Հայ շախմատիստները կփորձեն ռեւանշ վերցնել չեխերից հայուհիների պարտության դիմաց
Շախմատի օլիմպիադայի այսօր կայանալիք նախավերջին` 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չեխիայի ընտրանու հետ: Կմրցեն Նավարա-Արոնյան, Հակոբյան-Լազնիչկա, Հրաշեկ-Սարգսյան, Փաշիկյան-Բաբուլա զույգերը:
9 տուրից հետո մեր թիմը, որը գործնականում կորցրել է իր չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու հնարավորությունը, վաստակել է թիմային 13 միավոր (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ ընթանում է իր համար անսովոր 10-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակի միչանձնյա առաջատարը 16 միավորով Ուկրաինան է, որը 7 հաղթանակ է տարել եւ 2 ոչ-ոքի արել: 15-ական միավոր ունեն Ռուսաստան-1-ն ու Ֆրանսիան, 14-ական միավոր են վաստակել Իսրայելը, Չինաստանը, ԱՄՆ-ը: 10 թիմ` Վրաստանը, Լեհաստանը, Իսպանիան, Հայաստանը, Հունգարիան, Չեխիան, Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Իտալիան, ունեն 13-ական միավոր եւ դասավորվել են նշված հերթականությամբ: Այսօրվա հետաքրքիր հանդիպումներից են` Ուկրաինա-Ֆրանսիա, Չինաստան-Ռուսաստան-1, ԱՄՆ-Իսրայել, Իսպանիա-Վրաստան:
Կանանց պայքարում ամեն ինչ կարծես պարզ է: Ռուսաստան-1-ը 100-տոկոսանոց արդյունքով` 9 խաղից նույնքան հաղթանակ, 18 միավոր է վաստակել եւ մնացած 2 տուրերում դժվար թե զիջի դիրքերը: Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հնդկաստանը եւ Բուլղարիան ունեն 14-ական, իսկ Սերբիան, Հայաստանը, Լեհաստանը եւ Ռուսաստան-2-ը` 13-ական միավոր: Մեր կանայք տղամարդկնաց նման տարել են 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացել, 2 պարտություն կրել: Այս արդյունքով մեր թիմն առայժմ 8-րդն է: Այսօր մեր աղջիկները կմրցեն լեհերի հետ:
Հետաքրքիր է, որ մեր տղամարդիկ հաղթել են լեհերին, իսկ կանայք պարտվել չեխուհիներին: Տեսնենք, թե կկարողանա՞ն հայուհիները եւս հաղթել լեհուհիներին, իսկ տղամարդիկ ռեւանշ վերցնել չեխ տղամարդկանցից կանանց համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել