HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Տիգրանը ծովից ծով հայերին ուրախություն պարգեւեց»,- ասում է չեմպիոնի մայրը

Երբ հայտնի ծանրորդ Յուրիկ Վարդանյանը դառնում է չեմպիոն, լենինականցիներին հարց են տալիս, թե ինչի հենց Յուրիկը: «Հըբը էլ ո՞վ,- զարմանում են սրամիտ լենինականցիները,- Յուրիկին էինք ղրկել, ինքն էլ բդի դառնար: Մե ուրիշիմ ղրկեինք, էդ ուրիշը բդի չեմպիոն դառնար»:

Գրեթե անեկդոտի վերածված այս պատմությունը գյումրեցիք կրկին հիշեցին, երբ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն 77 կգ քաշային կարգում: Գյումրեցի ծանրորդը դեռ 19 տարեկանում` 2007-ին, Ստրասբուրգում 69 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն` զիջելով ֆրանսիացի Դաբայային: 2008-ին իտալական Լինյանոյում Տիգրանը գերազանցեց բոլորին` դառնալով Եվրոպայի չեմպիոն ու ճանաչվելով այդ առաջնության լավագույն ծանրորդ: Նույն տարում Պեկինի օլիմպիական խաղերում Տիգրանը բրոնզե մեդալ նվաճեց: 2009-ին Կորեայում արդեն 77 կգ քաշային կարգում նա դարձավ աշխարհի փոխչեմպիոն` զիջելով Լուին, իսկ այս տարի Մինսկի Եվրոպայի առաջնությունում դարձյալ լավագույնը ճանաչվեց: 2010 թ. սեպտեմբերի 23-ին Եվրոպայի չեմպիոնը դարձավ նաեւ առաջինը աշխարհում:

Տիգրանի մայրը` Սեդա Յախանեջյանը, անգիր գիտի, թե տղան որ թվականին եւ որտեղ ինչպիսի բարձունքներ է գրավել: «Միայն դա չէ,- ծիծաղում է տիկին Սեդան,- ես Տիգրանիս ստվերն եմ, իր օգնականը: Ախր իմ տղան անգամ իր ձեռքով ջուր չի խմում, չգիտի` որ հագուստը ուր է դրած: Ես անընդհատ հետեւում եմ նրա սննդին, հանգստին, որ հանկարծ ռեժիմը չխախտվի, որ, ասենք, մեծ եղբոր երեխաների ձայնն իրեն չխանգարի, ինքը քնի: Ամեն րոպե ես ուշադիր եմ, էնպես չլինի, որ մի բան պակաս լինի, ինչ-որ բանի կարիք ունենա Տիգրանը»: Սեդայի երեք արու զավակներից Տիգրանը երկրորդն է: Ամուսինը ծանրամարտիկ էր եւ երեխաների մեջ փոքր հասակից էր սերմանել սերը սպորտի հանդեպ, թեպետ այնքան էլ հակված չէր, որ տղաները զբաղվեն հենց ծանրամարտով: «Բայց դեր խաղացին գեները եւ հոր պատմությունները հայտնի մարզիկների մասին»,- ասում է տիկին Սեդան:

Մեծ տղան` Հայկը, ծանրամարտում հասավ մինչեւ սպորտի վարպետի թեկնածության ու ընտանիքում ծագած խնդիրների պատճառով (45 տարեկանում մահացավ հայրը` ճանաչված ծանրամարտիկ Գեւորգ Մարտիրոսյանը - հեղ.) թողեց մեծ սպորտը: Տիգրանը պարապել սկսեց 11 տարեկանից: 13 տարեկանում արդեն Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողն էր: «Բոլորն էլ ասում էին, որ Տիգրանը սպորտսմենի տաղանդ ունի ու շատ բաների կարող է հասնել»,-հիշում է մայրը: Ծնողները Տիգրանին աստվածատուր էին համարում: Մայրը մինչ օրս էլ համոզված է, որ որդին աշխարհ է եկել իր ազգին ուրախություն պարգեւելու համար: «Ես աղջիկ երեխա եմ կորցրել, երբ 9 տարեկան էր: Մեկ տարի անց` 1988 թ. հունիսի 9-ին, ժամը 8:20 ծնվեց Տիգրանս, նույն օրը, նույն ժամին, ինչ իր մահացած քույրը,-պատմում է տիկին Սեդան,- ես էլ, ամուսինս էլ հասկանում էինք, որ պատահականություններ չեն լինում, ու վստահ էինք, որ երեխան հաջողություն է բերելու ոչ միայն մեր ընտանիքին: Անունն էլ ընտրեցինք Տիգրան Մեծ թագավորի անունը, որ մեզ ծովից ծով Հայաստան էր պարգեւել իր ժամանակին: Ամուսնուս նախնիները Ղարսից են, իմ նախնիները` Սեբաստիայից: Իմ երեխաներն էլ դաստիարակվել են հայրենասիրական ոգով: Երբ Թուրքիայում հնչեց հայկական հիմնը ու բարձրացավ դրոշը, իմ Տիգրանն էլ ծովից ծով հայերին ուրախություն պարգեւեց, ուրախություն, որ միայն երեւի մեզ է հասկանալի»: Զարմանալին` կապված Տիգրանի ծննդյան հետ, պարզվում է միայն օր ու ժամի համընկնումը չէր: Առաջնեկների` տղայի ու աղջկա անունով հայրը երկու խնձորենի էր տնկել բակում: Աղջկա մահից հետո նրա խնձորենին չորանում է: Մեկ տարվա ընթացքում մոռացության, թե ժամանակի սղության պատճառով ծառը չեն կտրում: Եվ ահա, երբ ծնվում է Տիգրանը, չորացած խնձորենին մեկամյա ընդմիջումից հետո կրկին ծաղկում է: «Որ տարին որ խնձորենին առատ բերք է տալիս, ուրեմն էդ տարի սպորտային հաջողություն է սպասվում տղայիս,- միայն իրենց ընտանիքում ընդունված գուշակության գաղտնիքն է բացում Տիգրանի մայրը,- այս տարի տերեւից շատ խնձոր կար ծառի վրա, ու արդյունքն էլ սպորտում չուշացավ»: Կեսկատակ-կեսլուրջ` տիկին Սեդան փոխանցում է նաեւ իր մտահոգությունը Տիգրանի ապագա կնոջ վերաբերյալ: «Չափված-ձեւված աղջիկ է ուզում, որ պահվածք ունենա, խոսվածք ունենա, հագնվածքը, կրթությունը, ամեն ինչ իրան հարմար լինի ու հասկանա իրան, ոգեշնչի կամ, ասենք, դժվար պահերին եսասիրաբար չվարվի,- մտահոգվում է Սեդան,-իմ ամուսինն էլ էր սպորտսմեն ու էն ժամանակվանից հասկացել էի, որ հանուն սպորտի պիտի զիջես, շատ բաներ զոհաբերես, որ նա էլ առաջ գնա, հաջողությունների հասնի: Ես մանկավարժի կրթություն ունեմ, բայց ինձ նվիրեցի ամուսնուս կարիերային, հիմա էլ` որդուս: Դե եթե Տիգրանի կինը դա չկարողանա անել, ես կամ ու կամ: Ամեն դեպքում, հիմա տղայիս սիրտը զբաղված է: Տեսնենք` ինչ կլինի: Պարոն Ծառուկյանը խոստացել է, որ ինքն է պսակելու Տիգրանիս»: Տիգրանն իր ընտրյալից կամ ապագա ամուսնությունից չի խոսում: Ապագա անելիքներին եւս չենք անդրադառնում: Պիտի պատրաստվի օլիմպիադային: Սրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է: «Ի՞նչ ես զգում սովորաբար ծանրաձողին մոտենալիս կամ ինչի՞ մասին ես մտածում»,-հարցնում եմ աշխարհի չեմպիոն ծանրամարտիկին: «Սպորտսմենը պիտի միայն հաղթանակի մասին մտածի: Դե իսկ էդ պահին, որ հարթակ եմ դուրս գալիս, կարող եմ ասել, որ ոչնչի մասին էլ չեմ մտածում, ոչ մի բան այլեւս ոչ լսում եմ, ոչ տեսնում: Մենակ ես եմ ու ձողը, որ պիտի բարձրացնեմ,- Տիգրանը ժպտում է իր գրավիչ ժպիտով,- ես իմ այս հաղթանակը նվիրել եմ իմ սիրելի մարզչի հիշատակին, որ ափսոս չտեսավ թե իմ հաղթանակը, թե Թուրքիայում բարձրացված հայկական դրոշը»: Հիշելով սիրելի մարզչին` Աշոտ Մխիթարյանին, ով 4 ամիս առաջ էր հեռացել կյանքից, Տիգրանը մի պահ տխրում է: 11 տարի նրա սանն է եղել: Աշոտ Մխիթարյանը մշտապես հավատացել ու վստահել է Տիգրանին, երազել, որ մի օր էլ ոսկի կբերեն աշխարհի առաջնությունից ու օլիմպիական խաղերից: «Ես միշտ էլ մտածել եմ, որ ցանկացած հաղթանակ միայն իմը չէ: Էդ հաղթանակը իմ մարզչինն է, իմ ընկերներինը, իմ հարազատներինը, հայությանն է,- պարզաբանում է Տիգրանը,- իմ հաղթանակներին անվերապահ, մշտապես հավատացել են մայրս ու մարզիչս: Սա առաջին առաջնությունն էր առանց իմ սիրելի մարզչի: Պիտի խոստովանեմ, որ շատ դժվար էր»: «Հայավարի նավսել լինու՞մ է մրցումների ժամանակ»,- հարցս զվարճացնում է Տիգրանին: «Դե ոնց ասեմ, հիմի կասեք` մարդու չուզողություն: Եթե ես 205 կգ բարձրացնեի, իմ մրցակիցն ընդհանրապես շանս չէր ունենա, բայց որ չստացվեց, անհամաբեր սպասում էի, թե ինչպես է ավարտվելու չին մարզիկի մոտեցումը: Իհարկե, չի կարելի ուրիշի դժբախտության վրա ուրախանալ, բայց էս դեպքում էն տեղն էր, որ անպայման ուզում ես, որ մրցակիցդ չբարձրացնի պատվիրած կիլոգրամները,- Տիգրանը ծիծաղում է ու շարունակում,- դե իմ բախտից հաղթանակը մեզ բաժին հասավ: Սպորտում նման բաներ լինում են: Բայց դրա վրա որեւէ մեկը հույս չի դնում բնականաբար: Պետք է անընդհատ աշխատել»: Առաջնությունում Տիգրանին տխրեցրել էին ընկերների անհաջողությունները: Հատկապես ծանր էր տարել այն պահը, երբ տեսել էր ցավից գալարվող Արային: «Մտածեցինք, որ վերջ, սա վերջն է, ու այլեւս Արան չի կարողանալու շարունակել հանդես գալ այս սպորտաձեւում: Հետո, փառք Աստծո, բժիշկները վստահեցրին, որ հոդախախտ է եղել, մկանային վնասվածք է, ու մի քանի ամսից նա էլի մեր շարքերում կլինի»,-պատմում է Տիգրանը: Հիշեցնում եմ Յուրի Վարդանյանի հետ կապված պատմությունը` վերածված անեկդոտի ու նկատում, որ այս անգամ գյումրեցիները 5 ծանրամարտիկ էին ուղարկել, բայց էլի մեկը դարձավ չեմպիոն: Տիգրանի ժպիտը կրկին տարածվում է դեմքով մեկ. «Պիտի աշխատենք, որ այդ ստերեոտիպը կոտրենք, այսինքն` գա մի պահ, որ գյումրեցիք ասեն. «Տեսաք, ինչքանին ղրկել էինք, ըդքանն էլ չեմպիոն դարձան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter