«Մեր գեղը ճանճի փեթակի պես հանգչում ա»,-ասում է ջիլիզեցի ծերունին
Վրաստանի հետ սահմանագծին գտնվող Ջիլիզա գյուղի մեկուսացումը ավելի խորացավ 2007-ին, երբ հայ եւ վրացի սահմանապահները երկու կողմերում ապրող բնակիչներին արգելեցին հատել սահմանը: Սահմանից այն կողմ հայկական 7 գյուղ կա: Եւ այս գյուղերի բնակիչներն ազգակցական կապեր ունեն Ջիլիզայի բնակիչների հետ:
Հայերը Վրաստանի գյուղերից էին գնում ալյուր, բանջարեղեն` իրենց հերթին վրացիներին վաճառելով միս, կաթնամթերք: Վերջին ամիսներին այս ամենը դադարեցվել է: «Այս հատվածում սահմանակից հայկական գյուղերի բնակիչները շարունակում են միմյանց հետ չշփվել, որի պատճառով էլ անցագրային կետի բացումը Ջիլիզայի համար շարունակում է մնալ պահանջված խնդիր: 1995 թ. Կառավարության որոշմամբ Ջիլիզայում պետք է բացվեր անցագրային կետ, սակայն առայսօր չի բացվել: Իմ ունեցած տվյալներով` Վրաստանի կողմը ոչ թե հրաժարվում է, այլ շարունակում է անընդհատ ձգձգել անցագրային կետ բացելու խնդիրը»,- ասում է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը: Հայ-վրացական սահմանի այս հատվածում ապրիլին արձանագրվել է մի միջադեպ: Նախկինում Ջիլիզայում ապրող Սերգեյ Հարությունյանը, ով այժմ ապրում է Վրաստանի հայաբնակ Չանախչի գյուղում, Ջիլիզայում միայնակ բնակվող մորը տեսնելու համար օրինական ճանապարհով անցել է Բագրատաշենի անցակետով եւ Ալավերդիով եկել Ջիլիզա: Այստեղ սահմանից մի 20 մետր հեռավորության վրա գտնվող տներից մեկում թաղման արարողության մասնակցելու համար անցել է գետի մյուս ափը: Վրաստանի սահմանապահները սահմանը հատելուց հետո Սերգեյին բռնել են: Դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման: «Եթե մարդկային պահով ասենք` վրացիները ճիշտ չեն արել, կարող էին ետ ուղարկել, բայց նրանք շարժվել են իրենց երկրի օրենքով»,- միջադեպին այսպիսի գնահատական տվեց գյուղապետ Մհեր Վարդանյանը: Դեռեւս տեղադրված չեն նաեւ Ջիլիզայի սահմանային փշալարերը: «Սահմանը պետք է ճշտվի, հետո փշալար քաշվի: Սահմանագիծը դեռ ճշտված չէ, կա պայմանական սահման, որն անցնում է Շուլավերչայ գետով»,- բացատրեց գյուղապետը: Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ Սարիբեկ Սաքանյանը, ում հանդիպեցինք Ջիլիզայի գյուղամիջում, դժգոհեց, որ խոր ծերության գյուղում կնոջ հետ միայնակ են ապրում. «Երեխաներիցս 4-ը մեկնել են Ռուսաստան, մեկն էլ Ալավերդիում է: Գնացել են սաղ, մի 10-ը տնտեսություն ա մնացել»: Տարեց ջիլիզեցին պատմեց, որ աղջիկն ու քույրը ամուսնացած են Վրաստանում. «Վերջը իմ բարեկամությունը Վրաստան են, կարում չեն գնան-գան: «Վելադոկ» հանդամաս ունենք սահմանի վրա, ճամփա չունենք, որ գնանք մշակենք, ջուրն անց կենանք` կբռնեն: Հլա Ձեր թերթումը գրեք, իմանանք սրանց վերջը ոնց տի ըլիլ»,- «հանձնարարեց» ծերունին ու գովեց գյուղապետ Մհեր Վարդանյանին. «Շատ լավ տղա ա, լավ էլ վերաբերմունք ունի, բայց մեր գեղը ճանճի փեթակի պես հանգչում ա»,- ասաց նա: Մհեր Վարդանյանը տեղեկացրեց, որ 65 տնտեսությունից գյուղում մնացել է 40-ը: Ջիլիզայի միջնակարգ դպրոցում սովորում է 18 աշակերտ, որոնցից 6-ը մեկ ընտանիքից են: Դպրոցը այս տարի առաջին դասարան չունի: «Հույս ունենք, որ մի 4 տարի հետո առաջին դասարան կունենանք»,- ասաց գյուղապետը:
«Ամուսնանալու համար գյուղում տղաներ չեն մնացել: Մեծ մասը հեռացել են գյուղից: Գոնե գյուղում մի պուրակ կամ այգի կառուցեին, կգնայինք կզբաղվեինք»,- գյուղական կյանքի ձանձրույթից դժգոհեց Ջիլիզայի ամենամեծ գերդաստանի 18-ամյա դուստրը` Հեղինե Սարգսյանը, ով թեեւ քաղաքում վարսահարդարի մասնագիտություն էր սովորել, սակայն մասնագիտությամբ չէր կարողանում աշխատել, քանի որ դատարկված գյուղում ընդամենը մի քանի կանանց մազեր կարող էր հարդարել: «Մի երկու տղա է մնացել գյուղում, էն էլ քույր ու եղբոր նման են միմյանց նայում»,- դժգոհեց Հեղինեի մայրը` Անահիտ Սարգսյանը: Նա 11 երեխաների մայր է: «Երեխաներիցս 6-ը դպրոցահասակ են: Ամբողջ ամառը 12 հազար դրամի մոշ են հավաքել, որ դպրոց գնալու համար նոր շորեր առնեն»,- պատմեց ընտանիքի մայրը: Ջիլիզան ունի 86 հա վարելահող, գյուղացիները դրանք չեն մշակում, այլ օգտագործում են որպես խոտհարքներ: Մշակվում են միայն տնամերձ հողամասերը: Նախկինում մշակվել է 20 հա վարելահող, եւ միայն եգիպտացորեն է ցանվել: Այս տարվա գարնանային անձրեւները խանգարել են մշակել անգամ այդ 20 հա-ը: Մհեր Վարդանյանը խնդրեց «Հետքում» գրել նաեւ գյուղում կատարված աշխատանքների մասին: Ջիլիզա-Ալավերդի ճանապարհը 2007 թ. բյուջեից հատկացված 180մլն դրամով ենթարկվել է կապիտալ վերանորոգման: Քանի որ ճանապարհը հողային է, արագ է փչանում, այդ պատճառով էլ վերջինիս բարեկարգման համար 2010 թ. բյուջեից 30մլն դրամ է հատկացվել, եւ այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Մինչեւ այս տարվա սկիզբը Ջիլիզան էլեկտրաէներգիա էր ստանում Վրաստանից: 2010 թ. հունվարի 1-ից գյուղի էլեկտրաէներգիայի խնդիրը լուծվել է: Ծրագրին մասնակցել է նաեւ Հունաստանի կառավարությունը` ներդնելով 136 մլն դրամ:
Ջրամատակարարումից գյուղացիների դժգոհությանն անդրադառնալով` Մհեր Վարդանյանը ասաց, որ անբավարար ջրամատակարարումը պայմանավորված է ջրատարի ջրընդունիչների անսարքությամբ. «Հիմա այդ խնդրի լուծումն ընթացքի մեջ է»,- հավատացրեց նա: Սահմանամերձ գյուղը գազաֆիկացված չէ, չկա նաեւ փոստային ծառայության բաժանմունք: «Ունենք նամակատար, բաժանմունքի շենք կառուցելու համար կա Հայաստանի Կառավարության որոշումը, հողահատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց գյուղապետը: Մհեր Վարդանյանը սահմանամերձ գյուղի զարգացման ամենակարեւոր նախապայմանը համարում է բնակչության ներհոսքի ապահովումը. «Սա շատ կարեւոր հարց է, բոլորս պետք է մտահոգվենք, ուղղակի ով դուրս է եկել, վերադարձնելը դժվար է: Դրա համար սահմանամերձ գյուղը շատ մեծ արտոնություններ պետք է ունենա, որը կստիպի մարդկանց ետ վերադառնալ»: Մհեր Վարդանյանը խնդրեց իր անունից կոչ անել մարդկանց` գալ-ապրել Ջիլիզայում: Գյուղապետը այդ մարդկանց խոստանում է անհատույց հող եւ ժամանակավոր բնակարան, մինչեւ իրենց տնտեսության ստեղծումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել