HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորից` «Orange»-ի մասին

«Օրանժ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` Orange) պատասխանել է «Հետքի» նախորդ համարներից մեկում տպագրված ««Orange»-ի հաջողություններն ու բաժանորդների դժբախտությունը» հոդվածին: Մենք անդրադարձել էինք «Orange»-ի մատուցած ինտերնետի որակին, որից դժգոհել են խմբագրություն դիմած բաժանորդները:

Գրել էինք, որ տարբեր հեռուստաալիքներով պտտվող «Orange»-ի գովազդային հոլովակները իսկապես մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, քանի որ ազդարարվում է գերարագ ինտերնետի մասին, իսկ «գերարագ» արտահայտությունն ինքնին գրավիչ է: Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող այն բաժանորդները, ովքեր «Ինտերնետ Հիմա 7.2 3G+» մոդեմը ձեռք են բերում մեկ տարի ժամանակով, մոդեմը ստանում են 1 դրամով: Իսկ առանց մեկ տարվա պայմանագրի մոդեմի արժեքը 24 000 դրամ է (սկզբում 35 000 դրամ էր): Մեկ տարվա պայմանագիր կնքած բաժանորդներին «Orange»-ը տալիս է 15-օրյա ժամկետ մոդեմը վերադարձնելու եւ պայմանագիրը լուծելու համար: Սակայն, եթե այդ 15 օրվա ընթացքում քաղաքացին սպառել է 100Մբ ինտերնետ, ապա նրան չի վերադարձվում նաեւ սակագնի համար միանվագ վճարած գումարը (6000-20.000 դրամ): Իսկ եթե 15 օրը լրանալուց հետո բաժանորդին չի գոհացնում կապի որակը, ապա պայմանագիրը լուծելու համար ստիպված է ընկերությանը վճարել տույժ` 35 000 դրամի չափով, եւ 1000 դրամ տուգանք: Այս հանգամանքը հաշվի առնելով` շատ բաժանորդներ ստիպված համակերպվում են ընկերության առաջարկած պայմաններին, քանի որ ծառայություններից հրաժարվելը կնշանակի զրկվել 36 000 դրամից: Որպես «Orange»-ի բաժանորդ` նյութում բերել էի նաեւ իմ օրինակը, որ դժգոհ եմ մատուցված ինտերնետ ծառայության որակից: Ընկերությունը ցավով է արձագանքել իմ «մասնավոր-ընդհանրական» մոտեցմանը եւ մեկնաբանություններս որակել հեգնական: Հաստատել են, որ իրենց բաժանորդն եմ եւ նշել են, որ ինտերնետի օգտագործման ընթացքում սպառել եմ ոչ պակաս ծավալ, քան միջինում սպառում են այլ օգտագործողները: Այն, որ ընկերությունը փոխհատուցման որեւէ մեխանիզմ ունի, խիստ կասկածելի է, քանի որ մեզ դիմած որեւէ բաժանորդ, ով դժգոհ է եղել «Orange»-ի ինտերնետի որակից, փոխհատուցում չի ստացել: Բացի այդ, ինչպես «Orange»-ի պաշտոնական կայքէջում, այնպես էլ բաժանորդների հետ կնքված պայմանագրերում փոխհատուցման մասին որեւէ տող չկա: Ընկերությունն իր «գերարագ» կապը դիտարկում է օգտագործողի սպառած ինտերնետի ծավալով: Եթե «Orange»-ին իրոք հետաքրքրում է բաժանորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելը, ապա սեպտեմբերի 4-ից սկսած` ուղիղ մեկ շաբաթ բողոքել եմ ընկերության օպերատորներին եւ հայտնել դժգոհությունս: Իհարկե, օպերատորներն ամեն ջանք գործադրում էին` համոզելու, որ «մեղավորն» իմ համակարգիչն է ու վիրուսները, սակայն հակառակն ապացուցելու համար նրանց խնդրել եմ գալ եւ տեղում համոզվել, բայց այդպես էլ որեւէ մասնագետ դրանով չզբաղվեց: Միայն վերջում ասացին, որ կայանը հզորացնելու խնդիր ունեն: Բացի դա, պետք չէ հեռուն գնալ, «Orange»-ն առանց բարդությունների կարող է լսել այն ձայնագրությունները, թե նշված ժամանակահատվածում քանի անգամ եմ զանգահարել իրենց օպերատորներին եւ ինչ դժգոհություն եմ հայտնել: Ինչ վերաբերում է օգտագործված ինտերնետի ծավալներին, ապա ո՞վ է ասել, որ քաղաքացին պետք է սահմանափակվի որոշակի ծավալով, որպեսզի ընկերության վիճակագրության սահմաններից դուրս չգա: Այստեղ խնդիրն այն է, թե, ասենք, 46 Մբ ծավալով տեղեկատվությունը ինտերնետից ներբեռնելու համար գերարագ ինտենետի դեպքում որքան ժամանակ է պետք: Պարզ է, որ ընկերությանը նման հաշվարկները ձեռնտու չեն, քանի որ անձամբ եմ բողոքել, որ այդ ծավալի ինֆորմացիան ներբեռնելու համար ինձանից պահանջվել է 1-1.5 ժամ, մինչդեռ այն րոպեների խնդիր պետք է լիներ: Իհարկե, բաժանորդը անտեղի մեծ ծավալով տրաֆիկ կսպառի, եթե 46 Մբ ինֆորմացիան ներբեռնելու տասնյակ անհաջող փորձերից հետո այն ներբեռնի 1 ժամում: Բաժանորդների սպառած ինտերնետի ծավալը հաշվելուն զուգահեռ լավ կլինի, որ ընկերությունը հաշվի նաեւ իր կողմից օգտագործողի առողջությանը հասցված վնասը: Ընկերությունից դժգոհողները շատ են: Ստորեւ ներկայացնում ենք մի շարք այլ բաժանորդների կարծիքներ, ովքեր իրենց խաբված են զգում: Սաթենիկ Ֆարամազյանը հուլիսի կեսերից մինչ օրս բողոքում է ինտերնետի որակից, սակայն ընկերության սպասարկման սրահներում բաժանորդին ասել են, որ իրենց կապը լավ է, եւ միայն ինքն է բողոքում: Հետո էլ մի քանի ամիս շարունակ բաժանորդին հուսադրում են, թե կայանի հզորացման աշխատանքներ են կատարվում, եւ կապի որակը շուտով կբարելավվի, սակայն «շուտովն» արդեն մի քանի ամիս է ձգվում: «Բայց ինչու՞ են այդ ամենն անում հենց իմ հաշվին»,- հարցնում է Ս. Ֆարամազյանը: Նա չի թաքցնում, որ հունիսին լավ որակի կապ է ունեցել, սակայն 3-4 ամիս է` գերարագ ինտերնետ չի տեսել: Բաժանորդը դժգոհում է նաեւ, որ սպասարկման հեռախոսահամարը «Orange»-ի բջջային բաժանորդների համար նախատեսված կարճ համարն է` 555 եւ մեկ այլ բջջային համար: Սովորաբար օպերատորներին միանալու եւ խնդիրը ներկայացնելու համար պահանջվում է մոտ 4-5 րոպե, իսկ ընկերության բջջային կապի բաժանորդ չհանդիսացողների համար այլ օպերատորի բջջային հեռախոսահամարին զանգելը բավականին թանկ արժե: Մեկ այլ բաժանորդ` Արամ Թովմասյանն էլ «Orange»-ի ինտերնետից դժգոհում է հատկապես երեկոյան ժամերին: «Իրենց առաջին բաժանորդներից եմ, հենց սկզբից էլ որակը վատ էր, օրերով կապը չէր լինում, հետո դժգոհեցի, մի քիչ կարգավորվեց: Հիմա ես Դավթաշենից եմ օգտվում, էլի կապը վատ է»,- ասում է Արամը: Նա էլեկտրոնային փոստով նամակ է գրել ընկերությանը, իսկ երբ զանգահարել է, պատասխանել են, թե համակարգչում վիրուս կա, դրանից էլ կապը վատ է: «Բայց ես գիտեմ, որ իմ համակարգչից չի: Օրվա տարբեր ժամերի եմ օգտվում ու ես տարբերությունը զգում եմ, օրինակ` առավոտյան 5 մեգաբիթ է լինում, իսկ երեկոյան` 0.05 մեգաբիթ, տարբերությունը զգալի է»,- ավելացնում է «Orange»-ի բաժանորդը: Ա. Թովմասյանը զգացել է, որ ինտերնետ կապի որակը կտրուկ վատանում է, երբ ընկերությունը նոր ակցիաներ է անում: Նույնը զգացել է նաեւ Հարություն Կբեյանը: Նա բնակվում է Մոնումենտի տարածքում, ընկերությունից ասել են, որ այդ տարածքում 3-4 կայան ունեն, եւ կապի խնդիր չկա, մինչդեռ բաժանորդը փաստում է, որ ինքը գերարագ ինտերնետ չի ստանում: Հ. Կբեյանի մեկ տարվա պայմանագիրը լրանալու է նոյեմբերին, եւ նա օրերն է հաշվում, թե երբ է հրաժարվելու «Orange»-ի ինտերնետից: Ինտերնետ կապը չի գոհացնում նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանին: «Ես միշտ դժգոհել եմ, առաջին մեկ ամիսն է շատ լավ եղել, դրանից հետո բացարձակ վատ է եղել: Արարատում էլ եմ օգտվել, Երեւանում էլ, ոչ մի տարբերություն չկա: Իրենց ասած գերարագ ինտերնետը իրականում գերարագ չի, շատ թույլ է: Օգոստոս ամսին ինձ ասեցին, որ մինչեւ ամսվա վերջ կապը կբարելավվի, քանի որ հզորացման աշխատանքներ են գնում, բայց ամբողջ սեպտեմբեր ամիսը չեմ կարողացել նորմալ օգտվել»,- դժգոհում է Հ. Հովհաննիսյանը: Նա ցանկանում է, որ «Orange»-ն իրեն փոխհատուցի` գերարագի փոխարեն ցածր արագությամբ ինտերնետ մատուցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter