«Orange»-ը պատասխանում է
«Սեպտեմբերի 9-ին www.hetq.am կայքում հրապարակված ««Orange» - ի հաջողություններն ու բաժանորդների դժբախտությունը» վերնագրով հոդվածը տարբեր քննարկումների եւ թյուրիմացությունների առիթ է տվել:
Կարեւորելով ազատ մամուլի դերը երկրի եւ հասարակության, ինչպես նաեւ ազատ տնտեսության զարգացման համար եւ առանձնապես բարձր գնահատելով «Հետք»-ի անկախ լրագրողական աշխատանքային սկզբունքները` այնուամենայնիվ ցանկանում ենք որոշ վերապահումներ արտահայտել հրապարակված նյութի վերաբերյալ: «Հրապարակված հոդվածը պարունակում էր անճշտություններ, որոնք կարողացանք հաստատել օգտագործողի սպառման ծավալները դիտարկելուց հետո: Գրիշա Բալասանյանը, որն իսկապես մեր բաժանորդն է, ինտերնետի օգտագործման ընթացքում սպառել է ոչ պակաս ծավալ, քան միջինում սպառում են այլ օգտագործողները: Ավելին, սպառման ծավալները նույնիսկ գերազանցել են միջին վիճակագրական ցուցանիշները: Սա նշանակում է, որ նա կարողացել է ոչ միայն միանալ ինտերնետին, այլ նաեւ երկար աշխատել համացանցում: Կրկին հաստատում ենք մեր ընկերության ցանկությունը եւ առաքելությունը` Հայաստան ներմուծել համաշխարհային նորարարությունները եւ որպես պատասխանատու ընկերություն` ոչ միայն մեծ քաղաքներին, այլ նաեւ հեռավոր վայրերին հասցնել շարժական ինտերնետը: Ինչպես իրավամբ նշել է լրագրողը, ինտերնետի համար «մարզերի բնակիչները այլընտրանք գրեթե չունեն»: Իրոք, մեր ընկերության վարած քաղաքականությունն է` շարժական ինտերնետը հասցնել նույնիսկ այն վայրերին, որոնք սովորաբար զուրկ են մնում արդիական տեխնոլոգիաներից: Կրկին հիշեցնենք, որ Orange-ում գնված բոլոր ապրանքների համար` ներառյալ մեկ տարվա պայմանագրով — 1 դրամով ձեռք բերված մոդեմները, գործում է 15 օրվա ժամկետ, որի ընթացքում բաժանորդները կարող են հետ վերադարձնել գնված ապրանքը: Սրանով մենք խուսափում ենք այն դեպքերից, երբ բաժանորդը կարող է իրեն պարտադրված զգալ օգտվել Orange-ի ծառայություններից: Ինչ վերաբերում է Աղավնատուն գյուղին, ապա, ինչպես նախատեսված էր, գյուղը սպասարկող կայանը հզորացվել է անցյալ շաբաթ, եւ արդեն վերականգնվել է ինտերնետ կապի արագությունը»: Այս գրությանը զուգահեռ Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ որեւէ հարցի կամ մանրամասնի համար կարող ենք կապվել իր հետ: Orange-ի բաժանորդներից շատերին է հետաքրքրում հետեւյալ հարցերի պատասխանը. 1. Ի՞նչ է նշանակում միջին սպառող, եւ ինչքա՞ն է, ըստ Orange-ի, այդ միջին սպառողի օգտագործած ինտերնետի ծավալը: 2. Ձեր գովազդներում նշվում է «գերարագ կապ»-ի մասին: Խնդրում ենք մեկնաբանել «գերարագ կապ» հասկացությունը, ի՞նչ արագություն է ենթադրում Orange-ը այդ հասկացության տակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել