Մեկնարկում է Հայֆեստ 8-րդ միջազգային թատերական փառատոնը
Այսօր Երեւանում մեկնարկում է «Հայ ֆեստ» (HIGH FEST) 8-րդ միջազգային թատերական փառատոնը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը: Այս տարվա փառատոնին հանդես կգան 22 երկրներից 33 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Հայաստանից և այլն:
Փառատոնի շրջանակներում մոտ 15 բեմահարթակներում կցուցադրվեն 60 ներկայացումներ, որոնք կընդգրկվեն փառատոնի հիմնական և ֆրինջ ծրագրերում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, մատների թատրոն, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնին մասնակցում են համաշխարհային համբավ վայելող այնպիսի թատրոններ, ինչպիսիք են Իմիթեյթինգ դը Դոգ թատրոնը (Մեծ Բրիտանիա), Լուդեմ թատրոնը (Չեխիա) և Չառլզտաուն Ուորկինգ թատրոնը (ԱՄՆ):
Փառատոնի այս տարվա շրջանակներում կանցկացվի իրանական ներկայացումների հատուկ ծրագիր (show-case): Փառատոնը կբացի իրանական Էմրուզ թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» տրագիկոմեդիան: Սա մի լայնամասշտաբ բեմադրություն է, որտեղ ներգրավված են թելեր և գործվածքներ, իրանական հնագույն զարդանախշեր, 4 եղանակների վերարտադրումը ըստ գորգագործների` Ռումիի պոեզիաի համադրությամբ:
Երևանում առաջին անգամ կանցկացվի IFEA (Միջազգային փառատոնների և իրադարձությունների ասոցիացիա) Խորհրդի տարեկան նիստ: Մասնակից միջազգային փորձագետները Երևանում կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել