Պիտեր Սեմնեբին` արտգործնախարարի մոտ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ս.թ. հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքերով` սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավականին արդյունավետ էին եւ կարեւոր հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են նաեւ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:
Պիտեր Սեմնեբիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել