HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը բարձրացնում է դասագրքերի սանիտարահիգիենիկ պահանջների խնդիրը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Առողջապահության ու Կրթության եւ գիտության նախարարներին դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների փորձաքննության գործընթացի եւ արդյունքների մասին: Պատգամավորը պարզել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված է «Հանրակրթական դպրոցի եւ նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ եւ նորմեր պարունակող փաստաթուղթը եւ այդ նպատակով փորձաքննություն է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, այս ոլորտի գործունեության մասին հասարակությունը երբեւիցե չի տեղեկացվել: Տպավորություն է ստեղծվում այն մասին, որ ինչպես այս փաստաթուղթը, այնպես էլ վերոնշյալ ՓԲԸ-ն, որոնց նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբեւիցե չեն գործել, որովհետեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին: Իր նամակներում պատգամավորը մի շարք հարցեր է բարձրացրել` ներկայացնելով վերոնշյալ փաստաթղթի եւ 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի փաթեթում տեղ գտած պահանջների եւ բացթողումների մասին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակները: «Հարգելի պարոն Քուշկյան, Ձեր կողմից ինձ տրամադրած ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի եւ նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»  սանիտարական կանոններ եւ նորմեր պարունակող փաստաթղթի «Դասագրքերի հիգիենիկ փորձաքննության կարգի» 5.1.1 կետում գրված է. «Հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»: Ելնելով վերոգրյալից` Ձեզ հարցում հղեցի` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն կազմակերպության մասին, որը իրականացնում է նման փորձաքննություն եւ 2009-2010 թվականներին լույս տեսած դասագրքերի հիգիենիկ փորձաքննության արդյունքները: Ձեր պատասխանից պարզ դարձավ, որ դասագրքերի փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, որի վերոնշյալ գործունեության մասին հասարակությունը երբեւիցե չի տեղեկացվել, իսկ 2009-2010 թվականների հրատարակած դասագրքերի ուսումնասիրության արդյունքները գրությամբ ստանձնել եք տրամադրել հետագայում: Կարծում եմ` խնդիրն անմիջականորեն կապված լինելով  երեխաների առողջության հետ` հետապնդում է կարեւոր հանրային շահ, ուստի վերոնշյալ կենտրոնն իր փորձաքննության տարեկան արդյունքները պետք է հրապարակի եւ հատկապես նշի, թե որ դասագրքերն են տպագրվել ներկայացվող հիգիենիկ պահանջների խախտումով: Որքանո՞վ է կանխվում վնասակար դասագրքերի վաճառքը: Ձեր ներկայացրած փաստաթղթում բացակայում է նաեւ երեխայի առողջության համար շատ կարեւոր մի դրույթ` նույն դասագրքի օգտագործման թույլատրելի տարիների քանակը: Իմ կարծիքով` պետք է նաեւ սահմանվեն տարբեր տարիքային խմբերի համար նույն դասագրքերի օգտագործման ժամկետները եւ դրանով պետք է առաջնորդվեն դասագրքերի թե բովանդակային եւ թե արտադրությամբ զբաղվող մարմինները: Դասագրքերի նորացման անհրաժեշտությունը որքանո՞վ է պայմանավորվել սանիտարահիգիենիկ պահանջներով` ըստ Ձեր քաղաքականության, եթե այդպիսին կա: Այժմ մի քանի նկատառումներ ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված փաստաթղթի մասին. «Դասագրքի հիգիենիկ դասակարգումը» վերնագրի տակ  3.3. կետում գրված է, որ դասագրքերը նախատեսվում են 3 տարիքային խմբերի համար` տարրական 1-4-րդ, միջին` 5-9-րդ եւ ավագ` 10-12-րդ: «Ընդհանուր հիգիենիկ պահանջներ» վերնագրի 4.1.1. կետի տակ գրված է` չի թույլատրվում տպագրել դասագիրք, որն իր մեջ ներառում է երկու տարիքային խմբի ուսումնական նյութ եւ տրված է հետեւյալ ցուցումը` Դասագիրքը իր մեջ պետք է ներառի նյութեր` հաշվարկված ոչ ավելի, քան. * մեկ տարվա ուսուցման` 1-ին դասարանի համար, * երկու տարվա ուսուցման` 2-4-րդ դասարանների համար, * երեք տարվա ուսուցման` 7-12-րդ դասարանների համար: Ինչպես տեսնում եք, այս ցուցման մեջ 5 եւ 6-րդ դասարանները չեն երեւում, իսկ 7-12-րդ դասարանների համար դասագրքերը 2 տարիքային խմբի համար են եւ կարող են 3 տարվա փոխարեն պարունակել 6 տարվա ուսուցման համար նախատեսված ուսումնական նյութ, որը հակասում է վերոնշյալ պահանջներին: Տպավորություն ունեմ, որ այս փաստաթուղթը, որի նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբեւիցե չի գործել, որովհետեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա` դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին: Ավելին, որպես 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովի անդամ, իմ կողմից բարձրացվեց վերոնշյալ հարցը եւ ասվեց, որ Հայաստանում չունենք համապատասխան լաբորատորիա: Առաջարկում եմ վերանայել հրամանի որոշ դրույթներ` կապված 4.1.1.կետի հետ, Խնդրում եմ տրամադրել նաեւ 2008-2009 թվականներին հրատարակված դասագրքերին ներկայացվող հիգիենիկ փորձաքննության արդյունքները: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի գործող կարգով դասագիրքն աշակերտին տրվում է հիմնականում 4 տարով, իհարկե կան նաեւ շեղումներ: Սանիտարահիգիենիկ տեսակետից ուսումնասիրվե՞լ են արդյոք 1,2,3 եւ 4 տարի օգտագործված դասագրքերը, հիմնավորվա՞ծ է արդյոք  4 տարին: Առաջարկում եմ վերոնշյալ հրամանով սահմանել տարբեր տարիքային խմբերի համար նույն դասագրքերի օգտագործման ժամկետները: Առաջարկում եմ վերոնշյալ հրամանով դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման ժամանակ անպայման հաշվի առնել դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննության արդյունքները` ելնելով հրամանի 5.1.1.կետի պահանջներից, այն է` «հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել, թե ինչո՞ւ է հիշյալ փորձաքննությունը իրականացվում փակ բաժնետիրական ընկերություն կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպության կողմից, որքա՞ն է կազմում այդ կազմեկրպությունում պետությանը պատկանող բաժնետոմսերի քանակը եւ ի՞նչ հիմունքներով է փորձաքննություն իրականացնում կազմակերպությունն ըստ իր կանոնադրության. Պարտադի՞ր, թե՞ ըստ պատվերի: Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում քննարկել իմ կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները եւ դրանց մասին տեղեկացնել ինձ»: «Հարգելի պարոն Աշոտյան, 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովում իմ կողմից բարձրացվեց  հարց` արդյոք մեզանում գոյություն ունե՞ն դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ սանիտարական նորմերի պահանջներ եւ ո՞ր մարմնի կողմից է իրականացվում այդ փորձաքննությունը: Պատասխանում ասվեց, որ Հայաստանում նման լաբորատորիա չունենք: Պարոն Ղուկասյանն ասաց, որ եթե Կառավարության համապատասխան որոշումով ԿԱԻ-ին հանձնարարվի այդ գործընթացը, ապա  որպես ԿԱԻ-ի տնօրեն, ինքը միջոցներ կգտնի այդ լաբորատորիան ստեղծելու համար: Իմ կողմից արված հարցումներով պարզվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007թ. փետրվարի 6-ի հրամանով  Հայաստանում տպագրվող դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են «Հանրակրթական դպրոցի եւ նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ եւ նորմեր պարունակող փաստաթղթում, որի «Դասագրքերի հիգիենիկ փորձաքննության կարգը»-ի  5.1.1.կետում գրված է. «Հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության` դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում»: Իսկ փորձաքննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, որի վերոնշյալ գործունեության մասին հասարակությանը երբեւիցե չի տեղեկացվել: Տպավորություն ունեմ, որ թե այդ կենտրոնը, թե այս փաստաթուղթը, որի նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբեւիցե չեն գործել, որովհետեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագությանը ներկայացվող հիգենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին: Դասագքերի մրցույթի հայտերի գահատման փաթեթի փաստաթղթի 6-րդ` «Տեխնիկական հատկորոշիչներ» գլխում գրված է, որ «սույն հատկորոշիչները գրքերի արտադրության որակի նվազագույն պահանջներն են»: Գրված է նաեւ, որ «տվյալ հայտողին պայմանագիր շնորհելու դեպքում` նրա նկատմամբ կարող է կիրառվել տուգանք, եթե ներկայացված գրքերի արտադրական որակի տեխնիկական հատկորոշիչները պահանջվող հատկորոշիչներից ցածր են եւ  կիրառվող տուգանքի չափը կորոշվի գրքերի մրցույթի գնահատման հանձնաժողովի կողմից` գրքերի արտադրության որակի մասնագիտական փորձաքաննություն իրականացնող խմբի առաջարկությամբ»: Նկատենք, որ այս փաստաթղթում խոսքը գրքի, եւ ոչ դասագրքերի մասին է, այնինչ առողջապահության նախարարի հրամանը վերաբերում է միայն դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, որին հղում չի արվում: Կա՞ արդյոք այդ խումբը, որի մասին խոսք անգամ չի եղել 2010-2011 ուստարվա դասագրքերի մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչպես տեսնում եք,  սեղանի վրա ունենք իրարից անկախ  երկու փաստաթուղթ` մեկը առոջապահության նախարարի հրամանը, մյուսը` Ձերը, որոնց նպատակները կարծես թե նույնն են` մեր երեխաներին տրամադրել պետական ծրագրերին եւ չափորոշիչներին համապատասխան, բովանդակալից, երեխաների առողջությունը չվտանգող դասագրքեր, որոնց քաշը, չափսերը, տառատեսակները, թղթի որակը, տողերի քանակը, գրքերը կարելու ձեւերը եւ փորձաքննության ենթակա բազմաթիվ այլ պահանջներ պետք է տարբերակվեն` երեխաների տարիքին համապատասխան: Հարգելի պարոն Աշոտյան, խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե 1. ԿԳ նախարարությունը երբեւիցե տեղեկացվե՞լ է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն»  ՓԲԸ-ի գործունեության արդյունքների մասին` կապված դասագրքերին ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննության հետ, 2. ելնելով երկու նախարարների` իրարից անկախ հրամաններից` ՀՀ ԿԳՆ-ն պատրա՞ստ է արդյոք ՀՀ առողջապահության նախարարության հետ  համագործակցությամբ ստեղծել մի գործուն մեխանիզմ, որը կմեկտեղի վերոնշյալ երկու փաստաթղթերի պահանջները, որոնք հաշվի կառնվեն դասագրքերի ստեղծման թե բովանդակային եւ թե արտադրությամբ զբաղվող մարմինների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter