HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևիկ Պետրոսյանը ցուցադրաբար լքեց ԱԺ դահլիճը

Նրան ճանապարհեցին ծափերով Մինչ այսօր փորձեր էին արվում վերականգնել ԱԺ քվեարկության համակարգը, արտահերթ ելույթով իր հրաժարականի դիմումը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ 3 տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը և այդ ընթացքում շատ արդյունավետ ու համերաշխ է աշխատել պատգամավորների հետ: Ա.Պետրոսյանի ելույթն ավելի շատ հաշվետվության նմանվեց: «16 տարի է` զբաղվում եմ պետականաշինության գործով և ԱԺ ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար»,- ասաց Ա. Պետրոսյանը: Մինչև պատգամավոր ընտրվելը նա եղել է Քաղծառայության խորհրդի փոխնախագահ, և այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետր լրանալու էր 2013թ., սակայն Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ինքնակամ հրաժարվել է այդ պաշտոնից` պատգամավոր դառնալու համար: ԱԺ նախկին փոխխոսնակն ակնհայտ ցույց էր տալիս, որ հրաժարականի դիմումն իր սրտով չէ, և իրեն պարզապես պարտադրել են դա անել: Նրա խոսքում նաև վիրավորանք կար: Ելույթն ավարտելուց հետո Արևիկ Պետրոսյանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, ինչն ուղեկցվեց պատգամավորների ծափահարություններով: Արդեն դրսում լրագրողների հետ զրույցի ժամանակ Արևիկ Պետրոսյանն ասաց, որ շարունակելու է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Իսկ այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ն իրեն հեռացրեց զբաղեցրած պաշտոնից, Ա.Պետրոսյանն ասաց, որ մամուլն այդ մասին արդեն գրել է, և ավելորդ մեկնաբանություններ տալու ցանկություն չունի. «Դա եղել է կուսակցության որոշումը, ես էլ ընդունել եմ»: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ, Արևիկ Պետրոսյանն ասաց, որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել, բայց դրական է վերաբերվում, քանի որ իրեն հարգող յուրաքանչյուր իրավաբանի համար պատիվ է նման պաշտոն զբաղեցնելը: Լրագրողը հարցրեց, թե նախկին փոխխոսնակն արդյոք նեղացած չէ՞ իր կուսակցությունից. «Նեղանալն արդյոք քաղաքակա՞ն կատեգորիա է: Ոչ»,- հնչեց պատասխանը: Ա.Պետրոսյանն ասաց, որ այսօր ԱԺ աշխատանքին չի մասնակցի, իսկ հաջորդ նիստերին կաշխատի բնականոն ձևով: «Իսկ մասնակցելո՞ւ եք ԱԺ նոր փոխնախագահի ընտրությանը» հարցին էլ հետևյալ կերպ արձագանքեց. «Ակնկալում եք անկեղծ պատասխան, չէ՞...»: Եվ առանց կոնկրետ պատասխան տալու` հեռացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter