HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք միջոցառումներ` «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում

Հոկտեմբերի 1-7-ը հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ անցկացվելու է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 1-ին փառատոնը, որը միտված է գրքի արժևորմանն ու ընթերցանության խթանմանը: Փառատոնը կազմակերպում են «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ն, Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանը, «Արտբրիջ» գրախանութը, «Անտարես» հոլդինգը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 1-ին փառատոնի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00, Խնկո Ապոր անվ ազգային մանկական գրադարանում: Փառատոնի բազմաբնույթ ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ. Գրքի բացօթյա տոնավաճառ: Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն իրենց վերջին տարիների հրատարակությունները, ՀՀ-ում գործող դեսպանատները կմասնակցեն ցուցահանդեսին իրենց գրադարանային հավաքածուներով: Հեքիաթների ընթերցանության շարք: «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կկարդան իրենց ազգային հեքիաթները: «Հեքիաթի մոլորակ» գրքերի ցուցահանդես, հեքիաթապատում՝ փոքրերը հեքիաթ են պատմում մեծերին: Հայոց այբուբենի տառերի նկարազարդումների ցուցահանդես-մրցույթ: Համաշխարհային արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ: Գրադարանի հարակից տարածքում կցուցադրվեն համաշխարհային արվեստի մասին պատմող ֆիլմեր: «Բիթնիկների գրականությունը և պոեզիան 50-ականների Ամերիկայում» դասախոսություն: Սեմինար-քննարկումներ` «Գիրք-ընթերցող-գրող-հրատարակիչ-գրավաճառ», «Գուտենբերգ-Մեղապարտ. հայկական տպագրության պատմությունը» թեմաներով: Հանդիպում-կլոր սեղաններ: «Հայաստանը 2011 թ. Ժնևի գրքի սալոնի գլխավոր հյուր, հայ և օտարազգի գրողների և հրատարակիչների հանդիպում` «Ճանաչենք միմյանց մշակույթի միջոցով»: Շնորհանդեսներ` նոր լույս տեսած գրքերի հեղինակների մասնակցությամբ: Թատերականացված շոու, բացօթյա ներկայացումներ լարախաղացների մասնակցությամբ` գրադարանից դեպի Ազատության հրապարակ: Պատկերապատումների (կոմիքսների) ստեղծման ակցիա` գրադարանի դիմացի մայթով ձգվող բանների վրա: Աշխատանքները կամփոփվեն փառատոնի փակման օրը: Գրաֆիտի ակցիա բանների վրա` գրադարանի մերձակա տարածքում: Գրադարանի շքամուտքի աստիճանների գունազարդում: Մանկական կավճանկարչություն՝ սիրված հեքիաթների թեմաներով: Փառատոնին մասնակցում են տարբեր երկրների արվեստագետներ, գրողներ, հրատարակիչներ: Արտերկրի անվանի մասնագետները գրադարանի ճեմասրահում և դահլիճում կանցկացվեն պատկերապատման վարպետության դասեր: Մշակութի նախարարության կայքը նշում է, որ տարածաշրջանում նախադեպը չունեցող այս փառատոնը միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման ու համագործակցության միջոցով կնպաստի Հայաստանում ժամանակակից գրականության, թարգմանական գործի, գրքի ձևավորման մշակույթի, գրատպության դաշտի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter