բնակչության վրա:  Պետական եկամուտները և ծախսերը բարեփոխելու ուղղությամբ իշխանությունների կողմից վերջին շրջանում իրականացված նախաձեռնությունները ճիշտ ուղղությամբ քայլեր են: Դրանք ներառում են. հարկային վեճերը լուծելու նպատակով կառավարության ենթակայությամբ բողոքարկման խորհրդի ստեղծումը, օրենքի մեկնաբանության հարցում թափանցիկության մակարդակի բարձրացումը, էլեկտրոնային եղանակով ներկայացվող հարկային հայտարարագրերի շրջանակի ընդլայնումը և հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:  ԱՄՀ-ի առաքելությունը կոչ է անում լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարկային վարչարարությունն արդիականացնելու և հարկերից ապօրինաբար խուսափելու և կոռուպցիայի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի համակարգի կատարելագործումը, խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի բարելավումը, հաշվետվական համակարգի հստակեցումը և հարկային ստուգումների համար ռիսկի վրա հիմնված համակարգի ներդրումը:  Ծախսերի մասով իշխանությունները նպատակ ունեն շրջադարձել աղքատության ցուցանիշների` վերջին շրջանում արձանագրված աճը, ինչպես նաև բարելավել սոցիալական ծառայությունների, այդ թվում` կրթության և առողջապահության ոլորտներում ծառայությունների հասանելիությունը: Կանխատեսվում է, որ ճիշտ քաղաքականություններ իրականացնելու դեպքում բյուջեի պակասուրդը կնվազի` միջնաժամկետ հատվածում հասնելով ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսին, որը կապահովի պետական պարտքի կառավարելի մակարդակի պահպանումը:  Առաքելությունը ողջունում է ճգնաժամի ընթացքում կասեցված միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերներդրումը, ինչպես նաև պարտքի կառավարման նոր ռազմավարության որդեգրումը, որով նախատեսվում է միջնաժամկետ հատվածում պարտքի մակարդակի իջեցում: Տնտեսության մեջ մրցունակության և մրցակցության կատարելագործման քաղաքականությունները Հայաստանը գործարար միջավայրի ցուցանիշների առումով զիջում է համեմատելի բազմաթիվ պետությունների:  Ստանդարտացման, մրցակցության կանոնների և պետական գնումների վերաբերյալ իրավական ակտերի բարելավման վերջին նախաձեռնությունները, նպատակ ունեն վերոհիշյալ ընթացակարգերը ներդաշնակեցնել միջազգային լավագույն պրակտիկային:  Ավելի համարձակ և խորը բարեփոխումներ են անհրաժեշտ մրցակցությունը խթանելու, մենաշնորհային վարքը նվազեցնելու, արտահանումը բազմազանեցնելու և ընդհանուր առմամբ տնտեսությունն արդիականացնելու համար:  Զբոսաշրջության ոլորտում նախկինի պես առկա է չօգտագործված մեծ ներուժ, որը կարող է տնտեսական աճի և զբաղվածության կարևոր շարժիչ ուժ դառնալ, միաժամանակ նաև նպաստելով պետական եկամուտների և արտարժույթով հասույթի ավելացմանը: Առաքելությունն անհամբերությամբ սպասում է, որ իշխանություններն այս ոլորտներում լրացուցիչ քայլեր կիրագործեն` խորհրդակցելով բազմակողմ գործընկերների, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ: Գնաճի վերահսկման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման քաղաքականությունները Չնայած որ դրամավարկային քաղաքականությունը նախկինի պես միտված է լինելու գների կայունության ապահովմանը, Հայաստանի նման փոքր բաց տնտեսությամբ երկիրն անխուսափելիորեն հանդիպելու է իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող ժամանակավոր ցնցումների:  Առաքելությունը համակարծիք է իշխանությունների այն տեսակետին, որ սպառողական գների վերջին բարձրացումները հիմնականում պայմանավորված են ներմուծվող ցորենի գների աճով, ինչպես նաև տարեսկզբի անբարենպաստ եղանակային պայմաններին հաջորդած` տեղական պարենային ապրանքների գների աճով:  Դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակներից պետք է լինի ապահովել, որպեսզի գների նմանօրինակ ժամանակավոր բարձրացումները «երկրորդ փուլի էֆեկտների» միջոցով չվերածվեն մշտական բարձր գնաճի: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) քաղաքականության տոկոսադրույքը, ինչպես նախկինում, դրամավարկային քաղաքականության կեցվածքի մասին վկայող պատշաճ ազդակ է: Դրամավարկային փոխանցման տոկոսադրույքի ուղին կատարելագործելու նպատակով ցանկալի է, որպեսզի ՀՀ ԿԲ-ն շարունակի ակտիվորեն կառավարել իրացվելիությունը` դրամավարկային քաղաքականության առկա բոլոր գործիքների օգտագործմամբ ապահովելով, որպեսզի շուկայական տոկոսադրույքները մոտ լինեն քաղաքականության տոկոսադրույքին: Դրամային գործիքների շուկայի կատարելագործման և տնտեսության մեջ դրամով գործարքների կիրառության ավելացման միջոցառումները ողջունելի են, քանի որ դրանք կօգնեն բարձր դոլարացման դեմ պայքարին, ֆինանսական միջնորդության խորացմանը և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Առաքելությունը ողջունում է նաև իշխանությունների վճռականությունը` պահպանելու ճկուն փոխարժեքի քաղաքականությունը, որը նախկինի պես ուղղված է լինելու շուկայում կտրուկ տատանումները հարթելուն, արտարժույթով պահուստները պաշտպանելուն և տնտեսության մրցունակությունը երաշխավորելուն: Միաժամանակ, կարևոր է, որպեսզի մրցակցության և աշխատանքի շուկայի քաղաքականությունները սատարեն ՀՀ ԿԲ-ի այն ջանքերին, որոնց նպատակն է կանխել ներմուծվող և տեղական ապրանքների գների ժամանակավոր աճի` մշտական գնաճի վերածվելը: Բանկային հատվածն ապացուցել է ճգնաժամին դիմագրավելու կարողությունը:  Ֆինանսական հատվածի խոցելիության սահմանափակմանը նպաստել են ֆինանսական հատվածի կայունության ապահովման նպատակով իշխանությունների իրականացրած միջոցառումները, ներառյալ` բանկերի կապիտալի բազայի մեծացումը, ռիսկերի կառավարման կատարելագործումը և վերահսկողության դաշտի բարելավումը:  Ողջունելի են նաև ճգնաժամին պատրաստված լինելուն և արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորումը բարելավելուն ուղղված միջոցառումները:  Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի հերթական վերանայման շրջանակում 2011 թվականին կդիտարկվեն ֆինանսական հատվածի ամրապնդման և զարգացման հետագա միջոցառումներ: Այցի ընթացքում ԱՄՀ-ի առաքելությունը խորհրդակցել է հայաստանյան հասարակության լայն շրջանակների` կառավարական պաշտոնյաների, պատգամավորների, կենտրոնական բանկի պաշտոնյաների, միջազգային հանրության ներկայացուցիչների, բանկային և գործարար հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Առաքելությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին և հայ ժողովրդին ջերմ հյուրընկալության, արգասաբեր համագործակցության և բաց քննարկումների համար:  ԱՄՀ-ի թիմն անհամբերությամբ սպասում է ընթացիկ ծրագրի շրջանակներում իշխանությունների հետ սերտ համագործակության շարունակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter