
Երեկ գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Նոր Նորքի 2-րդ զանգվածում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Տիգրան Սահակյանն է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանի մահվան պատճառը վրաերթն էր: Սակայն նշենք, որ մահացածի վրա առկա վնասվածքները թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է` նա մահացած լինի դաժան ծեծի հետեւանքով:
Թե ինչքանով է քննիչի մահը կապված նրա մասնագիտական գործունեության հետ, դեռեւս դժվար է ասել: Իսկ թե ինչ գործեր էին այժմ գտնվում Տիգրան Սահակյանի վարույթում, ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել հրաժարվեցին` ասելով, որ դա ծառայողական գաղտնիք է:
Նշենք, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ամայի է, այնտեղ չկան բնակելի շենքեր, եւ թե ինչպես է Տիգրան Սահակյանը հայտնվել հենց այդ փողոցում, դեռեւս հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել