Ովքե՞ր կլինեն 2012-ի խորհրդարանում` ըստ Աշոտ Մանուչարյանի
«2007 թ. պառլամենտական ընտրությունները, ինչքան ես կարող եմ հասկանալ, իրականում հաղթել է Գագիկ Ծառուկյանը: «Ժառանգությունն» էլ էր մեծ քանակով ձայներ հավաքել: Ես դժվարանում եմ ասել` ով էր 1-ին տեղում: Բայց կարծում եմ, այնուհանդերձ, հաշվի առնելով շրջաններն էլ` Գագիկ Ծառուկյանը երևի թե: Հետո վերանայվել են ընտրության արդյունքները արտաքին որոշակի ճնշումների ներքո»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կարողացել է նման արդյունքի հասնել նրա արդյունքում, որ հայաստանյան հասարակության լայն շերտերի մեջ այժմ անցել է օլիգարխիական մտածելակերպը, իսկ Գագիկ Ծառուկյանն օլիգարխի կերպարի կրող է: «Սա հեռանկար չէ Հայաստանի համար: Գագիկ Ծառուկյանը կարող է իր ստեղծած կառույցով լինել հեռանկար, եթե մտնում է տրանսֆորմացիայի գործընթացների մեջ: Հակառակ դեպքում նա կլինի պահի հերթական, նշանակված հերոսը, թե պահի մատաղացուն` կորոշի իրենից և մեզանից դուրս համակարգը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` Արևմուտքն այսօր կազմավորում է Հայաստանի ապագա խորհրդարանը, ընդ որում դա անում է ամենանուրբ ձևերով: Արևմուտքը տրանսֆորմացիա է իրականացնում Հայաստանում, և նախադրյալներ են երևում, որ Արևմուտքի նախապատրաստած նոր խորհրդարանում օլիգարխների համար տեղ չի լինելու: Այսօր այդ խորհրդարանի նախապատրաստման գործում Արևմուտքն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Ռուսաստանը: «Արևմուտքը դրանից հետո Հայաստանում ունենալու է էապես ավելի ուժեղ դիրքեր, և շատ հավանական է, որ զարգացումը արդեն շատ ավելի կտրուկ շարունակվի մոտավորապես վրացական տարբերակով»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդներով Արևմուտքը թույլ չի տալու, որ 2012-ի խորհրդարանում օլիգարխները տեղ ունենան` հաշվի առնելով այն, որ իշխանությունները հենց նրանց վրա հիմնվելով են ապահովում սեփական վերընտրությունը: Աշոտ Մանուչարյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչների ելույթներում հանգուցային բառեր են հնչում, օրինակ` «ՀՀԿ-ն երիտասարդացման կարիք ունի»: «Դա տրանսֆորմացիայի տերմիններից մեկն է: Եվ ես կարող եմ ամեն մի տեքստի մեջ ձեզ այդ տերմինները ցույց տալ, որոնք ապահովելու են այդ անցումը»,- ասաց բանախոսը:: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ օլիգարխները կդիմադրեն և թույլ չեն տա, որ իրենց դուրս թողնեն նոր խորհրդարանից, քանի որ խորհրդարան են մտնում սեփական շահերը պաշտպանելու համար` Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ցանկության դեպքում պետությունը կարող է չեզոքացնել ցանկացած օլիգարխի, և երբ օլիգարխը պետության հետ ոտք է մեկնում, ապա «ոչնչացվում է», ինչպես, օրինակ` Խոդորկովսկին կամ Բերեզովսկին, ովքեր Ռուսաստանում որոշում էին ամեն ինչ: Անդրադառնալով նրան, թե որ ուժերը կլինեն ապագա խորհրդարանում` նա նշեց, որ գուշակ չէ, ուղղակի դատում է նրանից` ինչ ասվել է: Իսկ ասվել է, որ խորհրդարանական ընտրությունները կհաղթի Հանրապետականը: «Օրինակ` «Օրինաց երկիրը», ձեր կարծիքով, ի վիճակի՞ է անցնել խորհրդարան: Բայց ձեզ ասել է ինքը` Գալուստ Սահակյանը, որ նա անցնելու է: Եվ ես հավատում եմ Գալուստ Սահակյանին: «Օրինաց երկիրը» իրոք լինելու է 2-րդ տեղում: Բայց դա ի՞նչ «Օրինաց երկիր» է լինելու, ո՞նց է նա անցնելու խորհրդարան: «Օրինաց երկրի» դեպքում ակնհայտ է, որ կա ուղիղ գործարք, այնտեղ մի անձնավորություն կա, որը Արևմուտքի համար հասկանալի, ընդունելի անձնավորություն է, և էդ անձնավորության հետ պետք է կապեն ինչ-որ մի շոգեքարշ, որ ասեն. «Այսինչ կուսակցությունը անցավ»: Էդ շոգեքարշը ումից է կազմված լինելու` մոտավորապես պարզ է. դա գրվելու է որոշակի տեղ, որոշակի թելադրանքներով և այլն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Մյուս ուժերը, որոնց` նոր խորհրդարանում լինելու մասին ակնարկվում է, ըստ բանախոսի, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն են: Իսկ Դաշնակցությանը այդ ուժերի շարքում չեն թվարկում: ««Բարգավաճը» իհարկե կձգտի ունենալ էնպիսի տեղ, ինչպիսին հարիր է իրեն, բայց խոսում են, որ շատ ավելի համեստ հնարավորություններով ներկայացված կլինի: Ես չեմ ասում` «Բարգավաճը» չի լինի: Ըստ ամենայնի` «Բարգավաճը» կլինի, բայց ես նկատի ունեմ` այդ պլանների շրջանակում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով` եթե Հայաստանում ոչինչ չկատարվի, ամեն ինչ խաղաղ ընթանա, ապա խորհրդարանական ընտրությունները կունենան իր նշած ելքը: Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Արևմուտքը մինչ այժմ շարունակում է Սերժ Սարգսյանին պահպանել իր պաշտոնում, բայց որևէ երաշխիք չկա, որ հետո ևս այդպես կլինի: «Արևմուտքը զարմանալի բան է: Պինոչետը Արևմուտքի համար արել է ֆանտաստիկ գործեր. Լատինական Ամերիկայում կոմունիզմի իզն ու թոզը կտրողը Պինոչետն էր, բայց երբ դառավ մի քիչ տարեց, մի քիչ էլ գործից կտրված, բռնեցին, տարան, նստեցրին, դատեցին, ընտանիքին հետապնդեցին և այլն, որովհետև Արևմուտքը արդեն մի հատ նմուշի կարիք ուներ, որ այդ նմուշի վրա դաստիարակեր, որ «ժողովուրդ, բռնակալ չի կարելի լինել»»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել