HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են մկնդեղի գերեզմանոցի հետազոտական աշխատանքները

Ալավերդու շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք է քաղաքի հյուսիսային հատվածում` Մադան (Լալվար) գետի ավազանում 1978-80 թթ. կառուցված, նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետեւանքով առաջացած մկնդեղի պահեստավայրը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մկնդեղի մագիլնիկը»:

«Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ դրամաշնորհային «Անվտանգ միջավայր» ծրագրով հետազոտել է մկնդեղի պահեստարանի էկոլոգիական ռիսկերը: Հետազոտվել են մկնդեղի գերեզմանոցի սեյսմիկ անվտանգությունը, հիդրոիզալացիան, այնտեղ թաղված տոքսիկ նյութերի բաղադրությունը, մասնավորապես մկնդեղի եւ սնդիկի հավանական արտահոսքերը եւ բնակչության առողջության վրա դրանց հնարավոր ազդեցությունները:

Հետազոտական աշխատանքներն ավարտվեցին օգոստոսի 25-ին: Հետազոտական աշխատանքներ են կատարել Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը եւ Պրահայի «Աիկա» հասարակական կազմակերպությունը:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հետազոտել է գերեզմանոցի տոքսիկ տարրերի, արսենի (մկնդեղի) եւ սնդիկի հավանական արտահոսքերը, որի համար ջրում, հողում եւ հատակային նստվածքներում իրականացվել են արսենի եւ սնդիկի պարունակությունների գնահատում:

Գերեզմանոցը հետազոտող խումբը բացահայտել է, որ Մադան (Լալվար) գետի ավազանում, բացի մկնդեղի գերեզմանոցից, գոյություն ունեն բազմաթիվ լքված թափոնակույտեր, որոնք չեն վերահսկվում եւ կարող են հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման լրացուցիչ աղբյուր:

«Ուստի, մենք հետազոտության ընթացքում փորձել ենք տարբերակել մկնդեղի գերեզմանոցի եւ թափոնակույտերի ազդեցությունները եւ արտահոսքի չափաբաժինը»,- ասաց էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն

Սաղաթելյանը:

Արսենը (մկնդեղը) ֆիզիոլոգիապես ակտիվ, միեւնույն ժամանակ տոքսիկ մետալոիդ է, այն էկոլոգիապես վտանգավոր տարր է, երկրաքիմիայի եւ էկոլոգիայի տեսանկյունից` թերի ուսումնասիրված: Ունի բարձր հիվանդածնության եւ տեխնոգենության աստիճան: Նմուշառվել են 11 ջրային, 5 հողային եւ 2 հատակային նստվածքների նմուշներ:

Հետազոտությունները պարզել են, որ ինչպես գերեզմանոցից, այնպես էլ գերեզմանոցի թմբի տակից կա արսենի արտահոսք, սակայն գերեզմանոցի միջավայրի թթվայնությունը խոչընդոտում է այդ գործընթացի ակտիվ դրսեւորմանը: Մադան գետից վերցրած փորձանմուշներում նույնպես գրանցվել է արսեն, սակայն` ոչ մեծ պարունակությամբ:

Հողերի եւ ժամանակավոր հոսքերի հունից կավավազի բոլոր նմուշներում գրանցվել են արսենի բարձր պարունակություններ` 10,93-ից մինչեւ 29,83 անգամ սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ): Նմուշարկված երկու հատակային նստվածքներում գրանցվել են եւ արսեն եւ սնդիկ, ընդ որում` արսենի պարունակությունները երկու նմուշներում էլ գերազանցում են հողերի ՍԹԿ-ն համապատասխանաբար 14,97 եւ 12,29 անգամ: Սնդիկի պարունակությունները չեն գերազանցում ՍԹԿ-ն:

Հանձնախմբի վերջնական եզրակացությամբ Ալավերդի քաղաքի արսեն պարունակող նյութերի պահեստավայրից տոքսիկ արսեն եւ սնդիկ տարրերի արտահոսքի ռիսկի գնահատման արդյունքում բացահայտվել է արսենի արտահոսք, որի կանխման համար անհրաժեշտ է պահեստավայրի տարածքում իրականացնել պատնեշավորման եւ ջրահեռացման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հանձնախումբը մկնդեղի գերեզմանոցի տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման ընթացքում մկնդեղի գերեզմանոցի նախագծային փաստաթղթերի վերլուծություն չի իրականացրել դրանց բացակայության պատճառով:

Գերեզմանոցի` որպես շինության ծալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումների պարզաբանման նպատակով կատարվել են չափագրման, լուսանկարման եւ այլ աշխատանքներ: Ըստ հետազոտող խմբի եզրակացության` մկնդեղի գերեզմանոցը երկաթբետոնյա կոնստրուկցիաներով իրականացված եռահարկ շինություն է, որը զբաղեցնում է մոտ 150մ երկարությամբ եւ 130մ լայնությամբ տարածք: Եզրակացության մեջ նշվում է, որ գերեզմանոցի լուծումներում կան անհամապատասխանություններ ներկայումս գործող պահանջների հետ:

«Գերեզմանոցի շինարարական աշխատանքները իրականացվել են բազմաթիվ թերություններով, այն է` միաձույլ բետոնյա պատերի բետոնացման աշխատանքներն իրականացվել են ցածր որակով: Գերեզմանոցի 3-րդ հարկի պատերի որոշ հատվածներ շեղվել են ուղղաձիգ ուղղությունից անթույլատրելի չափերով, առանձին տեղերում շեղվածքի չափը պատի վերեւի նիշում կազմում է մոտ 50 սմ, որի հետեւանքով կարող է տեղի ունենալ այդ հատվածամասերի շրջում: Պատերի ուղղաձիգ ուղղությունից շեղումները պայմանավորված են նրանով, որ նրանց հիմքերը չունեն բավարար խորություն, իսկ որոշ տեղերում հետլիցք արված գրունտը ողողվել է մթնոլորտային տեղումների ջրերից, եւ հիմքերը լրիվ մերկացել են: Պատերի որոշ հատվածամասերում բետոնն ուժեղ քայքայվել է քիմիական նյութերի ազդեցությունից, այդ հատվածները գտնվում են վթարային վիճակում»,- ասաց հանձնաժողովի անդամ, «ԱՊԱԾ» գործակալության շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Ամալյանը:

Պարզվել է նաեւ, որ մկնդեղի գերեզմանոցի կոնստրուկտիվ տարրերի համար ջրամեկուսիչ շերտ չի իրականացվել, ծածկերի սալերի կարաները լցափակված են անբավարար որակով կամ լցափակված չեն, իսկ բազմաթիվ սալեր տեղադրված են իրարից հեռու, որոնց արանքները նույնպես լցափակված չեն: Այդ պատճառով մթնոլորտային տեղումների ջրերը ներթափանցել են գերեզմանոցի մեջ, ջրիկացրել մկնդեղի հումքը, որը կոնստրուկցիաների արանքից հոսել է գերեզմանոցից դուրս եւ տարածվել շրջակա միջավայրում:

Մկնդեղի գերեզմանոցի կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար (երրորդ աստիճան): Կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո: Գերեզմանոցի կառույցի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատվում է բարձր: Մինչեւ 8 բալ, ըստ MSK-64 սանդղակի, հնարավոր երկրաշարժի ժամանակ մկնդեղի գերեզմանոցի կառույցի կոնստրուկցիաներում կարող են առաջանալ ուժեղ (4-րդ աստիճան) վնասվածքներ: Նման եզրակացության է հանգել հանձնաժողովը: Վերջինս գտնում է, որ գերեզմանոցի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է այն վերականգնել: Մկնդեղի գերեզմանոցում թաղված տոքսիկ նյութերի բաղադրության հետազոտման նպատակով փորձանմուշներ է վերցրել նաեւ Պրահայի «Աիկա» ՀԿ-ն:

Ըստ ՀԿ-ի նախագահ Ինդրիխ Պետրիկի` փորձանմուշների մի մասն ուղարկված է Հոլանդիա` դիոքսինի հատուկ անալիզի համար, որոնց պատասխանները «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնը կստանա հոկտեմբերի վերջին օրերին: «Անվտանգ միջավայր» նախագծի շրջանակներում Ալավերդու մկնդեղի գերեզմանոցում կատարված հետազոտությունների արդյունքները` բոլոր մանրամասնություններով, կքննարկվեն հոկտեմբերի 1-ին Ալավերդու քաղաքապետարանում կայանալիք նախագծի ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter