
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պնդմանը` «Մենք այսօր էլ բանակցում ենք Կառավարության հետ, որպեսզի «Լեզվի մասին» օրենքը քննարկումից հանի, ետ կանչի, «Հանրակրթության մասին» օրենքում էլ մեր նարկայացրած գաղափարախոսությունն անպայման լինի»` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Ես չգիտեմ` ինչ բանակցությունների մասին է խոսքը, որովհետեւ որքանով ես եմ տեղյակ` ոչ ԱԺ նախագահն է վարչապետի հետ այս խնդիրը քննարկում, ոչ էլ խմբակցության ղեկավարն է ինձ հետ քննարկել այն:
Խնդրի քննարկման իմաստն էլ չկա, քանի որ ԱԺ լսումների ժամանակ եւ ԱԺ նախագահը ելույթում բարձրաձայնեց, որ խնդիրը քննարկված է նաեւ ՀՀ նախագահի մոտ, եւ Կառավարության անունից ես հնչեցրի մեր մոտեցումներն առ այն, որ մենք պատրաստ ենք չանել փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքի մեջ:
Ինչպե՞ս կարող է Կառավարությունը ՀՀ նախագահի մոտ եղած քննարկումներից հետո դեռեւս բանակցային գործընթացի մեջ լինել: Այս մոտեցումը չի տեղավորվում ոչ քաղաքական հարթության, ոչ էլ կուսակցական գործընթացների տրամաբանության մեջ: Եվ վերջապես` չի տեղավորվում գործնական հարթության մեջ, քանի որ օրինագծի լրամշակումն իրականացվում է ԱԺ եւ Կառավարության համատեղ ջանքերով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել