Հումանիտար ինստիտուտի ռեկտորը հրաժարվեց հայցից
Եվ հրաժարվեց ներկայացնել դատարանի պահանջած փաստաթղթերը Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է «Հետքի» եւ լրագրող Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած հայցից:
Հիշեցնենք, որ նա պահանջում էր հերքել «Հետք» շաբաթաթերթում տպագրված Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը հոդվածը (N 21, 03.06.2010), որն, ըստ հայցի, արատավորել էր ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը: Միքայել Ամիրխանյանը պահանջում էր հօգուտ իրեն բռնագանձել 200 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ 8.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը: Պարզվում է, ռեկտորը և փաստաբանը տեղյակ չեն եղել Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի փոփոխությունների մասին, այն է` լրագրողը կամ խմբագրությունն ազատվում է պատասխանատվությունից, եթե նա իր կարծիքը չի արտահայտել, այլ վերարտադրել է ուրիշի խոսքերը: «Այսինքն` թութակի դեր է կատարում»,- լրագրողի աշխատանքը որակեց բուհի ռեկտորը: Այսինքն` ռեկտորի բարի համբավը ոչ ԶԼՄ-ն, ոչ էլ լրագրողը չեն արատավորել, քանի որ նրա նկատմամբ զրպարտություն և վիրավորանք չեն հրապարակել: Զրպարտողը, ըստ հայցվորների, եղել է բուհի ուսանող Գայանե Մալիշենկոն, որի դեմ էլ նրանք նոր դատական հայց կներկայացնեն: Միքայել Ամիրխանյանը նիստի սկիզբում չասաց, որ հրաժարվում է հայցից, այլ մոտ 20 րոպե ներկայացնում էր Երևանի հումանիտար ինստիտուտում ուսուցման կազմակերպման հետ կապված դրական քայլերը, հրատարակած գրքերը, զեղչած ուսանողների վարձավճարները, արտասահման վերապատրաստման ուղարկած ուսանողների քանակը և այն: Վերջում նա եզրակացրեց, որ Գայանե Մալիշենկոն է իրեն զրպարտել, չնայած նա պայմանագրի համաձայն ստացել է 1 մլն 761 հազար դրամ: Եվ նա է կազմակերպել «զրպարտչական» հոդվածը, որը 22 ստորագրությամբ իրենց բուհում մերժվել է: «Ինչն էր պատճառը, որ Մալիշենկոն կազմակեպում է զրպարտչական հոդվածը, ինձ համար մնում է անհայտ: Միայն մի բան. ես ժամանակին կեսկատակ-կեսլուրջ հայտարարել էի, որ բոլոր դիմորդներին ես 10 հազար կզեղչեմ, Մալիշենկոյին չեմ զեղչել, սա վիրավորվել է»,- անհիմն որակելով Մալիշենկոյի հոդվածում նշած փաստերը` ասաց ռեկտորը: Ինչ վերաբերում է ԿԳՆ-ից ստացած դիտողություններին, ապա ռեկտորը տեղեկացրեց, որ արդեն մեկ դասախոս Ճապոնիայում պաշտպանել է դոկտորականը և վերադարձել: «Սագամարի» հետ պայմանագիրը, տարածքի վարձակալության պայմանագիրը, Կադաստրի գրանցման վկայականը, որոնք պահանջել էր պատասխանող կողմը անցյալ նիստին, և որի միջնորդությունը դատարանը բավարարել էր, այդպես էլ դատարանին չներկայացրեց: Անի Հովհաննիսյանի փաստաբան Օլյա Սաֆարյանը դատարանից խնդրեց ապահովել միջնորդության բավարարումը և դատարանին ներկայացնել նշված փաստաթղթերը: Դատարանը մեկ անգամ ևս ռեկտորից պահանջեց ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, սակայն ռեկտորը հրաժարվեց և ասաց, որ ինքը բնօրինակներ չունի, դրանք գործերից չէր կարող հանել, իր մոտ միայն պատճեններն են, որը խուսափեց ներկայացնել դատարան: Օլգա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տարածքի վարձակալության պայմանագիրը պահանջել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիուտից և հենց Երևանի հումանիտար ինստիտուտից մինչև դատական նիստերի սկսվելը, սակայն մինչ օրս այնտեղից էլ պատասխան չկա: «Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր մեր միջնորդությունը, և այսօրվա նիստում ռեկտորի պահվածքից երևում էր, որ դա իրենց «ամենաթույլ» տեղն է, այսինքն` կան բաներ, որոնք իրականում կարող էին ավելի մեծ բացահայտումներ դառնալ բուհի մասին: Միաժամանակ ռեկտորն այսօրվա ելույթում մի քանի տվյալներ ներկայացրեց, որոնք կարող են հիմք հանդիսանալ տարբեր պետական մարմինների համար` բուհի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես` ուսանողի աշխատավարձից ինչ-որ չափով գումար է պահել բուհի համար: Սա արդյո՞ք չի նշանակում, որ նա աշխատանքային շահագործման է ենթարկում ուսանողներին և առանց նրանց համաձայնության աշխատավարձից գումար պահում: Դատական այս կարճ գործընթացը ցույց տվեց, որ հոդվածը «խորացնելու» տեղ ուներ, դատարանի միջոցով կարողացանք պարզել, որ այդ բուհում այլ կարգի խախտումներ էլ կան»,- ասաց «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Դատարանը վերջնական ակտը կհրապարակի հոկտեմբերի 14-ին` ժամը 17:20-ին:
Մեկնաբանել