HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբրահամն էլ նույն Աբրահամն էր կարծես թե

Արամ Մաթևոսյան Շեստովը գրում է. Երբ Աստված Աբրահամին ասաց, - Թո’ղ քո Հայրենիքը, հայրական տունը, ընկերներիդ ու գնա’ այն երկիրը, որ Ես քեզ կասեմ, - Աբրահամը լսեց և գնաց, չիմանալով, թե ուր է գնում: Սուրբ գրքի այս մի էպիզոդի վրա մտածողը մեկ էջի սահմանում տեղավորված կարճ  տրակտատում հասցնում է հակադրել ու  մեկնաբանել աշխարհընկալման երկու մեթոդիկա: Նա շարունակում է. «Հավատացյալն առաջ է գնում առանց երկմտանքի, ոչ մի բան չգուշակելով ու հարցեր չտալով: Գիտնականը, տեղաշաժվելուց առաջ մի լավ զննում է շուրջ բոլորը, հարցեր է տալիս, զգուշանում է և նախօրոք ուզում է իմանալ, թե ուր է գնում»: Ու նա կատարում է կարևոր հարցադրումը. «Մեթոդներից, որը կհասցնի ճշմարտությանը: Դրա մասին կարելի է վիճել, բայց անկասկած է, որ ավետյաց երկիր կհասնի միայն նա, ով, ինչպես Աբրահամը, որոշել է ճանապարհ ընկնել, ինքն էլ չիմանալով, թե ուր է գնում: Եվ եթե փիլիսոփայությունն ուզում է ձեռք բերել իր սեփական հողակտորը, ապա ստիպված է յուրացնել Աբրահամի, այլ ոչ թե Սոկրատի մեթոդը, ու «սովորեցնել» մարդկանց գնալ առաջ «մի գուցեի» հույսով, ոչինչ չկանխորոշելով ու չգուշակելով, չիմանալով նույնիսկ, թե ուր են իրենք գնում»: Այս փոքր վերլուծականից դառնում է պարզ, որ այն, ինչը կարևոր է անհատի համար,  չի հետաքրքրում հասարակագիտությանը: Իսկ ավելի կոնկրետ սահմանված. «հասարակագիտությունը չի ուսումնասիրում մարդուն»: Պարզվում է, որ փիլիսոփայությունը չի ուսումնասիրում մարդուն, էլ ուր մնաց դրա սուրրոգատը հանդիսացող հասարակագիտությունն անի դա: «Հայ ազգային աստվածաբանությունն» էլ  որպես առարկա տեղավորվում է հասարակագիտություն դիստիպլինի մեջ և հայ կղերականությունը, որ ընտրությունից ընտրություն իշխող կլանի քարոզն է տանում կանտյան մետաֆիզիկ մեթոդներով, ինչի մասին մի շտրիխով շեշտում է հրեա մտածողը իր «Աբրահմն ու Սոկրատը» ստեղծագործության մեջ, իր արսենալում ունի նույն գիտականից բխող մեթոդիկան: Ինչի’ համար էր իմ գրվածքի այս պրիամբուլան: Այս պահին հավաքական առաջընթացն ուղղորդող միտքը տեղապտույտի մեջ է: Իմ դիտարկմամբ մի պարզ պատճառով: Մեր մեջ մեռել է հավատը: Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ: Հավատը եկեղեցու պատերի ներսում չէ: Ոչ էլ եկեղեցականի բերանով է ճշմարտությունը խոսում: Մկրտության արարողակարգը, մեռելոցը, խաչն ու խունկը, կրոնական ծեսն  ընդհանրապես, իր բոլոր արտահայտչաձևերով ու կիրառմամբ ընդհանուր ոչինչ չունեն հավատի հետ, այն հավատի, որն Աբրահամին շարժեց իր տեղից դեպի ավետյաց երկիր: Վաղուց արդեն հավատն իր համար է, հավատի քարոզասացն` իր: Չնայած, որ քարոզասացն ու քարոզ լսողը բացարձակապես նույն պլոբլեմի առաջ են կանգնած: Կանգնած են մերկ ու անպաշտպան նույն ինստանցիայի առաջ: 1988 թվականին ժողովուրդը իր բնազդով, իր ռիսկ ու հավատով ընկավ ճանապարհ, չենթարկվելով այն ժամանակվա «հոգևոր հովվի» «բանականությանն անսելու» հորդորներին ու կոչերին: Ու գտավ ժողովուրդը իր ավետյաց երկիրը: Աբրահամը հասավ տեղ: Բայց ինչ արեց հետո նա, այս մասին չի գրում մտածողը: Գուցե Սուրբ գիրքը չի գրում, թե ինչ արեցին, ինչ կարգ ու կանոն հաստատեցին հետո Աբրահամն ու իր ժողովուրդը: Երևի շատ չի տարբերվում նրանից, ինչ մենք հաստատեցինք: Մեր դեպքում ժողովուրդը գտավ իր ավետյաց երկիրը, իսկ առաջնորդն ու  քարոզասացը սկսեցին վայելել այդ երկրի տված հողի պտուղը: 1988 թվականի կրկնությունն են ուզում տեսնել 2008 թվականի մեջ շատերը: Ճիշտ է, նույն էին դերակատարները, պատմությունն էլ իր պատմականության մեջ էր, խաղն էլ նույն բեմի վրա, «Աբրահամն էլ նույն Աբրահամն էր, կարծես թե»: Բայց այլ կերպ ստացվեց: Ավետյաց երկիրը չգտնվեց, այլ բան գտնվեց:  Նոր հայտնություն չի իմ արածը, ու կարծում եմ, որ կատարվածը տեղավորվում է այն նույն թեզի մեջ, որ նպատակին հասնելն ավելին չի տալիս, քան նպատակին տանող ճանապարհին ձեռք բերվածը: Սիզիփոսին հիշենք, Ռայնհոլդ Մեսներին հիշենք: Ճանապարհը հաղթահարում է  ճանապարհ գնացողը: Ճանապարհ հաղթահարվեց, ճանապարհ անցավ ժողովուրդը: Առաջնորդն անցավ ճանապահ: Եվ այդ անցումը պետք էր նրան, հասկանալու համար թեկուզ, որ «ով էլ լինի ղեկին, միևնույնն է լինելու»: Նոր շարժում կարող է խթանել այս հայտնությունը: Ահավասիկ. Կարևոր չէ թե ով է ղեկին, կարևոր է, թե ինչն է շարժում ղեկավարին `հավատը,  թե’ հաշվարկը: 1988 թվականին խելառ հավատ կար միայն, իսկ 2008 թվականը հաշվարկված էր: Ցանկացած պրագմատիզմ, ցանկացած իրատեսականություն, ցանկացած ռեալ պոլիտիկ դատապարտված է ձախողման մեր դեպքում: Ինչ կերպ ձեռք բերվեց ավետյաց երկիրը, այդ կերպ էլ պիտի հաստատվի այդ երկրի կարգն ու կանոնը, առանց երկմտելու, առանց գուշակությունների, առանց նախահաշվարկի: Իսկ եթե բոլոր դեպքերում ուզում ենք կարգ հաստատել մեզ հասանելիք երկրում, որն ուզենք թե չուզենք միակն է, ըստ այդմ էլ ավետյաց, և եթե  ուզում ենք, այնուամենայնիվ, անել դա հաշվարկով, ապա դա պետք է անել խոշոր հաշվով: 30 սեպտեմբերի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter