««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջացնում է ծանր բնապահպանական խնդիրներ»
ՀԿ-ն նամակով դիմել է Գլխավոր դատախազին
Կապանի «Էկոլոգիական անվտանգության և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն կրկին ահազանգում է Կապանի ջրի խնդրի մասին: Կազմակերպությունը հոկտեմբերի 4-ին նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պարտավորեցնել՝
1. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի 130-Ն որոշման Հավելված 2-ում հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրում ամրագրված 2 կետին համապատասխան, կեղտաջրերի հեռացում և մաքրում իրականացնել, որպեսզի կանխվի մարդկությանը հասցվող ահռելի վնասը,
2. ՀՀ բնապահպանության նախարարությանը, որ ապահովի ջրային ռեuուրuների պահպանությունը և պատաuխանատվություն կրի պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման համար, որպեսզի կանխվի բնությանը հասցվող ահռելի վնասը:
Նամակում մասնավորապես նշված է. ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջացնում է ծանր բնապահպանական խնդիրներ, այն է. ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու, այն մաքրման կայան հասցնելու ու մաքրելու փոխարեն … անմիջապես լցնում է Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը` քաղաքի ամբողջ երկայնքով:
…«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախապես տեղյակ էր, որ տեխնիկապես հնարավորություն և միջոցներ չունի իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, սակայն, անտեսելով նման հանգամանքը, դիտավորյալ կերպով (քանի որ կոյուղաջրերի հեռացման և մաքրման համակարգի բացակայության մասին ի պաշտոնե տեղյակ էր և պարտավոր էր տեղյակ լինել) բաժանորդների հետ կնքել է պայմանագիր, որով բաժանորդների համար սահմանել է վարձավճար այն ծառայության համար, որը նա նախապես և ի սկզբանե ի վիճակի չէր մատուցելու: …
Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը, սկսած 2009 թ.-ից, բազմաթիվ անգամ գրավոր կերպով դիմել է և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և ՀՀ բնապահպանության նախարարությանը…, բայց ապարդյուն:
…Բնապահպանության նախարարությունն իր հերթին ընդունել էր նշված խախտումների փաստի առկայությունը` միաժամանակ նշելով, որ նշված խախտումների վերաբերյալ կձեռնարկվեն գործողություններ, բայց ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության Ոստիկանության Կապանի բաժնի 28.06.2010 թ. թիվ-100/7-2394 պատասխան գրությունից պարզվեց, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության գրության` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ունի ջրամատակարարման և ջրահեռացման թույլտվություն, որով թույլատրված է կոյուղաջրերը առանց մաքրելու թափել Ողջի գետը: Նշված չէ` մասնավորապես Կապան քաղաքի ներսո՞ւմ, թե՞ Կապան քաղաքից դուրս:
…Բնապահպանության նախարարությունը պարտավոր էր իրականացնել ջրային ռեuուրuների պահպանություն, մշակել միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնաuակար ազդեցությունները կանխելու համար, ապահովել ջրային ռեuուրuների պահպանությունը և պատաuխանատու է պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման համար: Սակայն չի իրականացնում իր պարտավորությունները, ինչի հետևանքով խախտվում են բաժանորդի իրավունքները` ապրել բարենպաստ շրջակա միջավայրում, ստանալ այն ծառայությունը, որի համար նա վճարում է: Բացի դրանից` բնավճարները, որոնք պետք է ուղղված լինեն ջրային ռեuուրuների արդյունավետ oգտագործման, վերականգնման ու պահպանության խթանմանը, չեն օգտագործվում ըստ նպատակի, չեն իրականացնում համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ»:
Նամակին կից կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել նաև խնդրի վերաբերյալ 10 փաստաթուղթ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
06.10.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել