Ահազանգում են Սարյան 4 շենքի բնակիչները
Քիչ առաջ խմբագրություն էր զանգահարել Սարյան 4 շենքի լիազոր Արմենուհի Ղազարյանն, ով ահազանգում էր այն մասին, որ իրենց շենքի հետնամասում գտնվող կանաչ տարածքում իրականացվում են կառուցապատման աշխատանքներ:
«Այդ տարածքում 30 տարվա ծառեր կային, որ տարիների ընթացքում վերացվեցին, հիմա մնացել են միայն խաղողի թփերն ու երկու հաստաբուն ծառեր: Ծառերի բների շրջակայքը փորում են, մեզ էլ ասում` սեւ հող ենք լցնում: Տրակտորներով ու բեռնատարներով սեւ հո՞ղ են լցնում: Մեր կարծիքը հարցրե՞լ են, որ եկել փորում են մեր միակ կանաչ տարածքը: Մենք մեր գլխի գալիքը չգիտենք: Չգիտենք ումն է. ասում են քաղաքապետի եղբորն է ու մեզնից այդ տարածքն այնպես կխլեն, որ գլխի էլ չենք ընկնի»:
Ինչպես հայտնում է Արմենուհի Ղազարյանը` դեռ տարիներ առաջ իրենց շենքին հարակից 50քմ բետոնե հարթակը սեփականաշնորհվել է ոմն Գեւորգ Վանուչյանի կողմից` այնտեղ բացօթյա սրճարան կառուցելու նպատակով:
«Դա ժամանակին նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եղբոր որդունն էր, որ փակվեց: Դրա տեղում մի շինություն կառուցեցին, որը ծառայում էր որպես ձայնասկավառակների խանութ: Հետո դա էլ փակեցին եւ ինչ-որ շինարարություն էին իրականացնում: Տարածքը 3 մետր խորությամբ փորել էին եւ շենքի ամբողջ խողովակաշարերն օդի մեջ էին: Բողոքեցինք, ջրի խողովակների դիրքը փոխեցին` նախագծող Դավիթ Հարությունյանի պլանով»:
Այս պահին շենքի բնակիչներն անհանգստացած են, որ շենքի հետնամասում գտնվող կանաչ տարածքում հերթական շինությունը վեր կխոյանա`առանց իրենց կարծիքն ու բողոքները հաշվի առնելու:
«Հետքը» այս խնդրին կանդրադառնա հետագա հրապարակումներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել