HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ոչ ոք չէր նկատել, որ Շիրակացու 1400-ամյակն է

Հոկտեմբերի 28-29-ին Բյուրականի աստղադիտարանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մատենադարանը կազմակերպելու են Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմաաստղագիտական գիտաժողով: Այն անցկացվելու է Բյուրականի աստղադիտարանում: Կազմակերպիչները դեռ հավաքում ենք զեկուցումները:

«Շիրակացին մեր ամենամեծ գիտնական է` իր ժամանակաշրջանի համար: Մենք իհարկե ունենք Վիկտոր Համբարձումյան, որը շատ ավելի կարևոր դեր է խաղացել գիտության մեջ: Չեմ ուզում այդպիսի համեմատություն անել, բայց եթե հարաբերական նայենք` ժամանակաշրջանի մեջ, գուցե և Շիրականցին է համար 1-ին մեր մտածողը եղել հայ ժողովրդի ամբողջ պատմության մեջ»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նա շեշտեց, որ, ցավոք, ոչ ոք չէր նկատել, որ Շիրակացու 1400-ամյակն է: Նույնիսկ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում, որում ներկայացված են տարբեր գործիչների ամյակներ, Շիրակացու մասին հիշատակված չէ: Անանիա Շիրակացու ծննդյան տարեթիվը ճշգրիտ հայտնի չէ. շատ աղբյուրներում հիշատակված է 605-610 թթ.: Քանի որ նրա ծննդյան տարեթիվը չի նշվել 2005-ից մինչև 2009-ը ընկած ժամակահատվածում, ապա այժմ` 2010-ին, վերջին հնարավորությունն է նշել մտածողի 1400-ամյակը: «Միևնույն է` խորհրդանշական է, թե երբ նշենք, որովհետև ծննդյան թիվը ճշգրիտ հայտնի չէ»,- ասաց Արեգ Միքայելյանը: Միջնադարում գիտնականը միաժամանակ ուսումնասիրում էր տարբեր գիտություններ, քանի որ տեղեկատվությունն այնքան շատ չէր, որքան հիմա, և նեղ մասնագիտացում չէր պահանջվում: Անանիա Շիրակացին ևս ամեն ինչ ուսումնասիրել է. նա փիլիսոփա էր, աշխարհագրագետ, աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս: Ուստի, միջնադարյան այս մտածողի գործունեությունն այսօր հետաքրքրում է տարբեր մասնագետների, և հոկտեմբերի 28-29-ին կայանալիք պատմաաստղագիտական գիտաժողովն էլ համատեղ կազմակերպել է 4 ինստիտուտ: «Մենք որպես աստղագետ նրան բարձր ենք դասում իր ժամանակաշրջանի մեջ, և բնական է` մենք ուսումնասիրում ենք նրա աստղագիտական ժառանգությունը»,- ասաց Արեգ Միքայելյանը: Պատմաաստղագիտությունը վերաբերում է և հնագույն, և միջնադարյան աստղագիտությանը: «Դրա մեջ մտնում են թե ժայռապատկերները, թե հնագույն օրացույցը, որը աստղագիտական գիտելիքների հիման վրա է արվում: Եվ հայկական օրացույցը ընդհանրապես համարվում է մեր մեծ գանձերից մեկը, գուցե աշխարհի հնագույն օրացույցներից մեկն է»,- ասաց Արեգ Միքայելյանը: Պատմաաստղագիտությունը զբաղվում է նաև պատմական աղբյուրներում հայտնաբերվող աստղագիտական երևույթների արձանագրություններով, որոնց միջոցով հնարավոր է ճշտել պատմական տարեթվեր: Ճշգրիտ հայտնի չէ, թե շատ պատմական իրադարձություններ երբ են տեղի ունեցել. նույնիսկ տասնամյակների սխալանք կա: Մինչդեռ աստղագիտական երևույթների միջոցով հնարավոր է ճշգրտորեն հաշվել, թե երբ է տեղի ունեցել տվյալ պատմական իրադարձությունը: «Եթե պատմական աղբյուրում նշված է, որ, ասենք, այսինչ իրադարձությունը տեղի ունեցավ, երբ արեգակի խավարում էր, կամ խավարումից մի քանի օր հետո, ենթադրենք, այսինչ պատերազմը սկսվեց, մենք կարողանում ենք ճշգրիտ վերականգնել, թե դա երբ է եղել: Կամ երբ գիսավորները երևում են, միշտ դա արձանագրվել է, դա համարվում էր վատ լուր: Համենայն դեպս, պատմական աղբյուրներում այդպիսի կարևոր իրադարձությունները եղել են»,- ասաց Արեգ Միքայելյանը: Օրինակ` 1054 թ. գրանցվել է գերնոր աստղի պայթյունը. նկատել են, որ երկնակամարում հայտնվել է մի նոր, շատ պայծառ աստղ: Մինչև վերջերս կարծում էին, որ առաջինը չինացիներն են այն հայտնաբերել: Սակայն հետո պարզվել է, որ հայկական աղբյուրներում այս աստղի պայթյունը գրանցվել է մի քանի ամիս ավելի շուտ: «Թվում է, թե պատմությունը և աստղագիտությունն իրարից ծայրահեղ տարբեր բնագավառներ են, բայց պարզվեց, որ շատ ընդհանուր կետեր կան»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter