HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թողե՛ք մեզ Երևանի վերջին այգին

Հաշվի առնելով այն փաստը, որ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու համար քննարկվել և նույնիսկ նախնական հավանության է արժանացել բնակչության դժգոհությունն առաջ բերած ծրագիրը՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա. ·    նշված նախագծի իրականացման դեպքում այլևս այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները, ·    տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը, ·    նշված նախագծով վերջնականապես խաչ է քաշվելու Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա, ·    Երևանի քաղաքաշինության խորհրդի նիստում ճարտարապետները ոչ թե հավանություն են տվել այդ նախագծին, այլ ընդգծել են, որ այն այգում հյուրանոց կառուցելու նախորդ առաջարկի համեմատ ավելի լավն է, ·    նման նախագծի իրականացումը վերջակետ կդնի Երևանի կենտրոնի վերջին հանրային զբոսայգու վրա և այն կհանգեցնի արդեն բետոնապատված Օղակաձև զբոսայգու վիճակին, ինչն արվել է նույն կանաչապատման հիմնավորմամբ։ Ելնելով վերը շարադրվածից` Երևանի իշխանություններին և ՀՀ մյուս պատասխանատու գերատեսչություններին հորդորում ենք. ·    սկզբունքային մոտեցում ցուցաբերել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային զբոսայգիների պետական ֆինանսավորման և խնամքի հարցում, ·    այդ այգիները չզոհել մասնավոր շահերին, ինչի արդյունքում չեն շահելու ո՛չ քաղաքացիները և ո՛չ էլ այդ մասնավոր ընկերությունները, ·    քաղաքային իշխանություններին` հրաժարվել վերոնշյալ նախագծի իրականացումից, «Երևաննախագիծ» ինստիտուտին` անաչառ մասնագիտական եզրակացություն տալ, ճարտարապետների հանրությանը` սեփական մասնագիտական կարծիքը չզոհել պահի նպատակահարմարությանը և օբյեկտիվ գնահատական տալ նման ճակատագրական խնդրին, ·    2011 թվականի Երևանի բյուջեի քննարկումների ընթացքում քաղաքի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների խնամքի համար նախատեսվող միջոցները, ·    ցանկացած շինարարություն սկսելուց առաջ պարտադիր պայման դնել այդ մասին նախօրոք տեղեկատվություն հրապարակելը մամուլի միջոցով և հարակից շենքերի բնակիչների հետ հանրային քննարկումներ անցկացնելը, ·    շտապ կերպով համայնքային բյուջետային միջոցներ ուղղորդել Երևանի հանրային սեփականություն հանդիսացող այգիների բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական ոռոգման և խնամքի համար։ Առաջնահերթություն ենք համարում հատկապես հետևյալ առավել վտանգված այգիների փրկությունը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող այգին, Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով սրճարաններից զերծ մնացած այգու կտորները, Ուսանողական այգին, Կիրովի այգին և մյուս զբոսայգիները, ·    դադարեցնել քննարկման փուլում գտնվող բոլոր շինարարական նախագծերի իրականացումը, որոնք տեղի են ունենալու հատկապես Երևանի կենտրոնում կանաչ գոտիների հաշվին։ Երևանցիները դժգոհում են կանաչ տարածքների անխնա ոչնչացումից և նման նախագծերի իրականացումը բացասական տրամադրված միջավայրում, ի վերջո, հանգեցնելու է ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջացմանը: Պահպանենք մեր հանրային այգիները, քանի որ դրանք պատկանում են մեզ` հանրությանը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն 04.10.2010

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter