HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը շեշտում է, որ մենք պարտավոր ենք պահել ու պահպանել անտառները

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն` ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական և անտառօգտագործման խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ.Ալավերդյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, Կոտայքի և Լոռու փոխմարզպետեր Վ.Բակլաչյանը և Ա.Դարբինյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Մաթևոսյանը, վերոհիշյալ նախարարությունների վարչությունների պետեր, ՀՀ դատախազության Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի դատախազներ, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք: Ա.Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց խնդրի հրատապությունը և կարևորությունը` մասնավորապես շեշտելով. «Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ` պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական և շարունակական միջոցառումներ իրականացնել»: Գլխավոր դատախազը հանդիպման մասնակիցներին առաջարկեց ներկայացնել տեսակետներ, կարծիքներ, առաջարկություններ` ապօրինի անտառահատումների դեմ պայքարի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, օրենսդրական հիմքեր նախատեսել` օրինախախտներին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մասնակիցները առաջարկություններ ներկայացրին նաև ապօրինի անտառահատումների դեպքերի վիճակագրությունների համակարգված մեխանիզմներ ստեղծելու, հաշվառելու ուղղությամբ: ՀՀ դատախազության մարզային կառույցները ղեկավարող դատախազները ներկայացրեցին տեղերում տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազ Կ.Շահբազյանը զեկուցեց, որ մարզի իրավապահ մարմինների նախապատրաստած նյութերն անհամեմատ ավելի շատ են, քան իրավասու այլ տեսչությունների կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումները: Ա.Հովսեփյանը ցուցում տվեց, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչություններ հայտնաբերած իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային` մարզային դատախազներին` դրանցով հետագա ստուգումներ կատարելու, որոշումներ կայացնելու համար: Գլխավոր դատախազն առաջարկեց մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա` բացառելու համար ապօրինի հատված ծառերի տեղափոխումը: «Եվ ամենակարևորը, այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է անպայման կազմակերպվեն շահագրգիռ ՀԿ-ների հետ համատեղ: Բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող կամ այլ հասարակական գործունեություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչները անպայման պետք է ներգրավված լինեն այդ պահակակետերում և պետական ծառայողների հետ համատեղ իրականացնեն հասարակական հսկողություն` անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելով զանգվածային լրատվամիջոցներին»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: Նրա կարծիքով` ՀԿ-ների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը պայմանավորված է նախևառաջ հասարակությանը հուզող այս խնդրում առավել թափանցիկություն ապահովելու, հասարակական վերահսկողության միջոցով ապօրինի անտառահատումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակահարմարությամբ: Բնապահպանության նախարար Ա.Հարությունյանը նույնպես շեշտեց բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը` նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին, որ հասարակությունը իրազեկվի, թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում և այլն: Ա.Հարությունյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է, որ վերստուգում, մոնիտորինգ իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազությունը, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինները սերտ համագործակցեն իրար հետ: «Հայաստանը` Մեծ Հայքը պատմագրության մեջ հաճախ հիշատակվել է որպես անտառախիտ տարածքներով տերություն: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել բնության կողմից մեզ տրված այդ բարիքը»,- նշեց Ա.Հովսեփյանը` ամփոփելով քննարկումը: Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ քննարկումը կազմակերպել տեղերում` իրականացված միջոցառումների արդյունքները ամփոփելու ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter