HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դրամփյանների հետնորդները պահանջում են իրենց ժառանգություն-շինությունները

1936 թ. Հասմիկ Դրամփյանի եւ Ֆեոդոր Կուզինայի ընտանիքում ծնված Իրինա Աբաջյանն արդեն 16 տարի է` վիճարկում է պապի` Լեւոն Դրամփյանի սեփականությունը հանդիսացած շինությունների պատկանելության հարցը: Տկն Իրինան վստահեցնում է, որ 1994 թ. վիճելի տների` նախկին ժողդատարանի եւ երաժշտական դպրոցի վերաբերյալ դատական գործերով կատարվել են բազմաթիվ կեղծիքներ.

«Ես այդպես էլ չհասկացա, թե ում էր պետք, որպեսզի ժամանակին մեր օգտին կայացրած վճիռը բեկանել տար»: 2007 թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Դրամփյան քույրերի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչում է անվավեր եւ Իրինա Աբաջյանի ընտանիքին Աբովյան 262 հասցեից վտարման վճիռ կայացնում: Իրինա Աբաջյանը դիմում է ՀՀ դատական դեպարտամենտի արխիվ` խնդրելով տրամադրել Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանի 1994 թ. մարտի 11-ի բողոքի հետ կապված բոլոր հիմքերը: Հիշեցնենք, որ այդ բողոքի հիման վրա քաղաքացիական գործերով դատական կոլեգիան Ախուրյանի ժողդատարանի 03.09.1993 թ. վճիռը, որով նշված տները հանձնվում էին հայցվորներին, բեկանել է եւ գործը քննության համար հանձնել Արթիկի ժողդատարան: Վերջինս էլ 1996 թ. դեկտեմբերի 6-ին կայացրել է վճիռ, որով Լիանա եւ Հասմիկ Դրամփյանների հայցը մերժվել է: 29.01.2008 թ. արխիվից ստացված պատասխանից պարզվում է, որ 1994 թ. կարգագրերում Գերագույն դատարանի նախագահի բողոքի վերաբերյալ Դրամփյանների գործով տեղեկությունները բացակայում են:

«Ըստ էության, կեղծ բողոքի հիման վրա դատական կոլեգիան կեղծ որոշում է կայացրել,- բացատրում է տկն Իրինան,- դատական կոլեգիան որոշում է կայացրել 1994 թ. մարտի 3-ին, այն դեպքում, երբ Տարիել Բարսեղյանը բողոք է բերել 8 օր անց` մարտի 11-ին»: Հակասությունը պարզելու նպատակով Իրինա Աբաջյանը փորձում է գտնել Շիրակի շրջանի ժողդատարանի վարույթում քննված 1996 թ. թիվ 2-120 գործը, սակայն պարզվում է, որ այն արխիվներում մշտական պահվելու փոխարեն, համաձայն 28.03.2008 թ. տեղեկանքի, պատահաբար ոչնչացվել է: Իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել Տարիել Բարսեղյանի համար` բողոք ներկայացնելու սույն գործի վերաբերյալ:

Մեջբերենք մի հատված այդ բողոքից. «...Սույն քաղաքացիական իրավահարաբերությունները ծագել են մինչեւ 1965 թ. հունվարի 1-ը, հետեւաբար ՀՀ Քաղ. օր. 153 հոդվածը, Քաղ. դատ. օր. 78 հոդվածը, ինչպես նաեւ «Սեփականության մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածը սույն վեճը լուծելու համար կիրառելի չեն»: Այնուհետեւ պրն Բարսեղյանը կասկած է հայտնել, որ Հասմիկ եւ Լիաննա Դրամփյանները չեն համարվում ժառանգներ: Բացի այդ, ըստ Տարիել Բարսեղյանի, գործի նյութերից հստակ չի երեւացել, թե նշված տները Դրամփյան եղբայրներից ում է պատկանել:

Եվս մեկ հատված Տարիել Բարսեղյանի բողոքից. «...Հայցվորների հոր պապի եղբոր նկատմամբ Հասմիկ եւ Լիաննա Դրամփյանները ՀՀ Քաղ.օր. 418հ. /ՀՀ Քաղ. օր. 1923 թ./ համապատասխան ժառանգներ չեն հանդիսանում: Գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է պարզել` հնարավո՞ր է ազգայնացված եւ պետության սեփականությունը դարձած տները վերադարձնել հայցվորներին այն դեպքում, երբ ազգայնացված տները նախկին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնելու մասին չկա Կառավարության որոշում»:

Ահա այս հիմքերով էլ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանը որոշում է բողոքարկել Ախուրյանի ժողդատարանի վճիռը: «Մեզ մերժել են` պատճառ բերելով, թե ազգայնացված տները ժառանգներին վերադարձնելու մասին Կառավարության համապատասխան որոշում չկա,- Իրինայի դուստր Աստղիկը խունացած մի թերթ է բերում,- բայց նույն տարում Աշտարակում երկու շենք վերադարձրել են նախկին տերերին»:

Տկն Իրինան ցույց է տալիս դատական մի գործի վճիռ, որը նախադեպ է համարում իրենց հայցի համար: Գյումրեցի Սերյոժա Գուրգենի Մուրադյանի հայցն է ընդդեմ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացիայի արտադրական գլխավոր վարչության Գյումրի արեւմտյան էլեկտրական ցանցի տնօրինության` ապօրինի տիրապետությունից ժառանգական տունը հետ պահանջելու մասին: Գործը քննվել է 1993 թ. հունիսի 4-ին Շիրակի շրջանի ժողդատարանում: Դատարանը ապացուցված է համարել Մյասնիկյան 22 հասցեում գտնվող տան պատկանելությունը հայցվորին, հաստատել, որ այն ապօրինի է անցել Արեւմտյան էլցանցի տիրապետության տակ եւ վճռել 115 քմ ընդհանուր մակերեսով բնակտարածքը վերադարձնել Մուրադյանների ժառանգին` Սերյոժա Մուրադյանին: Աստղիկի պնդմամբ` 2007 թ., երբ Գյումրիի քաղաքապետարանը վիճարկում էր շենքերի պատկանելության խնդիրն ու իրենց այնտեղից վտարման պահանջ դնում, դատարան է ներկայացրել կեղծ հատակագիծ:

«Իմ կարծիքով, քաղաքապետարանը ֆիզիկական անձ չէ, նա ո՞նց կունենա սեփականաշնորհման վկայական եւ հատակագիծ,- ասում է Աստղիկը,- եւ հետո, 2006 թ. «Շրջապատ» շաբաթաթերթի սեպտեմբերի 12-ի թիվ 36 համարում արդեն իսկ իրենք աճուրդի հայտարարություն էին տվել: Իսկ իրենց իրավաբանը ժխտեց այդ փաստը, ասաց` մենք աճուրդ չենք հայտարարել»: Աստղիկը եղել է քաղաքապետի մոտ եւ զգուշացրել, որ գործն ուղարկում են Եվրադատարան: «Ասի` չմտածեք, թե ես պարտված եմ դուրս գալիս էս գործից: Ղուկասյանն ինձ ասաց` գնացեք պայքարեք: Ես էլ ասի, որ պայքարելու եմ մինչեւ վերջ, որ ոչ մեկը իրավասու չէ իմ եղածը, իմ երեխեքի եղածը իմ երեխեքի ձեռքից խլի,- պատմում է Աստղիկը,- Քալաշյանն ինձ ամեն կերպ հետ էր պահում, որ ես քաղաքապետին չասեմ, որ գործն ուղարկվել է Եվրադատարան: Ասում էր` «վա~յ, հանկարծ Ղուկասյանը չիմանա, հանկարծ Վարդան Նիկալայիչը չիմանա», հետն էլ համոզում էր, թե` 2000 դոլար փող է տալիս, վերցրու, կգնանք Ֆելոյի մոտ` ռեստորան, ինձ պատիվ կտաս: Դե ինքներդ ասացիք, թե որքան են վաճառել, որքան է եղել կադաստրային արժեքը, 53 մլն դրամ, չէ՞: Էլ ինչու՞ պիտի մեզ վերադարձներ: Ինքը փող ուտել գիտի, մենք չգիտենք, ինքը կարող էր վաճառել, մենք չէինք կարող վաճառել: Սա է խնդիրը, կարծում եմ: Չնայած էնքան էլ վստահ չեմ, որ հենց ձեր նշած մարդիկ են գնել: Դեռ էն ժամանակներից Ղուկասյանը աչք ուներ էդ շենքի վրա»,-ասում է Աստղիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter