HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տարաշխարհիկ այգիների պարտիզանը

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղուց Այրում քաղաք բարձրացող ճանապարհի ձախ կողմում, ճամփի պատվարի եւ պահածոների գործարանի շենքի միջեւ, գետնից մի քանի մետր բարձրությամբ, 700 քմ տարածքով, տարաշխարհիկ ծառերով «կախովի այգի» կա, որ հիմնել է տոհմիկ այգեգործ Գագիկ Ազատյանը: «Իմ 50-ամյակին Այրում համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Անտոնյանը, հարգելով վաստակս, որ քաղաքում 2 զբոսայգի եմ ստեղծել, այս հողը տվեց ինձ»,-ասում է 58-ամյա գյուղատնտեսը: Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտել է 1977թ.: Երեւանի բուսաբանական այգու կանաչապատման բաժնում 3 տարի աշխատելուց հետո, մոր ցանկությամբ, Գագիկը վերադարձել է Նոյեմբերյան: Կանաչապատել է Նոյեմբերյանի նախկին շրջխորհրդի գործկոմի (այժմ` քաղաքապետարանի) շենքի շրջակա տարածքը: 1982-ից նա աշխատել է Այրում ավանում, տեղի մշակույթի տան հարակից գոտում հիմնել վերոհիշյալ 2 զբոսայգին: Որպես լավ գործի խրախուսանք` տեղի պահածոների գործարանի տնօրեն Ժոֆետ Մամաջանյանի որոշմամբ Գագիկի ընտանիքին բնակարան է հատկացվել: Նա իր գործի նվիրյալն է: Տեսնել է պետք, թե ինչ ոգեւորությամբ է ներկայացնում իր «սաներին»` տարաշխարհիկ ծագում ունեցող ծառերն ու բույսերը: «Բեխոյան շատ օգտակար հատկություններ ունի, յոդով հարուստ է, հատկապես զոբի հիվանդություն ունեցող կանանց է խորհուրդ տրվում այն օգտագործել: Բագրատաշենի շուկայից եմ գնել, վրացիներից: Հիմա 5 տարեկան է: 2007 թ. գարնանը ցուրտը տարավ: Արդեն հույս չունեի, սակայն այն նորից բուսնեց, վերակենդանացավ: Սա էլ ճապոնական դեղին զկռենի է, սրան էլ 2007-ի գարնանը ցուրտը նեղեց, տեսնո՞ւմ ես տերեւները: Պատի մոտ եմ տնկել, որ ցուրտը չտանի»,- պատմում է Գագիկը: Տեսնելով մի ծառի ուղղված իմ հայացքը` բուսաբանը բացատրում է. «Ճապոնական դեղին զկռենի է, կեռասենու նման փնջերով պտուղ է տալիս: Սա էլ արմավենիների տնկարան է, քեզ էլ կտամ, որ աճեցնես: Այս արմավենիները դեկորատիվ են, տեսած կլինես` դրանք զարդարում են ծովափնյա բնակավայրերը: Սա էլ վայրի մանդարին է` փշերով, որպես պատվաստանյութ եմ օգտագործում»: Փոքրիկ այգում տեսնում եմ դափնու թուփ, դափնեբալի ծառ, հիմալայան արծաթափայլ մայրի: Գագիկ Ազատյանն ասում է, որ մայրու կանաչ տեսակը Այրումի զբոսայգում է տնկել: Գագիկի այգում 7 տեսակի թուզ կա, որից նա հյուրասիրում է: Նա թզի տարբեր տեսակներ է փորձարկում` համոզվելու, թե որ տեսակն է այստեղ լավ հարմարվում եւ բարձր բերք տալիս: Փոքր այգում արքայախնձորի կիսահասուն բերք կա, բանանի թփեր: Սակայն մեր կլիմայի պայմաններում բանանը չի հասունանում: Պահածոների գործարանի սահման հանդիսացող պատն էլ է օգտագործել, դրան կպած են բուժման կարիք չունեցող խաղողի բեռնավորված ոստեր: Գագիկի հետ շարունակում եմ խորանալ հիրավի դրախտային այգու մեջ: «Սա Գանձակի նուռ է, սա էլ` «Իվերիա» տեսակի խնձոր»,- շարունակում է «ծանոթացնել» պարտիզպանը: Ծաղկուն այգին ոռոգման խնդիր ունի, այն սնվում է քաղաքը սնուցող ջրագծի փականներից կաթ-կաթ արտահոսող ջրից: Գագիկը ջրի կուտակման համար այգում լոգարաններ է դրել: Դրանցից մեկի մեջ նա 7 հատ ձուկ է պահում, հացի փշրանքներով կերակրում: 700 մետրանոց այգին փողոցի կողմից երիզված է 250 թուփ վարդերով, ինչը տարածքին ծաղկուն պարտեզի տեսք է տալիս: Գագիկն այգում նաեւ կիվի է աճեցնում, սակայն կիվիի հասունացող բերքը Այրումից մոտ 4կմ հեռավորության վրա, Արճիսի տարածքում գտնվող նրա այգում է: Գագիկ Ազատյանի հետ մեքենայով մեկնում ենք այնտեղ: Միջպետական ճանապարհի եզրին գտնվող այգին նույնպես փոքր է` 500 քմ: Ճանապարհի կողմից այն պատված է լիանայի նման տարածվող բույսով` «չինական կանչիտայով», որի ծաղիկը շատ գեղեցիկ բացվել էր: Արճիսի վարչական տարածքում գտնվող այգին զարմացնում է կիվիի առատ բերքով: Գագիկ Ազատյանը ցույց է տալիս ու պարզաբանում. «Կիվին երկու տեսակի է` գլանաձեւ ու ուռուցիկ: Մեկը իգական, մյուսը` արական տեսակն է: Իգականի` «հեգոուրտ» տեսակի ծաղիկը վարդագույն է, պտղի քաշը` 120-150 գրամ, մյուսն էլ պտղով ավելի փոքր «Ալիսոն» տեսակն է: Իգական եւ արական ծառերը պիտի հեռու չլինեն, որ փոշոտվեն: Արական տեսակի այս ծառերը տնկել եմ 2000 թ., իսկ իգականները` 2001-ին: Բագրատաշենի շուկայում կիվիի ծառ վաճառողը այդ տեսակներից գաղափար չուներ, պարզապես վերավաճառող էր: Հաջորդ տարի նույն շուկայում մի մասնագետ կար, նա ինձ վաճառեց իգական տեսակի ծառեր: Կիվին հակաուռուցքային նշանակություն ունի, արյան բարձր ճնշումն իջեցնում է: Մեկ հատ կիվին հավասար է մեկ լիմոնի, մանդարինի եւ նարնջի` իրար գումարած»: Անցյալ տարվա կիվիի բերքը նա հանձնել է Այրումի խանութներից մեկին: Նախատեսում է առաջիկայում տարեկան կես տոննա, հետո` մեկ տոննա բերք ստանալ: Ասում է, որ այդ խոնավասեր բույսը լավ է աճում մինչեւ 36 աստիճան ջերմության պայմաններում, առավել շոգի դեպքում տերեւները դեղնում են: Գագիկ Ազատյանը, ի տարբերություն հայ հին վարպետների, իր մասնագիտության գաղտնիքները չի թաքցնում: Օգնել է Այրում կայարանում բնակվող համաքաղաքացուն կիվիի ծառն էտելու, Պտղավան գյուղի իր ծանոթին խորհուրդ է տվել կիվիի ծառը տեղափոխել, քանզի հողի ոչ որակյալ լինելու պատճառով ծառի տերեւները դեղնել էին, մի այրումցու համար ծառերի տեղափոխություն է կատարել, որպեսզի երկու տեսակները փոշոտվեն, Կողբի մի բնակչի էլ խորհուրդ է տվել կիվիի ծառերի շարքը խաղողի հենասյուներից հանել, որպեսզի բերքը գետնին չկպչի: Անվճար օգնություններից զատ, 1994 թ. Այրումի պահածոների գործարանից ազատված Գագիկը 5 հոգանոց ընտանիքի հոգսերը հոգալու համար արդեն 2 տարի գարնանը վճարովի հիմունքներով Բագրատաշենում, Հաղթանակում, Պտղավանում խաղողի եւ պտղատու այգիների էտ է կատարում: Արճիսի այգում տեսա խնձորի, տանձի, սալորի ծառերի վրա թառած` բուժման կարիք չունեցող խաղողի հասուն ճութեր: «Փոքր այգիների տարածքները պետք է արդյունավետ օգտագործել: Պտղատու այդ տեսակները մի տարի բերք են տալիս, մյուս տարի հանգստանում: Դրանց հանգստի տարին նույնպես կարելի է խաղողի բերք ստանալ»,- ասում է փորձարար այգեգործը: Գագիկ Ազատյանը գիտի իր գործի կարեւորությունը, այն անվանում է «կանաչ հեղափոխություն»: Ֆինանսների սղության պատճառով նա դեռ չի սեփականաշնորհել Այրումում եւ Արճիսում հիմնած իր այգիները, սակայն լավատեսությամբ է լցված իր գործի ապագայի հանդեպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter