HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Աշոտ Մանուչարյան. «Ամեն վայրկյան Ռուսաստանին ծեծում են»

Ա.Մանուչարյանը չի ճանաչում 30 տարեկանից երիտասարդ ՀՀ քաղաքացու, ով ջերմ վերաբերմունք ունենա Ռուսաստանի հանդեպ

Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ ցանկացած պահի ցանկացած փոփոխություն հնարավոր է: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ պետք է լինի Հայաստանում, որ արտահերթ ընտրություններ կայանան:

Ըստ Աշոտ Մանուչարյանի` օրինակ, Արցախում ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվեց, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այդ հարցում որոշակի էր: Բայց ամեն վայրկյան Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կամ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին Ռուսաստանի տված գնահատականը կարող է փոխվել: Սա կարող է հանգեցնել Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակի` անկանխատեսելի հետևանքներով: «Ռուսաստանը մենակ չէ այստեղ գործում: Ետխորհրդային տարածք առաջին անգամ մտնում է Չինաստանը: Մենք տեսնում ենք նրա մուտքը Բելառուս և Ուկրաինա, շատ ավելի քիչ` Վրաստան: Բայց Վրաստանինը շատ ավելի շուտ է սկսվել ու շատ ավելի արագ տեմպերով: Մեծ քանակով չինացիներ են ապրում հիմա Վրաստանում, հատկապես մեզ համար հոգեհարազատ տարածքներում` Ախալցխայում, մասամբ և Ախալքալաքում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` Չինաստանը, սկզբից չցանկանալով վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հեռու էր մնում ետխորհրդային տարածքներից: Բայց հետո տեսավ, որ ետխորհրդային տարածք է ներխուժում Արևմուտքը, և համոզվեց, որ այն գնահատականները, թե այս տարածքներում Ռուսաստանի իշխանություն է հաստատված, չեն համապատասխանում իրականությանը: «Ռուսաստանը ունի իր դիրքերը, իր շատ մեծ հնարավորությունները, բայց այսօրվա իրական դիրքերի առումով էապես ավելի մեծ է Արևմուտքի ազդեցությունը Հայաստանում, և սրընթաց շարունակում է ավելանալ: Ռուսաստանը այստեղ շարունակում է պարտվել, և Չինաստանը, դա տեսնելով, ինքն է մխրճվում: Նա Ռուսաստանի տարածք չէր մխրճվի, բայց որ տեսնում է` սա դառնում է Արևմուտքի տարածք, սա իր համար արդեն կենսական նշանակություն ունի, և նա սկսել է մխրճվել: Իսկ Չինաստանը միայնակ չէ. նա ունի շատ խորը դաշնակից: Դա Իրանն է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Լրագրողներից մեկը նշեց, որ այսօր Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը` իշխանությունից մինչև ընդդիմություն, ընդունում է Ռուսաստանի հպատակությունը, համեմայն դեպս` արտաքուստ: Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ «համենայն դեպս արտաքուստ» արտահայտությունը շատ ճիշտ դիտարկում է. այդ գործիչներն ընդունում են Ռուսաստանի հպատակությունը, քանի որ առաջնորդվում են «ռեալ պոլիտիկով», կառչում իրական գործոններից: Հայաստանի քաղաքական դաշտը տեսել է, որ Ռուսաստանն իրական գործոն է, իսկ ամերիկյան վերլուծաբաններն անընդհատ գրում են, թե այլևս չեն հետաքրքրվում այս տարածքով, իրենց առաջնահերթությունը Աֆղանստանն է և այլն: Սակայն, ըստ բանախոսի, ԱՄՆ-ի այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և դրանց հավատալ պետք չէ: «ԱՄՆ-ը շատ նուրբ երկիր է, այս աշխարհի ամենաբարձր քաղաքական տեխնոլոգիաները ունեցող: Այստեղ սրընթաց տրանսֆորմացիա է անցկացվում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ մոտ 2-3 ամիս առաջ ՌԴ նախագահի ապարատից ՀՀ խորհրդարան է եկել մի բարձրաստիճան ռուս պաշտոնյա և տվել մեկ հարց. «Ենթադրենք` վաղը Հայաստանի գործադիր իշխանությունը մտնում է խորհրդարան բանաձևով, որ Հայաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Տվեք ինձ այն պատգամավորի անունը, որը ոտքի է կանգնելու և ասելու. «Սա անընդունելի է մեր երկրի համար, հակասում է մեր շահերին, սա անընդունելի է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար, որովհետև հարվածում է նրա շահերին»: «Մեկը փորձել էր ասել` Դաշնակցություն: Այդ պաշտոնյան ասել էր. «Չհասկացա, Դաշնակցությունը` այն դեպքում, երբ գործադիր իշխանությո՞ւնն է մտնում»: Էլ Ծառուկյանի անունը ոչ ոք չէր տվել իհարկե»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` եթե նախորդ գումարման խորհրդարանում կային խմբակցություններ, որոնք նման իրավիճակում ռուսամետ դիրքորոշում կբռնեին, անգամ եթե գործադիր իշխանության հետ կոռուպցիոն հարաբերություններ ունենային, ապա այսօր խորհրդարանում չկա որևէ պատգամավոր, ով նման իրավիճակում կպաշտպանի Ռուսաստանի շահը: «Սա է Արևմուտքի իրական, արդյունավետ աշխատանքը: 2007 թ. պառլամենտական ընտրություններից առաջ կոնտակտ Մոսկվայի ներկայացուցիչները կոնտակտի մեջ մտել են պրոռուսական բոլոր ուժերի հետ և հատ-հատ ասել են. «Մենք պայմանավորվել ենք իշխանությունից «իքսի» հետ, դու կանցնես պառլամենտ, մեկին` 5 %, մյուսին` 10 % և այլն, բայց պիտի ուրիշների հետ չմիավորվես»: Արդյունքում այդպիսի ուժերի դաշինք չկազմվեց, և նրանցից ոչ մեկը չանցավ խորհրդարան և կազմալուծվեցին, որովհետև պրոռուսական շատ ուժեր պարգամատիկ են, պիտի խորհրդարանում տեղ ունենաս, կարողանաս ինչ-որ խնդիրներ լուծել և այլն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ Հայաստանում ընդամենը 5 տարվա ընթացքում ռուսամետ խորհրդարանական ուժերն ըստ էության վերացել են: Իսկ առաջիկայում հասարակության մյուս շերտերում կվերանան նաև մյուս ռուսամետ տրամադրվածությունները, որոնք դեռ կան: «Սա կոչվում է տրանսֆորմացիա: Ուղղակի սա Արևմուտքի տրանսֆորմացիան է: Պրոռուսական կուսակցությունների վիճակը համեմատեք այն ժամանակվա և հիմիկվա հետ, ասենք` Կոմկուսը, Գեղամյանի կուսակցությունը, Արամ Կարապետյանի կուսակցությունը ինչ վիճակում են»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրան հարց ուղղվեց, թե արդյոք Արևմուտքին Ռուսաստանի պարտվելու պատճառն այն չէ՞, որ Ռուսաստանը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է Հայաստանում այսօրվա օլիգարխիկ համակարգի հաստատմանն ու պահպանմանը և եղել այդ համակարգի հիմնական հովանավորը: Աշոտ Մանուչարյանը նշեց, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանին հատկացված էր «мальчик для битья» կարգավիճակը, որը մինչև հիմա փորձում են պահպանել:

«Ռուսաստանը բավականին դմբո է այդ տեխնոլոգիաների տեսակետից. ինչ անում է, դուրս են գալիս արջի շարժումներ: Օրինակ` Մարտի 1-ի արդյունքներից լրիվ օգտվեց Արևմուտքը: Ռուսաստանը ունեցավ դրա հաշվին միայն կորուստներ, բայց Մարտի 1-ի արտաքին պատասխանատուն այսօր Ռուսաստանն է: 2007-ի պառլամենտական ընտրություններին Ռուսաստանը համոզված էր, որ ապահովում է 100 %-անոց ռուսական պառլամենտ, բայց ապահովեց 100 %-անոց արտառուսական պառլամենտ: Տեսեք` «Լեզվի մասին օրենքը» դուրս եկավ, Ռուսաստանը մի ծեծ էլ այդտեղ ստացավ, ամեն վայրկյան Ռուսաստանին ծեծում են: Ռուսաստանը ամեն վայրկյան կորցնում է հասարակությունը: Եվ այսօր չգիտեմ մի 30 տարեկանից ցածր Հայաստանի քաղաքացու, որը Ռուսաստանի հանդեպ ջերմ վերաբերմունք ունենա, լավագույն դեպքում Ռուսաստանի հանդեպ չեզոք է: Իսկ ինտելեկտուալ զանգվածը ուղղակի ատում է»,- ասաց նա:

Լրագրողը հարցրեց, թե Հայաստանի համար ի՞նչ տարբերություն` Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի տրանսֆորմացիայի ազդեցության տակ է, միևնույն է` Հայաստանը չի շահելու: Աշոտ Մանուչարյանն ասաց, որ անգամ եթե շատ լավ վանդակներ են Հայաստանի համար պատրաստել կենդանաբանական այգում, լավ կլինի, որ մենք ինքներս հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում:

«Քանի որ ես վանդակում եղել եմ, դրանից հետո ես արտավանդակային կյանքը գերադասում եմ: Հայի համար արտավանդակային կյանքն անկասկած հնարավոր է, և դա միակ կյանքն է, որը կյանք է: Մնացածը կյանք չէ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter