Գերմանական շաբաթ` Գյումրիում
Հոկտեմբերի 5-12-ը Գյումրիում հայտարարված է «Գերմանական շաբաթ», որն իրականացվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: «Ասպարեզ» լրագրողների ակումբում փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը եւ դասավանդման փորձագետ Սուզաննե Բանդաուն ներկայացրեցին շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումների ցանկը: Հոկտեմբերի 6-ին Գյումրիի Մանկավարժական համալսարանում բացվելու է երբեմնի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առօրյան ներկայացնող ցուցահանդես
, որին հաջորդելու է քննարկում արեւմտյան եւ արեւելյան Գերմանիաներում ծնված եւ մեծացած գերմանացիների ու տեղի ուսանողների միջեւ: Այնուհետեւ վավերագրորեն կներկայացվի DAAD-ի գործունեությունը:
Հոկտեմբերի 7-ին կբացվի Պատի անկման թեմայով ճարտարապետական կառույցների վերաբերյալ ցուցահանդես` «Տեղական ժամանակ» խորագրով: Նույն օրը երեկոյան գերմանաբնակ երաժիշտ Դայկոն «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդես կգա համերգային ծրագրով: Հոկտեմբերի 9-ը հայտարարված է սպորտային օր: Ֆուտբոլային մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Սարդարապատի, Երեւանի եւ Գյումրիի` Գերմանիայի կողմից հովանավորվող դպրոցների աշակերտները: «Գերմանական շաբաթի» ավարտին թիվ 3 դպրոցում նախատեսված միջոցառման ընթացքում իր ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես կգա Գյոթեի ինստիտուտի աշխատակցուհի, մանկական գրքերի հեղինակ Թամարա Բախը: Իսկ այսօր թիվ 25 դպրոցում «Գերմանական շաբաթ» միջոցառման շրջանակներում բացվեց Բեռլինի պատի անկման մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես: Ցուցադրությունը վավերագրություն էր այն դեպքերի, որ տեղի են ունեցել 20 տարի առաջ եւ ներկայացնում են Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում ապրած մարդկանց վճռականությունը: «Նրանք կարողացան ուժ գտնել իրենց մեջ, ընդվզել իշխող կարգերի դեմ ու կատարել հեղաշրջում»,-նշեց փոխդեսպանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել