HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարար պատգամավորները ԱԺ ճաշարան չեն գնում

Ազգային ժողովի ճաշարանում 2 ՀԴՄ է դրված, սակայն պատգամավորներից ոչ մեկը կտրոն չի վերցնում: Ճաշարանի տնօրեն Տիգրան Ռստակյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավորի համար կտրոն տպվում է, պարզապես նրանք չեն վերցնում, եւ կտրոնը մնում է սեղաններին: ԱԺ-ի ճաշարանը պատգամավորների սիրած վայրերից է, որտեղ ակտիվ քննարկումներ են անում եւ անկեղծանում ճաշի սեղանի շուրջ: Այս օրերին այն գրեթե դատարկ է, քանի որ նիստեր չկան, իսկ նախորդ նիստերը տեղի են ունեցել Կառավարության նիստերի դահլիճում, եւ պատգամավորները ճաշելու համար ԱԺ չեն եկել: Աշխատողները կազմ ու պատրաստ սպասում են. նրանց ասել են, որ հոկտեմբերի 4-7-ի նիստերը հենց Բաղրամյանի 19-ում են լինելու: Սովորաբար, ճաշարանը բազմամարդ է լինում ժամը 11-14-ը, դրանից հետո շատ քիչ մարդ է այնտեղ լինում: ԱԺ ճաշարանը նախատեսված է 130 մարդու համար: Այստեղ ընդմիջման գալիս են ոչ միայն պատգամավորները, այլեւ ԱԺ աշխատակազմն ու նրանց աշխատանքը լուսաբանող լրագրողները: Տարածքը բավականին ընդարձակ է, ավելորդ ճոխություններ չկան, իսկ պատերին կախված են մի քանի նկարներ, որոնք թանկարժեք գործեր չեն: Ինչպես հավաստիացնում է Տ. Ռստակյանը, ճաշարանում պատգամավորները հավասար հարթության վրա են մնացածների հետ, եւ նրանց համար հատուկ ճաշատեսակներ չեն պատրաստվում: Իսկ ճաշացանկը բավականին հարուստ է: Խոհանոցը միայն հայկական է, ամեն օր պատրաստվում է 15-20 տեսակի ճաշատեսակ, այդ թվում` 4-5 տեսակի աղցաններ: Տոլմա, լանգետ, տավարի եւ հավի կոտլետներ, հավի ճուտ. ահա այս ճաշատեսակներն են հատկապես նախընտրում պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը: Ճաշարանում ինքնասպասարկում է, եւ յուրաքանչյուրն ինքն է վերցնում նախընտրած ուտեստը: «Մենք շատակեր պատգամավորներ չունենք: Չի եղել մեկը, որ պահանջներ ներկայացնի: Համենայնդեպս, պագամավորներն այդպես են մեզ մոտ սովորել»,- ասում է Տիգրան Ռստակյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ճաշարանից օգտվում է գրեթե ամեն օր: Նա գոհ է սպասարկումից եւ գներից, սակայն նշում է, որ տեսականին շատ սահմանափակ է: Պատգամավորը նախընտրած ուտեստ չունի եւ առաջնորդվում է ուտելիքի արտաքին տեսքով, սակայն նախընտրում է ապուրները: Ա. Բախշյանը նշեց, որ ճաշարանում իրեն երբեք ՀԴՄ կտրոն չեն տվել. «Ճիշտն ասած` ես էլ եմ մեղավոր` չեմ պահանջել, բայց աչքովս էլ չի ընկել, եթե տեսնեի, կպահանջեի»,- ավելացնում է պատգամավորը: Անահիտ Բախշյանի սկզբունքներին դեմ է թեյավճար թողնելը. «Ոչ մի լումա թեյավճար չեմ թողնում, որովհետեւ չեմ սիրում այդ երեւույթը: Ինչու՞ պիտի ավել թողնեմ, ասում են` գինն այսքան է, ես էլ կոպեկ-կոպեկ տալիս եմ»: ԱԺ ճաշարանից շատ քիչ է օգտվում Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա համար էլ սկզբունք է տանը ճաշելը: «Ես մի ժամ ընդմիջում ունեմ, իսկ Ազգային ժողովից մինչեւ մեր տուն 5 րոպեի ճանապարհ է, գնում եմ տուն, ճաշում գալիս եմ»: Նրա ասելով` ընդամենը մի քանի անգամ է եղել ճաշարանում եւ «ձեւի համար» աղցաններ է համտեսել: Նա նույնպես ՀԴՄ կտրոն չի պահանջել, բայց ճաշարանի աշխատակիցները տվել են: Նշենք, որ ոչ բոլոր պատգամավորներն են ճաշարանում ընդմիջման գնում: Քանի որ այստեղ չկան «VIP սենյակներ», ուստի գործարար պատգամավորները (եթե, իհարկե, նիստերին գալիս են) գերադասում են ճաշել ԱԺ-ի տարածքից դուրս: Օրինակ` որեւէ մեկը ԱԺ ճաշարանում ճաշելիս չի տեսել պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Գրիգորի Մարգարյանին, Միքայել եւ Կարեն Վարդանյաններին եւ շատ այլ պատգամավորների: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես իր ընդմիջումը ճաշարանում չի կազմակերպում: Խորհրդարանի նախագահի համար այստեղ նախատեսված է առանձին խոհանոց` իր աշխատակազմով, որը հենց նրան է սպասարկում: Փոխխոսնակները ճաշում են «սովորական» ճաշարանում: Ճաշարանը բազմամարդ է լինում հատկապես արտահերթ նիստերի ժամանակ: Նիստերի օրերին ճաշարան է գնում 150-160 մարդ, իսկ սովորական օրերին` 70-80: Անհրաժեշտ սննդամթերքը գնում են շուկայից, մի մասն էլ մատակարարներն են բերում: Տնօրենի ասելով, ճաշարանում ուտեստների գները կախված են շուկայից, եւ հստակ գին չկա: «Դուք էլ գիտեք, որ նախորդ տարվա համեմատ այս տարի որոշ մթերքների գները շատ են բարձրացել, բայց ճաշարանում գրեթե գնային փոփոխություն չի եղել: Հետո էլ` սա ռեստորան չի, որ գները միանգամից բարձրացնենք: Ընդհակառակը, մեզ մոտ ամեն ինչ շատ մատչելի է, որ բոլորին հասանելի լինի»,- ավելացնում է Տ. Ռստակյանը: Օրինակ` մեկ բաժին հնդկաձավարը, որը 300 գրամ է, արժե 200 դրամ, նույնքան իտալական սպագետին դարձյալ 200 դրամ է, իսկ տավարի 130 գրամանոց կոտլետն արժե 300 դրամ: Ամենաթանկ ուտեստը հավի ճուտն է: Այն շուկայից գնում են 900 դրամով եւ պատրաստի վիճակում այցելուներին հրամցնում 1200 դրամով: Ճաշարանում հավաստիացնում են, որ ուտելիքները միշտ թարմ են լինում, օրվա մնացած ուտելիքը հաջորդ օրը չի վաճառվում: «Եթե ինչ-որ բան էլ օրվա վերջում մնում է, աշխատողներն են ուտում: Խոհարարներն արդեն գիտեն` ինչքան պատրաստեն, որ ուտելիք չավելանա: Ամառ լինի, թե ձմեռ, սառնարանում ուտելիք չենք պահում: Թող մի բան էլ քիչ լինի, բայց ամեն օր պատրաստվի»,- ասում է Տ. Ռստակյանը: Ճաշարանում արգելված է խմիչքի եւ ծխախոտի վաճառքը, թեեւ վերջինի պահանջարկը մեծ է: Ծխողների համար կա առանձնացված 40 տեղանոց սենյակ, քանի որ ընդհանուր տարածքում ծխելն արգելված է: ԱԺ ճաշարանում պայմանագրային հիմունքներով ընդհանուր աշխատում է 8-10 մարդ, որոնցից 2-ը խոհարար են, 2-ը` մատուցող: Կարծում ենք` շատ պատգամավորներ նույնիսկ չգիտեն էլ, որ ճաշարանի աշխատակազմը շատ քիչ աշխատավարձ է ստանում. մատուցողների եւ հավաքարարների աշխատավարձը ամսական 40 000 դրամ է, իսկ խոհարարներինը` 45 000 դրամ: Մեր տեղեկություններով` այստեղ պատգամավորներն իրենց այնքան էլ շռայլություններ թույլ չեն տալիս. թեյավճար գրեթե չեն թողնում, թողնելիս էլ` շատ քիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter