ՕԵԿ-ը կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Հարցազրույց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում բանակում կատարված սպանության դեպքերը եւ ինտերնետում հայտնված տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես է սպան ստորացնում շարքային զինվորներին, քննարկման առարկա դարձե±լ են Ազգային անվտանգության խորհրդում: Նման դեպքերի շարունակականությունը արդյոք սպառնալիք չէ՞ մեր երկրի ազգային անվտանգությանը:
Ձեր նշած դեպքերին օպերատիվ արձագանքեց պաշտպանության նախարարությունը, արդյունքների մասին դուք տեղեկացել եք տարածված մամուլի հաղորդագրություններից: Բանակում արձանագրված դեպքերը ցավալի եւ անընդունելի են, եւ պետք է ամեն ինչ անել մեր բանակում նման դեպքերը բացառելու համար: Այս առումով պաշտպանության նախարարի ձեռքը զարկերակին է:
Վերջերս հաճախակի են դարձել նաեւ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքերը: Արդյոք սրանով Ադրբեջանը իր հասարակությանը չի՞ նախապատրաստում պատերազմի:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություն չեն, սակայն վերջերս դրանք երբեմն զուգորդվում են դիվերսիոն գործողություններով: Չեմ կարծում, թե Ադրբեջանը իրականում պատրաստ է պատերազմի վերսկսմանը: Ադրբեջանի իշխանությունները լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումն աղետալի հետեւանքներ կունենա իրենց համար, ռազմատենչ հայտարարություններով ու դիվերսիոն գործողություններով փորձում են լարված պահել տարածաշրջանը եւ դրանից օգուտ քաղել: Այնուհանդերձ, միշտ պետք է հիշել ժողովրդական հայտնի խոսքը` խաղաղությո՞ւն ես ուզում, պատերազմին պատրաստ եղիր:
Մեր զինված ուժերը բավարար պատրաստվածության մակարդակ ունեն` հարկ եղած դեպքում դիմակայելու Ադրբեջանի ագրեսիային: Ես ի պաշտոնե զբաղվում եմ նաեւ պաշտպանական ոլորտի ռազմավարական բարեփոխումներով, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում, եւ կարող եմ ասել, որ մեր կողմից ձեռնարկված քայլերն էապես բարելավում են մեր զինված ուժերի մարտունակությունը: Բացի այդ` Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր են գնահատում նաեւ մեր գործընկերները, որոնց հետ մենք համագործակցում ենք միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում:
Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար այսօր արվում է հնարավոր ամեն ինչ: Մենք ունենք անվտանգության հուսալի մակարդակ եւ մտահոգվելու պատճառ չունենք, բայց անվտանգության խնդիրները գերակա են ցանկացած պետության համար, ուստի անվտանգության համակարգերը պետք է կատարելագործվեն ամեն օր` ավելի բարձր մակարդակ ապահովելու համար:
Նախագահական ընտրություններից հետո «Օրինաց երկիր»-ը կոալիցիա կազմեց, որով պատրաստակամություն հայտնեցիք սատարել նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա վարած քաղաքականությանը: Շուտով մոտենում են հերթական համապետական ընտրությունները, գո՞հ եք այս տարիների ձեր աշխատանքից:
Այո, նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ն ընտրության երկու հնարավորություն ուներ` դուրս գալ հրապարակ եւ նպաստել անկարգությունների հրահրմանն ու սեփական ժողովրդին բախումների տանելո՞ւն, որը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի, թե՞ ընտրել կայունությունն ու անցնցում զարգացումը, ժամանակի ընթացքում առկա խնդիրների լուծումը: Մենք ընտրեցինք երկրորդ ճանապարհը, եւ ժամանակը ցույց տվեց, որ այդ օրհասական պահին կարողացանք ճիշտ որոշում կայացնել:
Ես առիթ ունեցել եմ ասելու` որքան անկանխատեսելի լիներ ներքաղաքական իրավիճակը, այնքան մեծ կլիներ զոհերի թիվը, որքան անկայուն ու անվերահսկելի լիներ մեր երկիրը, այնքան կմեծանար արտաքին սպառնալիքների վտանգը: Որպես թարմ օրինակ` կարող եք դիտարկել Ղրղզստանի դեպքերը: Որքա¯ն զոհեր եղան, ի¯նչ ծավալի նյութական կորուստներ կրեց այդ երկիրը, եւ դեռ ե՞րբ կհաջողվի լիարժեք կայունություն հաստատել Ղրղզստանում, վերացնել բախումների հետեւանքներն ու երկիրը տանել դեպի զարգացում: Մեր երկրի համար այդ ճակատագրական պահին մենք որոշեցինք սատարել Սերժ Սարգսյանին եւ ընդունել կոալիցիա կազմելու նրա առաջարկը:
ՕԵԿ ծրագրերը ներառվեցին կոալիցիոն հուշագրում, դրանց մի մասն արդեն իրականացվել է, մյուս մասն իրականացման փուլում է: Իհարկե, մեր ծրագրերի մի մասի իրականացմանը խոչընդոտեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մի մասը կարողացանք իրականացնել: Օրինակ` փաստ է, որ այսօր արդեն մեր երկրում ծննդօգնությունն անվճար է, մինչդեռ տարիներ առաջ, երբ մենք սկսեցինք խոսել այդ մասին, մեզ մեղադրեցին պոպուլիզմի մեջ, վերադարձվում են խորհրդային խնայբանկերում ավանդադրված գումարները, այնինչ մարդկանց համար դա չիրականացող երազանքների շարքում էր:
Արդեն ներդրվել է կենսաթոշակի կուտակային համակարգը, եւ Հայաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ ապահով ծերություն են ապրելու, շարունակվում է Գյումրիում բնակարանաշինության ծրագրի իրականացումը, այսպես կարող եմ երկար թվարկել: Իհարկե, ակնկալիքները շատ են, կիսատ մնացած գործերը` նույնպես, բայց մենք վճռական ենք` մեր գործունեությամբ նպաստելու երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը, ժողովրդին հուզող հիմնահարցերի կարգավորմանը: Նոր ծրագրեր ու նախաձեռնություններ էլ ունենք, որոնք կիրականացնենք մեր համառ ու հետեւողական աշխատանքով:
2008 թ. նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի ժամանակ ՕԵԿ-ը խոսում էր ընդդիմադիրի դիրքերից: Երբ ընտրություններից հետո կոալիցիա կազմեցիք, քաղաքական գործիչները հայտարարեցին, որ դրանով կործանվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը, եւ այն այլեւս չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ կորցրեց իր ընտրազանգվածը: ՕԵԿ-ը առաջիկայում մասնակցելո՞ւ է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Եթե այո, ապա ո՞վ է լինելու նախագահի ձեր թեկնածուն:
ՕԵԿ-ը չի կործանվել, չի էլ կործանվի: 14 տարի գործելով քաղաքական դաշտում` մենք ապացուցել ենք բոլոր համապետական ընտրություններում, որ ունենք համախոհների եւ գաղափարակիցների կուռ բանակ: Իսկ կոալիցիաները ձեւավորվում են ընտրություններից հետո, դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Հարկ է նշել, սակայն, որ ընտրություններից հետո մեր կայացրած որոշումը, իսկապես, ոմանց համար անհասկանալի էր, գուցե մեծամասամբ այն պատճառով, որ հակառակ ճամբարից ՕԵԿ-ի հանդեպ հարձակումներն ավելի ուժեղացան, քանի որ չնպաստեցինք իրենց պլանների իրականացմանը: Ժամանակի ընթացքում, սակայն, մարդիկ սկսեցին սառը դատել եւ ծանրութեթեւ անել մեր կայացրած որոշումը, ու կշեռքի նժարը սկսեց թեքվել դեպի մեզ: Այսօր շատերն արդեն ընդունում են, որ ՕԵԿ-ը ճիշտ վարվեց, եւ կրկին մեր համակիրներն են, կրկին մեզ հետ են ապագայի հույսեր կապում: Դա է վկայում կուսակցությանն անդամագրվել ցանկացողների մեծ հոսքը, դա են վկայում մեր հանդիպումները ժողովրդի հետ:
ՕԵԿ-ն օր-օրի վերականգնում է իր բազմահազար ընտրազանգվածը, ավելի ու ավելի են ամրապնդվում կուսակցության տարածքային կառույցները, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք նույն ոգեւորությամբ ու նույնքան վստահ, որքան նախորդներին: Իհարկե, պետք է ընդունել նաեւ սեփական թերություններն ու սխալները: Մենք հիմնարար բարեփոխումներ ենք իրականացնում կուսակցությունում, ծավալել ենք կազմակերպական հզոր աշխատանք, եւ վստահ եմ` ՕԵԿ-ն ինչպես եղել, այսուհետ եւս մնալու է մեր երկրի ներքաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը:
Մենք ունենք ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունը, եւ առաջիկայում էլ նրանց ենք ներկայանալու մեր նոր ասելիքով, բովանդակալից ու իրատեսական ծրագրերով: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ առաջիկա նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը սեփական թեկնածուով չի մասնակցի, մենք կպաշտպանենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը` նրա առաջադրվելու դեպքում:
Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել գրավոր, եւ մենք հնարավորություն չենք ունեցել լրացուցիչ հարցեր ուղղելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել