HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքները սպառնում են Դիլիջանին

Սողանքներն իսկական չարիք են դարձել Դիլիջան քաղաքի համար: Հատկապես վտանգավոր է դարձել համայնքի Մյասնիկյան փողոցի մի զգալի հատված: Աղետի գոտում են հայտնվել նորակառույց բաց ամֆիտաթրոնը, բնակելի առանձնատներ, «Հին Դիլիջան» պատմամշակութային թանգարանը, համայնքային բանուկ ճանապարհը և այլ ենթակառուցվածքներ:

Սողանքների ակտիվացմանը նպաստեցին նաև ամառային հորդառատ անձրևները, և ներկայումս մայթերն ու ճանապարհն ամբողջ երկայնքով հիշեցնում են բլրակներ: Փլվել են հենապատարերը, ճաքճքել ասֆալտը, հոսել է մեծ քանակությամն հող, քանդվել մի քանի քարե գեղեցիկ հենապատ: Թվում է, թե ամեն վայրկյան մի ամբողջ հողատարում կարող է սկսվել, և հետևանքները նույնիսկ ամենահոռետեսները չեն կարող պատկերացնել: Ուղղակիորեն սպառնալիքը ամեն օր «խաղում է» քաղաքացիների և այդ տեղամասերում գտնվող կառույցների սեփականատերերի նյարդերի հետ: Բազմաթիվ պետական հանձնաժողովներ են այցելել և գնահատումներ կատարել, սակայն դեռ ոչինչ չի արվել` ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Իսկ աղետը չի սպասում: Տեղական ինքնակառավարման մարմինները, իհարկե, չունեն նման ֆինանսական ռեսուրսներ, որ կարողանան սեփական ուժերով լուծել խնդիրը: Բնակչության ողջ հույսը կառավարության միջամտությունն է: Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության (Օրհուս) հասարակական կենտրոնը խնդիրը ներկայացրեց համապատասխան գերատեսչություններին և ստացավ պատասխան, որ կենտրոնը ներկայացնի կանխարգելիչ աշխատանքների հաշվարկները: Սակայն Օրհուս կենտրոնը չէր կարող նման գնահատման աշխատանքներով զբաղվել, քանի որ դա իր ուժերից վեր գործընթաց է: Հարցը կրկին մնաց առանց լուծման, և այս անգամ Օրհուս կենտրոնը ձեռնամուխ եղավ ակտիվացած սողանքների վրա պետական մարմինների ուշադրությունը գրավելու եւ բնակչության մտահոգությունը հայտնելու համար քաղաքում ստորագրահավաք իրականացնելու գործին: Հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն, որը կից նամակով ուղարկվելու է ՀՀ Քաղաքաշինության նախարարություն: Միակ հույսը, որին մնում է ապավինել, գոնե հուսադրող պատասխան ստանալը և գործնական քայլերի սպասելն է: Շատ զարմանալի է, որ զբոսաշրջության զարգացման ներուժ ունեցող Դիլիջանում նման օրհասական խնդրին մեկընդմերթ են ուշադրություն դարձնում` այն էլ այցելելով այդ տեղամասերը և զարմանալով տեսածի վրա: Եվ այն է հետաքրքիր, որ հենց սողանքի «լեզվակի» ներքո է գտնվում այն պատմամշակութային վայրը, որտեղ հենց շատ են այցելում զբոսաշրջիկների խմբերը: Օրհուս կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին ու բնապահպանական կազմակերպություններին բարձրացնել և հասարակական հնչեղության խնդիր դարձնել Դիլիջանին սպառնացող սողանքների դեմ պայքարը, քանզի վտանգը ամեն պահ կարող է անդառնալի հետևանք ունենալ: Իսկ մարդու կյանքը ոչնչով չես փոխհատուցի:

Արարատ Ալիխանյան Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter