Կարևորվել է առկա ներուժի լիարժեք իրացումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ու Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական փոխգործակցության խորացումը։ Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը ողջունել է կառավարության ղեկավարը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի մասնավոր հատվածների միջև կապերի ակտիվացումը ու առևտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ այս տարվա հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մոհամմադ Նահավանդիանը հրավիրել է Տիգրան Սարգսյանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել