Արմեն Գևորգյանը ծանոթացել է կենսապարարտանյութերի կիրառության արդյունքներին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Հայաստանում արտադրվող ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութի կիրառության արդյունքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի եւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Լ. Ռուխկյանի ուղեկցությամբ Նոր կյանք համայնքում փոխվարչապետը եղավ այն հողատարածքներում, որտեղ բանջարաբոստանային կուլտուրաները մշակելիս օգտագործվել է «Ազոցեովիտ 1» ունիվերսալ ազոտական կենսապարարտանյութը:
Հողագործները բարձր գնահատեցին պարարտանյութի արդյունավետությունը` նշելով, որ ստացվել է ավելի առատ եւ որակյալ բերք: Փորձնական ծրագիրն իրականացվել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) աջակցությամբ:
«Ազոցեովիտ 1» եւ «Ազոտովիտ» կենսապարարատանյութերն արտադրում է «Սիս 95» ընկերությունը` Երեւանի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Փոխվարչապետն այսօր այցելեց նաեւ գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպեց գիտաշխատողների հետ, ովքեր ներկայացրեցին պարարտանյութերի առավելությունները եւ արտադրամասը:
Նշվեց, որ դրանց տեխնոլոգիաները մշակվել են` հաշվի առնելով հանրապետության հողային ռեսուրսների առանձնահատկությունները, եւ պարարտանյութերի կիրառումը կնպաստի հողերի որակի եւ բերրիության վերականգնմանը, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:
Փոխվարչապետը բարձր գնահատեց գիտնականների աշխատանքը եւ կարեւորեց այդ պարարտանյութերի օգտագործումը գյուղացիական տնտեսությունների կողմից: Պարարտանյութերի կիրառման եղանակներին, ակնկալվող արդյունքներին տեղեկանալու եւ դրանք հողագործներին մատչելի դարձնելու նպատակով ՀՀ մարզպետարանների համապատասխան վարչությունների ղեկավարների մասնակցությամբ ինստիտուտում անցկացվեց հանդիպում: Այս մասին հայնտում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել