HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Արա Խզմալյան. «Մենք շքեղության վրա շատ շեշտը չենք դնում»

Հոկտեմբերի 25-ից 31-ը Երեւանում անցկացվելու է Արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային բաց փառատոնը, որին մասնակցելու են ԱՊՀ եւ Բալթյան երկրների դրամատուրգներ, ռեժիսորներ եւ պրոդյուսերներ: Փառատոնը կազմակերպում է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: «Հետքը» զրուցել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանի հետ: Ո՞րն է փառատոնի խնդիրը: Մեր փառատոնը կոչվում է «Ներկայի վերականգնումը» հետեւյալ հիմնավորումով. այսօր արվեստի մեջ շատ մեծ տեղ են զբաղեցնում պաթոլոգիան եւ պաթոլոգիկ թեմաները, եւ թվում է, թե դրամատուրգիական արվեստն ընկալում է կյանքի միայն բացասական կողմերը: Սա մի կողմից հասկանալի է, որովհետեւ դրամատուրգիան եւ թատրոնը սնվում են տվյալ ժամանակի իրականությունից եւ միջավայրից: Եթե տվյալ ժամանակի եւ միջավայրը, եւ իրականությունը ունեն չլուծված խնդիրներ, չի կարող թատրոնը եւ դրամատուրգիան զտել այդ իրականությունը: Նա վերցնում է այն նյութը, ինչ որ իրեն տալիս է իրականությունը: Բայց մյուս կողմից արհեստականորեն անտեսվում են բոլոր այն դրական կողմերը, որ այսօր մեր շուրջը կա: Երբ խոսում ենք թատրոնից, գրական հիմքը` դրամատուրգիան իր հետ նկատի ունենք: Թվում է, թե ինչ-որ միտումնավոր կերպով անտեսվում է այն դրականը, որ մեր շուրջը կա: Խոսքն, իհարկե, բոլոր դրամատուրգիական երկերի մասին չէ: Թատրոններում հանդիսատեսի կտրուկ աճը, որ նկատելի է վերջին ժամանակներում, արդյո՞ք պայմանավորված է հաջողված դրամատուրգիական երկերով: Ես այն մտքին չեմ, որ հանդիսատեսի կտրուկ աճ կա: Ամենեւին այդ մտքին չեմ, որովհետեւ դասական գործերի բեմադրությունները կամ դասական ավանդական թատրոնը այսօր հանդիսատեսի շատ մեծ խնդիր ունի: Ովքե՞ր են բերում հանդիսատես. հիմնականում անտրեպրիզային ներկայացումները` Վարդան Պետրոսյան, Նարեկ Դուրյան, Միքայել Պողոսյան: Այսինքն` հասարակության հետ լեզու գտնող ներկայացումները: Եվ պետք չի ընկնել պսեվդոէսթետիկ տարերքի մեջ ու ասել` սրանք անորակ, անճաշակ ներկայացումներ են, դրա համար հանդիսատես են բերում: Այդ հանդիսատեսի մեջ կա եւ մտավորական, եւ դասախոս, եւ բժիշկ, եւ սրիկա, եւ ավազակ. երբեք չի լինում, որ հանդիսասրահը լինի միատարր, կազմված լինի միայն դեբիլներից կամ միայն խելամիտներից: Խառը նստած են մարդիկ: Եվ երբ այս ներկայացումները հանդիսատեսի հետ լեզու են գտնում, սա մտածելու առիթ է տալիս` ի՞նչն է խնդիրը: Որովհետեւ այդ ներկայացումները խոսում են հանդիսատեսին ծանոթ երեւույթների մասին: Իսկ ավանդական թատրոննե՞րը, ներկայացումնե՞րը: Այսօրվա հայ միջավայրը հետաքրքրված չէ դասական դրամատուրգիայով եւ չի կարող հետաքրքրված լինել: Մոլիերը եւ Ռասինն այսօրվա հայ հանդիսատեսին հետաքրքիր չեն: Ուզում եք` սա քննադատեք, ուզում եք` ընդունեք, բայց եթե թատրոնն ուզում է ապրել եւ ունենալ իր ֆունկցիան այս հանրության մեջ, չի կարող հիմնվել միայն այս խաղացանկի վրա: Այսինքն` դասական ու հանդիսատես չունեցող ներկայացումները չե՞ն վերանա: Լավ ներկայացումները, որոնք նույնիսկ կարող են ունենալ սակավաթիվ հանդիսատես, արձագանք են գտնում մեր հասարակության մեջ: Մի օրինակ բերեմ. վերջերս մի ներկայացում եղավ Տիկնիկային թատրոնում` Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»: Ներկայացվեց «Թատրոն X» հանրապետական փառատոնին, իսկ այդ փառատոնի շրջանակում քննարկումներ են տեղի ունենում, հանդիսատեսը, մասնագետները մնում են եւ հրապարակային քննարկումներ անում այդ ներկայացման շուրջ: Բոլորը միայն հիացական խոսքեր էին ասում, իհարկե` մասնակի դիտողություններով եւ այլն: Այդ ներկայացումն այսօր ապրում է, դրա մասին գիտի թատերական միջավայրը: Այդ ներկայացումը գնում է միջազգային փառատոնների, արժանանում է դիպլոմների եւ դրվատական խոսքերի: Բայց չի նշանակում, որ թատրոնը կարող է հիմնվել միայն այս բարձրաճաշակ եւ պրոֆեսիոնալ ներկայացումների վրա: Թատրոնը իր պատմության ընթացքում երբեք միայն այս տեսակ ներկայացումների վրա չի հիմնվել: Փառատոններն ի՞նչ են տալիս, թատերական միջավայրում ի՞նչ է կատարվում: Ինչ վերաբերում է տվյալ փառատոնին, սա առաջին փորձն է ծանոթանալու դրամատուրգիական արվեստին կենդանի շփման միջոցով. ինչ է գրվում նախկին սովետական երկրներում, ինչ դրամատուրգիական երկեր են ծնվում: Մեր միակ աղբյուրը այս դեպքում ինտերնետն է, որը շատ մոտավոր պատկերացում է տալիս դրամատուրգիական պրոցեսների մասին: Ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփմանը, երբ գալիս են այդ առաջնակարգ դրամատուրգները, ռեժիսորները, խոսում ենք, ընթերցում ենք, քննարկում ենք, եւ պատկերացումը առավել ամբողջական է դառնում, նախ` ինֆորմացիոն մեծ պակաս է լրացնում այս փառատոնը, հույս ունեմ, որ կլրացնի: Փաստորեն, սա ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլեւ թատրոնի բիզնեսի խնդի՞ր է լուծում: Թատրոնի բիզնեսի խնդիրը միայն այս դեպքում կարող է լինել հետագա բեմադրական ծրագրերը: Երբ տարբեր երկրներից ժամանած դրամատուրգները եւ ռեժիսորները իրար հետ շփվում են, ինչ-որ մի ռեժիսոր, ենթադրենք` հայ ռեժիսոր, հավանում է մոլդովացի դրամատուրգի գործը, մենք աջակցում ենք, եւ համատեղ ջանքերով բեմադրվում են այդ պիեսները: Ակնկալիք կա՞, որ նման բան կլինի, ի±նչ եք կանխատեսում: Եթե խոսեմ ենթադրություններով, ուրեմն նախ` իսկապես գալիս են իմ տպավորությամբ հետաքրքիր մարդիկ: Դրանք այն մարդիկ են, ովքեր յուրաքանչյուրն իր երկրում ինչ-որ մի բան որոշում է իր գոյությամբ: Մեկը մի փառատոնի ղեկավար է, մեկը մի երկրի դրամատուրգիական գիլդիայի նախագահն է: Այդ մարդկանց մենք գտել ենք յուրաքանչյուր երկրի Մշակույթի նախարարությունների միջոցով: Դիմել ենք մշակույթի նախարարությանը, տեղեկացրել ենք փառատոնի բովանդակության եւ նպատակների մասին, եւ նախարարությունը մեզ երաշխավորել է այս կամ այն մարդուն: Եվ երբ մենք ծանոթացանք այդ մարդկանց կենսագրությանը, գործունեությանը, հասկացանք, որ շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու: Դժվար չէ՞ր այդ մարդկանց բերել Հայաստան: Ես նկատեցի, որ Հայաստանի հանդեպ ընդհանրապես հետաքրքրություն կա, որովհետեւ գոնե այս կարգի միջոցառումների տեսակետից Հայաստանը ճանաչված չէ: Սա փայլուն առիթ է, որ մենք օգտագործենք եւ օտարերկրյա մեր հյուրերին ներկայացնենք այն եզակի արժեքները, որոնք մենք ունենք: Այսինքն` այսպես եմ պատկերացնում` ոչ միայն դրամատուրգիական ընթերցումներ կլինեն, այլեւ մշակութային, կրթական նախաձեռնություններ կկազմակերպվեն, այդ եկած մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը օգտագործենք` թատերական ինստիտուտի եւ սլավոնական համալսարանի ուսանողությանը ծանոթացնելով նրանց հետ. քննարկումներ, հանդիպումներ, զրույցներ, վարպետության դասեր, սեմինարներ, կլոր սեղաններ: Այսինքն` 7 օրվա մեջ կտեղավորենք այն ամենը, ինչ հնարավոր է: Որովհետեւ սա այն փառատոնն է, որի բնույթից ելնելով` շեշտը չի դրվում դրա արտաքին տպավորության վրա, որովհետեւ դրամատուրգիական փառատոնը չի կարող ունենալ այն մասսայականությունը, ինչ որ ունեն բեմադրական փառատոնները: Սա մասնագետների, թատրոնի մարդկանց փառատոն է: Եվ սա ինձ դուր է գալիս, որ մենք շքեղության վրա շատ շեշտը չենք դնում: Բայց, իհարկե, շքեղությունն էլ իր հերթին կլինի. այն, ինչ կապված է փառատոնը ներկայացնելու ատրիբուտների հետ, ամեն ինչ արվելու է: Ե՞րբ է ծնվել փառատոնի միտքը: Անցյալ տարի, երբ նախարարության պատվիրակության մեջ ընդգրկվելով ես գնացի Մոլդովա` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության 4-րդ ֆորումին մասնակցելու, ես առաջարկեցի հենց այս բանը` ասելով, որ ստեղծագործողները ինչ-որ չափով շփվում են իրար հետ, իսկ ինչ վերաբերում է դրամատուրգիային, բացարձակապես բաց տարածություն է: Եվ սա, իսկապես, առաջին նախաձեռնությունն է: Ավելին, այս ճանապարհով մենք ձեւավորում ենք դրամատուրգիական երկերի թարգմանական որոշակի մշակույթ: Ո՞վ է մասնակցում Հայաստանից: Հայաստանից գործ է ներկայացրել Կարինե Խոդիկյանը: Հանձնաժողով ստեղծվեց, որը քննեց բոլոր ներկայացրած հայտերը եւ 10-ից ավելի հայտերից ընտրեց հենց Կարինե Խոդիկյանի գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter