HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողի1 կգ-ը մթերում են հիմնականում 120 դրամով

Խաղողի մթերման գործընթացին ծանոթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում էր: Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը նախ այցելեց Վաղարշապատի «Սար կոպ» ՍՊԸ,  որտեղ մթերումն սկսվել է սեպտեմբերի 28-ից: Ընկերության ղեկավարության հավաստիացմամբ` անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են լայնածավալ եւ կազմակերպված մթերում իրականացնելու համար: Տեղեկացվեց, որ վճարումները կատարվում են տեղում` առանց ձգձգումների: Արշալույս համայնքում բերքն ընդունվում էր «Արփենի» գինու գործարանի կողմից: Փոխվարչապետին ներկայացվեցին մթերման ընթացքը, մինչ այժմ մթերված բերքի ծավալները, ինչպես նաեւ սեփական արտադրանքը: «Երեւանի կոնյակի գործարան» ԲԲ ընկերության Արմավիրի մասնաճյուղում հյուրերին ներկայացվեցին խաղողի շաքարայնության աստիճանը որոշող նորագույն սարքավորումները: Ընկերության գլխավոր տնօրեն Ա.Գրիգորյանի հետ քննարկվեցին լրացուցիչ 500 տոննա մթերելու հնարավորությունը եւ աշխարհագրությունը: Ա. Գրիգորյանը ներկայացրեց նաեւ գործարանի` Տավուշի մասնաճյուղում մթերման ընթացքը: Լուկաշին համայնքում հյուրերն այցելեցին «Ալվան» ՍՊԸ, որն ընդլայնելով հնարավորությունները, այս տարվանից սկսել է նաեւ խաղող մթերել: Ներկա գտնվելով մթերման ընթացքին` փոխվաչապետը ծանոթացավ նաեւ գործարանի հզորություններին: Տեղեկացվեց, որ առաջիկայում կգործարկվի նաեւ պտուղ- բանջարեղենի նոր արտադրամասը, որը կնպաստի տարածաշրջանի այգեգործների բերքի իրացմանը:   «Սամկոն» ՍՊԸ-ի` Հացիկ համայնքում գտնվող մթերման կետում հյուրերին տեղեկացրեցին, որ արդեն մթերվել է 1500 տոննա խաղող: Վճարումների որոշ մասը կատարվում է տեղում, որոշ մասն էլ` կարճ ժամանակահատված հետո: Փոխվարչապետին վստահեցրին, որ ուշացումներ եւ ձգձգումներ չեն լինում: Լենուղի համայնքում փոխվարչապետը ծանոթացավ «ՄԱՊ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող թե խաղողի, թե պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացին: Գործարանն այս տարի նախատեսում է մթերել 10 հազ. տոննա խաղող` նախորդ տարվա 5320 տոննայի դիմաց: Ընկերության տնօրենը ներկայացրեց կոնյակի հնեցման նոր արտադրամասը, գործարանի ներկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները: Նշվեց, որ առանձնահատուկ կարեւորվում է տարածաշրջանի այգեգործների հետ մշտական աշխատանքը: Ավարտելով երկօրյա այցելությունը` փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց մթերման գործընթացը: Մթերող ընկերությունները հիմնականում պահպանում են խաղողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորպես`  խաղողի 1 կգ-ի արժեքը կազմում է 120 դրամ: Փոխվարչապետի հանձնարարականով գործընթացին մշտապես հետեւում են նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչները` ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու եւ հատկապես մթերվող խաղողի գներին ուշադրություն դարձնելու համար: Մթերող ընկերությունները փոխվարչապետին ներկայացրեցին  իրականացվող գնային քաղաքականությունը: Ստորեւ ներկայացված ընկերություններն իրենց  արտադրության համար անհրաժեշտ խաղողի տեսակները` պահանջվող որակական հատկանիշներով եւ շաքարայնության աստիճանով, մթերում են հետեւյալ գներով.     1. «Երեւանի կոնյակի գործարան» ԲԲԸ - 130 դրամ /1 կգ դիմաց/ 2. «Երեւանի կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ- 130 դրամ 3. «Ա.Զ.Կ.» ՍՊԸ- 120 դրամ /մթերումը` հոկտեմբերի 1-ից/ 4. «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-120 դրամ 5. «ՄԱՊ» ԲԲԸ-120 դրամ 6. «Սար կոպ» ՍՊԸ-120 դրամ 7. «Սամկոն»ՍՊԸ -120 դրամ 8. «Ալվան» ՍՊԸ-120 դրամ 9. «Արփենի» ՍՊԸ -120 դրամ 10. «Արարատի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ -մինչեւ 120 դրամ 11. «Շահումյանի գինու կոմբինատ» ՍՊԸ-մինչեւ 120 դրամ Այն ընկերությունները, որոնք խաղողի 1 կգ-ն մթերում են մինչեւ120 դրամով, պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը: Անհրաժեշտության դեպքում հարցը լրացուցիչ կքննարկվի ՀՀ կառավարությունում: Խաղողագործներին նաեւ կոչ է արվում  ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եւ համապատասխան մարզպետարաններին տեղեկացնել այն ընկերությունների մասին, որոնք մթերումը կազմակերպում են մինչեւ 120 դրամով` համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ քայլեր ձեռնարկելու համար: Այս մասին հայտնում է հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter