
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը, որը շուրջ 1,5 տարի եղել է «Նաիրիտի» տնօրեն, օրերս մեր թղթակցի հետ զրույցում կոշտ արտահայտություններ է արել «Նաիրիտի» ներկայիս ղեկավարների հասցեին:
«ՀԺ» թղթակիցը Շահվերդյանին հարցրել է` կզարմանա՞ արդյոք, եթե իմանա, որ «Նաիրիտի» ներկայիս տնօրենի աշխատավարձն ամսական 9 մլն դրամ է: «Ճիշտն ասած` «Նաիրիտում» ստեղծված իրավիճակում, եթե տնօրենն իրեն գրի 9 միլիոն, ապա դա անբարոյականություն է»,- ասել է Շահվերդյանը:
Տնօրեն Մելքոնյանի աշխատավարձի չափի մասին տեղեկությունը ստացել ենք «Նաիրիտի» աշխատակիցներից: «Աշխատավարձերի մասին տեղեկությունները գաղտնի են»,- մեզ հայտնել են «Նաիրիտի» լրատվական բաժնից եւ չեն հաստատել մեր այն տեղեկությունը, որ օրերս տնօրենի հրամանով երկու փոխտնօրեններ իրենց ծննդյան օրվա առթիվ պարգեւատրվել են մեկ ամսվա աշխատավարձի չափով` յուրաքանչյուրը 3,5 միլիոն դրամ:
Նշենք, որ «Նաիրիտի» շարքային աշխատակիցները 3 ամիս չեն ստացել միջինը 50-120 հազար դրամ կազմող իրենց աշխատավարձերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել