Սպասվածից անհաջող ելույթներ
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտվեց շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց պայքարում երկրորդ անգամ պատմության մեջ չեմպիոն դարձավ Ուկրաինայի ընտրանին: Իվանչուկ-Պոնոմարյով-Էլյանով-Եֆիմենկո-Մոիսեենկո հնգյակը թիմային 19 միավորով (8 հաղթանակ, 3 ոչ-ոքի) անհասանելի մնաց մրցակիցների համար: Առաջին անգամ ուկրաինացիները չեմպիոն էին դարձել 2004-ին, իսպանական Կալվիա քաղաքում: ԽՍՀՄ փլուզումից հետո` 1992-ից մինչեւ 2004-ը օլիմպիական բարձունքում իշխած Ռուսաստանն այս անգամ բավարարվեց արծաթե մեդալներով (18 միավոր): 17-ական միավոր վաստակած Իսրայելից ու Հունգարիայից լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը բաժին հասավ առաջինին: 6 թիմեր` Չինաստանը, Ռուսաստան-2-ը, Հայաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ձեռք բերեցին 16-ական միավոր: Լրացուցիչ տվյալներով թիմերը դասավորվեցին հենց այս հերթականությամբ: Փաստորեն, օլիմպիական կրկնակի չեմպիոն մեր թիմը (Արոնյան-Հակոբյան-Սարգսյան-Փաշիկյան-Գրիգորյան), որն իր վարկանիշով մրցաշարում 6-րդն էր, հանգրվանեց 7-րդ տեղում, ինչը դժվար է բավարար արդյունք համարելը: Մեր հարեւաններից Ադրբեջանը 12-րդն էր, Իրանը` 29-րդը, Վրաստանը` 30-րդը, իսկ Թուրքիան` 45-րդը:
Աղջիկների պայքարում չեմպիոնը ի հայտ էր եկել դեռ նախավերջին տուրից հետո: Ռուսաստան-1-ը` Տ. Կոսինցեւա-Ն. Կոսինցեւա-Կոստենյուկ, Գալիմալովա-Գունինա կազմով, անգերազանցելի արդյունքով` 11 խաղում նույնքան հաղթանակ, ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին: Ընդ որում` ԽՍՀՄ փլուզումից հետո սա ռուսների առաջին չեմպիոնական կոչումն էր: Արծաթե մեդալները նվաճեցին չինուհիները (18 միավոր), իսկ բրոնզը` վրացուհիները, որոնք 16-ական միավոր վաստակած 6 թիմերի մեջ լավագույն արդյունքն ունեին: 6 թիմ էլ վաստակել էին 15-ական միավոր: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանի Դանիելյան-Մկրտչյան-Գալոյան-Աղինյան-Խառատյան հնգյակը, որը, լինելով վարկանիշով 7-րդը օլիմպիադայում, զբաղեցրեց 11-րդ տեղը: Սա նույնպես չի կարելի դրական արդյունք համարել: Կանանց պայքարում Ադրբեջանը 7-րդն էր, Իրանը` 19-րդը, Թուրքիան` 38-րդը:
Հաջորդ` արդեն 40-րդ շախմատային օլիմպիադան 2012-ին տեղի կունենա Ստամբուլում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել