«Ուսուցիչը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն»
Ուսուցչի օրվա կապակցությամբ հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են հանդիսություններ և միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէ. կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժների այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհել է պարգևներ` ՀՀ կրթության և գիտության նախարարության 5 «Ոսկե հուշամեդալ» և 12 պատվոգիր:
Շնորհավորելով ուսուցիչներին տոնի կապակցությամբ` նախարարը նշել է, որ տարիներ շարունակ Ուսուցչի օրը նշվել է որպես մասնագիտական տոն. այս տարի առաջարկ է արվել այն նշել արդեն որպես պետական տոն:
«Ինձ համար ուրախալի է, որ ուսուցչի օրը մասնագիտական տոնից դառնում է պետական տոն: Վստահ եմ, որ շուրջ 45 հազարանոց ուսուցչական «բանակը», ինչպես նաև թոշակի անցած վաստակաշատ ուսուցիչներն ու ապագա մանկավարժներն արժանի են, որ այս օրը նշվի պետականորեն: Ուսուցիչը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն, որովհետև միայն մասնագիտական հմտություններով, անգամ գերազանց գիտելիքներով հնարավոր չէ աշխատել որպես լավ ուսուցիչ և դառնալ լավ մանկավարժ, որովհետև մանկավարժի առաքելությունն է` «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»:
Ողջ կյանքի ընթացքում դուք տալիս եք լույս, գիտելիք`շատ հաճախ չակնկալելով ոչնչի պատասխան, որովհետև ձեր աշխատանքի պատասխանը ձեր երեխաների լավ ապագան է` լավ գիտելիք և ուժեղ հայրենիք: Եվ պատահական չէ, որ կրթության և պաշտպանության ոլորտները դիտվում են որպես ազգային անվտանգության երկու` ներքին և արտաքին հենասյուներ: Ուսուցչի օրվան նվիրված հանդիսությունները ոչ միայն ուսուցչի աշխատանքի գնահատականն են, այլ նաև մեր հասարակության համար ազդակ, որ մեր 45 հազարանոց ուսուցչական «բանակի ձեռքերում է մեր երկրի ապագան, ինչպես որ մեր բանակի ձեռքերում է մեր երկրի անվտանգությունը»,-նշել է նախարարը`շնորհավորելով նաև Ղարաբաղում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին:
«Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել ուսուցչի սոցիալական կարևորությունը: Իրականում մեր հասարակության մեջ ուսուցիչը պետք է վերադառնա որպես մեծ արժեք: Ուսուցիչ, ով աշակերտին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ վառում է նրա մեջ այն ջահը, որը պետք է լուսավորի ողջ կյանքի ընթացքում և կարևոր է, թե ում ձեռքերում այն բանալին, որով պետք է բացվի մեր երեխաների ապագայի ճանապարհը»,-ընդգծել է նախարարը և ավելացրել, որ հանրակրթության բարեփոխումների արդյունավետության հարցում նախարարությունն ապավինում է նաև ուսուցիչների աջակցությունը:
Հանդիսության ընթացքում նախարարության և արհմիության ներկայացուցչի կողմից ուսուցիչներին հանձնվել են նաև այլ պարգևներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել