HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի հետո կլինի՞ անվտանգ

Վանաձորում բավականին մեծ ու լուծում պահանջող խնդիրներից մեկը երթևեկության համար նախատեսված ճանապարհների անվտանգությունն ու անբարեկարգ վիճակն է: Քաղաքի կենտրոնական հատվածներում փողոցները բարեկարգ են, իսկ ծայրամասերում կամ կենտրոնից քիչ հեռու վիճակն այդքան էլ լավ չէ: Ճանապարհային քանդված հատվածներ կան ամենուր: Բազում թաղամասը Խնձորուտին միացնող հատվածում երթևեկում են 6 համարի ավտոբուսն ու միկրոավտոբուսը: «Էս ինչ ճամփաներ են, իհարկե դժգոհ եմ, մեքենաս ամբողջությամբ փչանում է»,- բողոքում է վարորդներից մեկը: Գրեթե նույնն է ասում Իսահակյանից դեպի Ներսիսյան փողոց երթևեկող միկրոավտոբուսի վարորդը. «Անընդհատ ավտոյիս մեխանիզմը վնասվում է, ստիպված փոխում եմ»: Ուղևորներն էլ բողոքում են, որ բացի անհարմարավետությունից մի մեծ խնդիր ևս կա: «Վտանգավոր է այս հատվածներում երթևեկելը: Անձամբ ես անհանգստանում եմ իմ կյանքի համար»,- նշում է Գագիկ Վարդանյանը: Այս ամենը` այն դեպքում, երբ «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնատար անձինք պարտավոր են «ճանապարհը և դրա ինժեներական կառույցները երթևեկության համար պահպանել անվտանգ վիճակում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության ստանդարտների, նորմերի և կանոննների պահանջները»: Բողոքների և օրենքի կիրառման մասին տեղեկություն-պարզաբանում ստանալու համար դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժին: «Այսօր քաղաքապետարանի կողմից կազմված է ծրագիր` այս և հաջորդ տարի  փողոցների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվելու տրանսպորտային երթուղիների ճանապարհների կարգավորմանը: Այս տարվա համայնքային բյուջեից հատկացված է որոշակի ֆինանս, մի մասն էլ կհատկացվի մյուս տարի»,- հայտնեց բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանը: Իսկ կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից տեղեկացանք, որ նախագծի համաձայն` տրամադրվող գումարը 30 մլն դրամ է: Ավագանու նիստի ժամանակ այդ գումարի չափը հաստատվեց: Կապիտալ նորոգման ենթակա փողոցներն ու մայթերն առայժմ 43-ն են: Նշենք նաև, որ նախորդ տարի մոտ 72 մլն դրամ է ծախսվել 33 փողոցների և մայթերի կապիտալ վերանորոգման համար: Սերինե Գաբրիելյան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter