HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա

Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Ռոստոմ Հարությունյանն օգոստոս ամսի կեսերին նկատել է, որ նոր վերանորոգված ճանապարհից իրենց տան պատշգամբի տակ է լցվում անհայտ ակունքներից դեպի տուն հոսող ջուրը: Գյուղացին փորձել է սեփական միջոցներով լուծել խնդիրը, բայց ապարդյուն. ջուրը այսօր էլ շարունակում է թափվել տան տակ: Ռոստոմն այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանին: «Ես գյուղապետին ասել եմ, որ ջուրը ճամփից լցվում ա տան տակ: Գյուղապետն ասում ա` դու ձեռով փորի, ասֆալտը քանդի, մինչև կհասնես վթարի տեղին: Ես հնարավորություն չունեմ, ինչո՞վ փորեմ, ո՞նց փորեմ, գյուղացի ենք, բայց հո էշ չենք,-վրդովված նշում է Ռոստոմը,- էսօր իմ տունն ա լցվում, վաղն էլ հարևաններինն ա լցվելու»: Մհեր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում իրենք ահազանգում են «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, և որոշ ժամանակ անց խնդիրը կարգավորվում է. «Ես այս խնդրի մասին ահազանգել եմ արդեն, սակայն ինձ թվում է, որ աշխատանքներ կտարվեն սեպտեմբերի 18-ից հետո միայն` Նովոսելցովոյի ջրագծի հետ կապված աշխատանքներից հետո»: Գևորգյանը նշեց նաև, որ անհրաժեշտության դեպքում ինքը տրամադրում է տրակտոր, մնացած կազմն ուղարկում է «Լոռի-ջրմուղկոյուղին»: «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Գագիկ Ալոյանն  էլ պարզաբանեց. «Լինում է ահազանգ համայնքի կողմից, մենք էլ ուղարկում ենք աշխատանքային կոլեկտիվ և փորձում ենք շտկել խնդիրը: Բայց հիմա ամենակարևորն այն է, որ մենք ժամանակ չունենք դրանով զբաղվելու, քանի դեռ քաղաքի կեսը ջուր չունի»: «Լոռի-ջրմուղկոյուղու» հերթապահ ծառայությունից  էլ ճշտեցինք, որ մոտակա 20 օրերի ընթացքում ոչ մի ահազանգ չի գրանցվել Կուրթան համայնքից: Ամեն դեպքում, մի բան պարզ է. մինչև աշխատանքները կսկսվեն, երևի գյուղացու պատշգամբի մի մասը կմնա անհայտ ակունքներից թափվող խմելու ջրի տակ: Ինչպես հայկական ասացվածքն է ասում` «Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: Անի Խաչատուրյան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter