HY RU EN

Կոմիտասի անվան զբոսայգին կվերականգնվի. Երևանում կկառուցվի առաջին դելֆինարիումը

Երևանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր  մասնավոր մի ընկերության` պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները  մետաղակույտի են վերածվել։ Երևանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է: Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր կազմել Երևանի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրվել է հենց Կոմիտասի անվան զբոսայգուն։ Ինչպես նշել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից, որպես առաջին քայլ անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվեց պայմանագիրն ու զբոսայգին հետ վերադարձվեց երևանցիներին: Հաջորդ քայլն արդեն զբոսայգու վերականգնումն է։ Վերականգնման ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվում է հանրապետությունում առաջին դելֆինարիումը: Դելֆինարիումները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի  առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի   պետք է ունենա նաև Երևանը.  քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությանն արձագանքած  քաղաքներից նախապատվությունը տրվեց նման նախագծերի մեծ փորձ ունեցող օդեսացի մասնագետների առաջարկին` ուկրաինական «Ներում» ընկերությանը։ Ուկրաինական «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանի խոսքով`  ընկերությունը դելֆինարիումներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում: Դելֆինարիումի կառուցումը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է. «Երբ մեր շինարարական խումբը առաջին անգամ եկավ Երևան, քաղաքապետն անձամբ ընդունեց մեզ և ներկայացրեց դելֆինարիումի տարածքը»,- ասաց ընկերության տնօրենը։ Դելֆինարիումը զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու` վաղուց արդեն չգործող նախկին  ատրակցիոնի տարածքը: Մուտքը  Արշակունյաց պողոտայի կողմից է`զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։ Ալեքսանդր Մեռլյանն ընդգծեց, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։ Դելֆինարիումը կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող  ուկրաինական այդ նույն կազմակերպությունն  իրականացնելու է  նաև դելֆինարիումի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգումը շարունակական է լինելու.  դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։ Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ,  վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: