Փակվեց «ՌեԱնիմանիա» փառատոնը
Այսօր «ՌեԱնիմանիա 2010» երկրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը պաշտոնապես փակվեց. հրավիրված վերջին մամուլի ասուլիսում ամփոփվեցին փառատոնի արդյունքները, հայտարարվեցին նորույթները:
Ասուլիսը սկսվեց ոսկե մեդալով. ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը Ստեփան Անդրանիկյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը: Այնուհետև, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարեց Դեբյուտային մրցույթի հաղթողին`Մերի Կյուրեղյանին: Նրան հնարավորություն է ընձեռվում իր սցենարի գաղափարը իրականացնել Ազգային կինոկենտրոնի, «ՔասԱրտ» ստուդիայի աջակցությամբ:
Մեկ այլ հնարավորություն էլ ընձեռվեց «ՌեԱնիմանիայի» հայտարարած մրցույթների հաղթողներին: «Տաղանդների որս» մրցույթի երջանիկ հաղթողները` Լիլիթ Շահմուրդյանը`պատկերապատում, Դավիթ Աշոտյանը`կերպարների ձևավորում, Զաքար Դեմիրճյանը` անիմացիա, 9 ամսվա ընթացքում կկարողանան վարպետանալ անիմացիայում` «ՔասԱրտ» ստուդիայում:
Իսկ ահա 2011-ի համար ձեռք բերված պայմանավորվածություններից. ֆրանսիական հռչակավոր Գոբելին («Gobelins») ստուդիայի ամառային դպրոցում սովորելու հնարավորություն ունեցող 25 ուսանողներից մեկը կլինի Հայաստանից: Լիլիթ Ծատուրյանը այն երջանիկն է, որ կկարողանա սովորել ֆրանսիացի անիմատորների փորձը և վերադառնալով` կշարունակի իր գործունեությունը Հայաստանում:
Մեկ այլ պայմանավորվածության համաձայն` հռչակավոր ռուս անիմատոր, տիկնիկային և պլաստիլինային անիմացիայի վարպետ Գարրի Բարդինը իր 70-ամյակը կնշի Հայաստանում` «ՌեԱնիմանիա 2011»-ի շրջանակներում:
Որպես ամփոփում` Սոնա Հարությունյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ «ՌեԱնիմանիան» պաշտոնապես ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության փառատոնների ցանկում և հաջորդ տարի նույնպես կստանա որոշակի ֆինանսական աջակցություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել