
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրումը նույնքան օրինաչափ էր, որքան այդ պաշտոնից Արեւիկ Պետրոսյանի հետկանչը. երկու գործընթացն էլ որեւէ տրամաբանության չեն ենթարկվում:
Որքան Արեւիկ Պետրոսյանն էր «երդվյալ» ԲՀԿ-ական, նույնքան` Սամվել Բալասանյանը, ով 2007 թ. ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ընդամենը այս տարվա մայիսին է անդամագրվել ԲՀԿ-ին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն օրեր առաջ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Բալասանյանի առաջադրումը բացատրեց խորհրդարանում ԲՀԿ-ն ակտիվացնելուն ուղղված նոր մարտավարության որդեգրմամբ: Թե ինչպես է նախկին ՕԵԿ-ական Բալասանյանն ակտիվացնելու կուսակցությունը, դժվար է անգամ երեւակայել: ԲՀԿ-ն հույսը, թերեւս, դրել է կուրծք ծեծելու նրա նախանձելի թատերական վարպետության վրա, որը ԱԺ փոխնախագահի պաշտոնի բարձրությունից շատ ավելի ողորմելի ու զվարճալի է երեւալու:
Բալասանյանի առաջադրումն իրականում ավելորդ անգամ մատնում է ԲՀԿ-ի կադրային սնանկությունը, ինչը Գագիկ Ծառուկյանին դրդում է դիմելու անտրամաբանական քայլերի: Իսկ դա իր հերթին, չնայած կուսակցության բազմանդամությանը եւ ունեցած ազդեցությանը, բացահայտում է ԲՀԿ-ի չկայացվածությունը: Նման խնդիր ունեն նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մեծ հաշվով, այս իրավիճակը հատուկ է հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններին: Ըստ էության, Հայաստանում կա քաղաքականություն` առանց կուսակցությունների, կամ հակառակը` կուսակցություններ` առանց քաղաքականության:
Օրեր առաջ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ամենայն լրջությամբ հայտարարեց. «Նոր ուժ կարող է ստեղծվել ընդամենը 6 ամսվա ընթացքում: Դրա համար պետք է փորձառու մասնագետներ գան, համապատասխան գործընթաց ձեւավորեն, համապատասխան քարոզչություն անեն եւ ձեւավորեն այդ ուժը: Դա խնդիր չէ, կուսակցություն ստեղծելը գրագետ մասնագետների աշխատանքի արդյունք է»: Քաղտեխնոլոգը համեստորեն թերագնահատում է մեր հնարավորությունները: Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր գրանցված է 74 կուսակցություն:
«Կուսակցությունների մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2002 թ. օգոստոսից եւ գործում է արդեն 8 տարի: Այսինքն` Հայաստանում նոր ուժերը ձեւավորվում են միջինը գրեթե յուրաքանչյուր ամիս: Եվ դրա համար բացարձակապես մասնագետների կարիք չկա: Այլ կերպ ասած` Հայաստանում ամեն ամիս մի նոր գաղափարախոսություն, երկիրը փրկելու մի նոր ծրագիր կամ ռազմավարություն է ի հայտ գալիս: Այլ հարց է` դրանք ունե±ն հասարակական պահանջ:
Որպես կանոն` Հայաստանում կուսակցությունները ձեւավորվում են առանձին անհատների շահերը սպասարկելու համար կամ ուղղվում են դրան: Օրինակ` Միքայել Բաղդասարովի կամ Բարսեղ Բեգլարյանի նման օլիգարխները կարող են կուսակցություն ստեղծել իրենց տնտեսական շահերը պաշտպանելու համար: Նույն տրամաբանությամբ ԲՀԿ-ն կոչված է սպասարկելու Ծառուկյանի շահերը, ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանի, ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի, «Նոր ժամանակները»` Արամ Կարապետյանի, «Ազգային միաբանությունը»` Արտաշես Գեղամյանի եւ այլն: Այս մարդիկ ոչ թե կուսակցությունների լիդերներն են, այլ` տերերը:
Նրանց լինել-չլինելուց է կախված` կլինի՞ տվյալ կուսակցությունը, թե՞ ոչ: Նրանք ըստ համակրանքի, անձնական վերաբերմունքի են որոշում` իշխանություն լինելու պարագայում, օրինակ, ով է ակտիվացնում կուսակցությունը, ով` ոչ, կամ ով ինչ չափով է համապատասխանում որեւէ պաշտոնի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, օրինակ, ԱԺ փոխնախագահի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման մասին խոսելիս ասում է. «...պարոն Ծառուկյանը կներկայացնի թեկնածուին, քաղխորհուրդը կհաստատի, եւ դրա մասին կիմանա մեր հասարակությունը»: Այսինքն` քաղխորհրդի ֆունկցիան միայն ղեկավարի ներկայացրած թեկնածությունները հաստատելն ու կայացրած որոշումները վավերացնելն է:
Այսպիսի կուսակցություններում ղեկավարներն առանց չափազանցության կուռքեր են: Բավական է կործանել այդ կուռքը, եւ ողջ կուսակցությունն ինքնաբերաբար կփլուզվի: Դրա համար էլ որքան հեշտ է դարձել կուսակցություն ստեղծելը, նույնքան էլ դյուրին` դրանք տապալելը:
Օրինակ` ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Զոհրաբյանը համոզվածությամբ ասում է, որ եթե իրենք ցանկանային թուլացնել ԲՀԿ-ն, այն անպայման կթուլանար: Եվ դա, իսկապես, այդպես է. բավական է մի քանի կոմպրոմատներ օգտագործելով կաշկանդել Գագիկ Ծառուկյանին, եւ գործնականում ԲՀԿ-ն կդառնա քաղաքական դիակ, կսկսվի առնետավազքի հերթական մրցաշարը: 2007 թ. ՕԵԿ-ն անցավ այդ մղձավանջով, երբ Արթուր Բաղդասարյանին հեղինակազրկելուց եւ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո կուսակցությունը կանգնեց անդունդի եզրին: Նույն կերպ արդեն շարքից դուրս են եկել ԱԺՄ-ն, «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը եւ այլն:
Հանրային գիտակցության մեջ քաղաքական պայքարը տրանսֆորմացվել է անհատների միջեւ ընթացող պայքարի: Ոչ թե ասում են` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն են մրցակցության մեջ, այլ` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Արդյունքում գաղափարական հենքի վրա ձեւավորված կուսակցությունները կորցնում են հասարակական պահանջարկն ու արագ մարգինալացվում: Ըստ էության, քաղաքական դաշտում ընթանում է տոտալ ապագաղափարականացման գործընթաց:
Գաղափարական հենքի վրա ստեղծված անխտիր բոլոր կուսակցությունները հայտնվել են լրջագույն ճգնաժամի մեջ, որից ելք առայժմ տեսանելի չէ: Այդ վիճակում են ազգային պահպանողական թեւում` ՀՅԴ-ն, ազգային ազատական թեւում` «Ժառանգությունը», լիբերալ-դեմոկրատական թեւում` ՀՀՇ-ն, սոցիալիստական թեւում` Կոմկուսը եւ այլն:
Հասարակական այս մակարդակի ընկալման պայմաններում գաղափարահենք կուսակցություններից եւ ոչ մեկն առանձին-առանձին 2012 թ. խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու շանս չունի: Փոխարենը Աժ-ն գրեթե ամբողջությամբ կազմված կլինի բալասանյաններից, որոնք երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու պետք է Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնում փոխարիներ Տիգրան Թորոսյանին, իսկ Սամվել Բալասանյանը` Արեւիկ Պետրոսյանին: Էական կլինի միայն չմոռանալ, թե ով է տերը, եւ որն է տերերին փոխելու ամենաճիշտ պահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել