HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միջազգային պարտավորություն` ի վնաս տեղական արտադրողի

Սովորաբար ԱԺ-ում քիչ են լինում դեպքեր, երբ կոնկրետ օրինագծի վերաբերյալ պատգամավորները ակտիվ քննարկումներ են անում: Այսօր այդ քիչ դեպքերից մեկն էր. քննարկվում էր «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացոջմներ կատարելու օրինագիծը, որով կբարձրանա հատկապես տեղական օղու եւ ծխախոտի գները: Որպես Կառավարության ներկայացուցիչ` օրինագիծը ներկայացնում էր ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նրան հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 7 պատգամավոր, որոնց գերակշիռ մասը` ՀՅԴ խմբակցությունից: Պատգամավոր, ԲՀԿ անդամ Էռնեստ Սողոմոնյանի հարցից ստացվում էր, որ ծխող եւ խմող մարդուն չի կարելի զրկել ծխախոտից եւ օղուց, քանի որ դրա կարիքն ունի: Ս. Կարայանն էլ հուսադրեց, որ կթանկանա 150-200 դրամանոց տեղական ծխախոտի գինը, այն էլ` 10 դրամով: Ինչ վերաբերում է օղուն, ապա 1 լիտի դեպքում գինը ավելանալու է 120 դրամով: Միգուցե չդիմանալով պատգամավորների տարաբնույթ ճնշող հարցերին` նախարարի տեղակալը օղու փոխարեն սկսեց օգտագործել «արաղ» բառը: Ինչքան էլ պատգամավորները փորձում էին ներքեւից հուշել Ս. Կարայանին, որ «արաղ չի, օղի է» միեւնույն է, նա շարունակում էր օգտագործել «արաղ» բառը: Գործարար պատգամավոր Կարեն Վարդանյանը, որ գրեթե ԱԺ-ում չի խոսում, միգուցե անձնական շահից ելնելով (Վարդանյանների ընտանիքը զբաղվում է նաեւ ծխախոտագործությամբ), բավականին ակտիվ հարցեր էր ուղղում Կառավարության ներկայացուցչին: Նրան հետաքրքրում էր, թե ակցիզային հարկի բարձրացումից հետո, արդյո՞ք հաշվարկներ արել են, թե ի՞նչ կարժենա ծխախոտի գինը, ծխախոտագործությամբ զբաղվող քանի՞  ֆերմեր աշխատանքը կկորցնի, եւ քանի՞ մարդ գործազուրկ կդառնա: Կարեն Վարդանյանը նաեւ հետաքրքրվեց, թե հարկի բարձրացման արդյունքում պետական բյուջե որքա՞ն գումար կմուտքագրվի: Պատգամավորը պահանջեց Կառավարության ներկայացուցչից հարցերին պատասխանել փաստերով ու թվերով, այլ ոչ «աբստրակտ»: Պատգամավորի հույսերն այպես էլ չարդարացան, քանի որ նախարարի տեղակալը որեւէ հիմնավորում չէր բերում պատգամավորների հարցերին: Միայն նշում էր, որ դա միջազգային պարտավորությունների արդյունք է, որպեսզի հավասար հարթության վրա գտնվեն տեղական արտադրողն ու ներկրողը: «Ես կարող եմ ասել, որ այդ քայլով ոչ մի դրամ բյուջե ավել գումար չի գնա: Քաղաքացու սպառողական զամբյուղը ռեզինից չի: Եթե թանկանա սիգարետը, նա դրա փոխարեն ստիպված բենզինը քիչ կառնի, կամ ձեթ չի գնի»,- ասաց Կ. Վարդանյանը: Ըստ պատգամավորի` մանրածախ շուկայում ծխախոտը կթանկանա ոչ թե 10-15 դրամով, ինչպես հավաստում է Ս. Կարայանը, այլ 20-30 դրամ: Փոխնախարարն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես է ծխախոտի մանրածախ գինն ավելանալու կրկնակի: Նա նշեց, որ գնի բարձրացման հետեւանքով կկրճատվեն ծխողների 12-13 տոկոսը: Այստեղ տեղի տվեցին Վահան Հովհաննիսյանի նյարդերը: Նա բավականին կոշտ արձագանքեց Կառավարության ներկայացուցչին. «Ասեցիք` չեք հասկանում, թե ոնց կարող է գինը այդքան բարձրանալ, ինչու՞ չեք հասկանում, պարզ օրինակ բերեմ. միջազգային շուկայում գները բարձրանում են 2-3 տոկոսով, Հայաստանում այդ գինը բարձրանում է 18-20 տոկոսով: Դա էլ չեք հասկանու՞մ: Եթե դա էլ չեք հասկանում, ապա ինչո՞ւ եք դուք ներկայացնում այդ հարցը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ գնի բարձացումը այլ պետությունների, հատկապես` Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճնշման արդյունքն է: «Մարդկանց պարզ ասեք, թող հասկանան: Վաղը ժողովուրդը գնալու է սիգարետ առնելու ու ձեր նման զարմանալու է, թե ինչու է գինը բարձրացել»,- դիմելով ֆինանսների փոխնախարարին ավելացրեց պատգամավորը: Ս. Կարայանը, շրջանցելով հարցին ուղղակի պատասխանելուց, եւս մեկ անգամ ասաց, որ պարզապես միջազգային պարտավորություն է: «Ձեր դեմքի արտահայտությունից հասկանում եմ, որ ճնշումներ կան,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանն ու ավելացրեց: - Զարմանում եմ, թե ինչքան անվստահություն կա տեղական արտադրողի նկատմամբ: Իսկ ներկրողները գառնուկ ախպեր տղերք են, չէ՞»: Այն, որ Կառավարության ներկայացուցիչը վատ էր պատրաստված եւ իր պատասխաններով չէր գոհացնում պատգամավորներին, նկատեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա, ընդհատելով Ս. Կարայանին, բարձր տոնով հայտարարեց. «Մի լղոզեք, պարզ ասեք, թող մարդիկ հասկական: Այո, միջազգային պարտավորություն ունենք եւ տեղական արտադրողի համար վատ  է լինելու»: Երբ պատգամավորների հարցերին պատասխանելու հերթը հասավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, Սուրեն Կարայանն անմիջապես հավաքեց փաստաթղթերն ու արագ հեռացավ դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter