
Երեկ «ՀԺ»-ին տեղեկություններ են հասել, որ նախօրեին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա շիշ են նետել: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` շիշը դիպել է շարասյան վերջին մեքենային, որի ապակին կոտրվել է: Միջադեպը տեղի է ունեցել ավտոմայրուղու վրա, կորտեժը կանգ չի առել, կանգ է առել միայն թիկնազորին պատկանող վնասված մեքենան:
Հայտնի՞ է արդյոք շիշը նետած անձի ինձնությունը, և ի՞նչ է սպասվում նրան: Ի պատախան «ՀԺ»-ի այս հարցի` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հայտարարեց. «Նման միջադեպ տեղի չի ունեցել»: Ըստ շրջանառվող լուրերի` սակայն, երբ վնասված մեքենան կանգ է առել, տեղում ոչ ոքի չի գտել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արարատի և Արագածոտնի մարզեր: Արագածոտնի մարզում էլ` Ուջան գյուղի մոտ, տեղի բնակիչները փակած են եղել Սերժ Սարգսյանի ճանապարհը:
Ըստ Արմեն Արզումանյանի` ճանապարհը ոչ թե փակել են, այլ պարզապես Սերժ Սարգսյանը տեսել է, որ մարդիկ են հավաքված և կանգնեցրել է շարասյունը: Պարզվել է, որ Սերժ Սարգսյանին ասելու բան ունեն հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող ուջանցի պարտադիր ժամկետային զինծառայող Հարութիկ Կիրակոսյանի ծնողները:
Կիրակոսյանն այժմ կալանքի տակ է, և նրա ծնողները պնդել են, թե իրենց որդին որևէ մեղք չի գործել: Սերժ Սարգսյանը, ըստ Արմեն Արզումանյանի, ասել է, թե ինքն ամենաշատն է շահագրգռված, որ դեպքը բացահայտվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել