HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատի նախկին մարզպետն իրեն մեղավոր չի ճանաչում

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն այն 6 անձանցից մեկն է, ում դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն այսօր ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրեն առաջադրված եւ ոչ մի մեղադրանք չի ընդունում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ 6 հոգու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նախկին մարզպետը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն):

Վարդգես Հովակիմյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունում իրեն հարցաքննության են հրավիրել ընդամենը 2 անգամ, սակայն առերեսումներ չեն եղել: Նա դժվարացավ ասել՝ իր մեղադրանքի հիմքում քաղաքական պատվեր կա՞, թե՞ ոչ, միայն նշեց, որ ինքը մեղավորություն չունի:

«Եթե շինարարներն այնտեղ վատնում են արել, մարզպետն ի՞նչ կապ ունի: Իմ գիտակցությամբ ու իմացությամբ չի եղել դա, այդ էր մնացել, որ ես իմանայի, որ նման բան կա: Հետո էլ դրա վերահսկողը ես չեմ: Նախագահի հրամանագրով ես՝ որպես մարզպետ, պետք է հսկեի միայն այդ ֆինանսների նպատակային օգտագործումը: Այդ գումարը տրվել է դպրոցի շինարարության համար, ես էլ հատկացրել եմ դպրոցին, մնացած բոլոր խնդիրներն արդեն իմ հետ կապ չեն ունեցել»,- ասում է Վ. Հովակիմյանը:

Ըստ նախկին մարզպետի՝ այնտեղ եղել են շինարարության վերահսկողներ, մրցույթը շահած վերահսկողներ, ստորաբաժանման ղեկավարներ, որոնք բոլորն էլ փաստաթղթերը ստորագրել են, ինքն էլ ընդամենը գումարն է բաց թողել:

«Եթե այդ փաստաթղթերը ստորագրված չլինեին, պարզ է, որ ես գումար բաց չէի թողի, փաստաթղթերում էլ գրված էր, որ աշխատանքը կատարված է»,- ավելացրեց Վարդգես Հովակիմյանը եւ ավելացրեց, որ ամեն ինչ կպարզվի դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter