Գլխավոր դատախազը հաստատել է
Նշանակվել է ծառայողական քննություն
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն օրերս հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին եւ պատասխանելով Օլիվեր Ռադուկու Մարիանի` «Հետք»-ում տպագրված նամակին վերաբերող հարցադրմանը` հաստատել է, որ հիշյալ հրապարակման հիման վրա ԱԱԾ-ում իրականացվում է ծառայողական քննություն: Ստորեւ ներկայացնում ենք թեմային առնչվող հարցերն ու գլխավոր դատախազի պատասխանները:
Համագործակցության մի օրինակի մասին: Հայաստանում 2 տարվա ազատազրկման դատապարտված Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանին բաց նամակում ՀՀ դատաիրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց ներկայացրել էր բազմաթիվ մեղադրանքներ: ՀՀ գլխավոր դատախազությունն իր հաղորդագրության մեջ նշել էր. «Եթե դիմումում մատնանշված հանգամանքները՝ տարբեր պաշտոնատար անձանց ինչ-որ կաշառքներ տալու մասին, գեթ 1%-ով համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու մինչեւ Հայաստանից հեռանալը նա չէր բարձրաձայնում այդ մասին»: Արդյոք ակնհայտ չէ՞ այդ հարցի պատասխանը, կամ, թե ինչ կկատարվի նրա հետ, եթե ընդառաջի նույն հաղորդագրության մեջ արված առաջարկին՝ վերադառնալ ՀՀ եւ ներկայացնել հաղորդում՝ «մանրամասն շարադրելով, թե երբ, ում եւ որտեղ որպես կաշառք ինչքան գումար է տվել եւ ինչի համար»:
Նշված գործով, եթե չեմ սխալվում, դատապարտվել են 9 անձինք՝ հանցավոր մի խումբ, որը Հայաստանի տարածքում կատարել էր հափշտակություններ բանկոմատներից՝ կեղծելով պլաստիկ քարտեր: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների՝ Ձեր վկայակոչած հրապարակումներին, ապա դրանք իմ ցուցումով ուղարկվել են ԱԱԾ, եւ այնտեղ իրականացվում է ծառայողական քննություն, նախապատրաստվում են նյութեր: Դրա արդյունքների մասին կիրազեկենք հանրությանը: Ցուցում է տրվել պարզելու նամակի հեղինակին:
Եթե պարզվի, որ նախկին դատապարտյալն իրոք հանդես է եկել նման հայտարարությամբ, բնականաբար, նրա մասնակցությամբ պետք է կատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ: Նա պետք է ցուցմունք տա, թե ինչ հանգամանքներում է տվել կաշառքը, եթե տվել է, ում եւ ինչի համար: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն առերես հարցաքննություններ եւ այլ քննչական գործողություններ:
Իսկ եթե պարզվի, որ նա նման հայտարարությամբ հանդես չի եկել՝ պետք է պարզել, թե իրականում ով է եղել դրա հեղինակը եւ ինչ նպատակներով: Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգ գոյություն ունի: Մասնավորապես՝ օրենքում նշված է, որ հաղորդում ներկայացնողը պետք է զգուշացվի սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին: Օրենքով սահմանված կարգով հաղորդում՝ հանցագործության մասին, չի ստացվել: Կոնկրետ մեղադրանքներ պարունակող հայտարարությունը հնչել է մամուլով, ինչը, բնականաբար, ստուգվում է:
Սակայն անկախ նրանից, թե ինչ կպարզվի այս նամակի կապակցությամբ՝ կհերքե՞ք, որ դատավորի եւ մեղադրողի հետ համաձայնության գալով՝ կաշառքով կամ անձնական որեւէ շահագրգռությամբ, հնարավոր է հասնել պատժի մեղմացման եւ նույնիսկ ազատման:
Ես միամիտ մարդ չեմ, որ ժխտեմ այդպիսի երեւույթները: Իհարկե, կլինեն: Մենք էլ ամեն ինչ պիտի անենք, որ բացառենք դա: Եվ ամեն ինչ այսօր է՛լ ենք անում, երեկ է՛լ ենք արել, վաղն է՛լ ենք անելու, որպեսզի դա բացառենք: Շատ դեպքերում ինքներս ենք հնչեղություն հաղորդում դատաիրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված գործերին՝ ըստ փուլերի մանրամասն ներկայացնելով, թե նախաքննությամբ ինչ է պարզվել, ինչի համար է մեղադրանք առաջադրվել եւ ինչպիսի դատական ավարտ է ունեցել տվյալ քրեական գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել