Երևանում կանցկացվի Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը
Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով ցելյուլոզից ստանալ հրակայուն բամբակ։ Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ և անվտանգ շամպուն ստանալու համար։ Ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարի մասնակիցները։ Սա «Այբ» կրթական հիմնադրամի հերթական հետաքրքիր նախաձեռնությունն է, որն իրենից ներկայացնում է թիմային մրցույթ, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները:
Մրցույթը կկայանա հոկտեմբերի 2-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ Մրցաշարին մասնակցում է յոթ թիմ հանրապետության տարբեր քաղաքներից, մասնավորապես` մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից, Վաղարշապատից, Գյումրուց, Ստեփանավանից և երկու թիմ՝ Երևանից:
Ժյուրիի նախագահն է Երևանի պետհամալսարանի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ,քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը: Ժյուրիի կազմում ներգրավված են դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, դպրոցի ուսուցիչներ և այլ մասնագետներ: Մրցույթը բաղկացած է 2 կիսաեզրափակչից և եզրափակչից, որոնց կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ «Այբ» հիմնադրամը ցանկացողներին հրավիրում է ֆիզմաթ դպրոցի դահլիճ: Եզրափակչի սկիզբը` ժամը 15:30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել