HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. չինացիների ներգաղթը` լարվածության պատճառ

Ադրբեջանցի գործազուրկներին վրդովեցնում է չինացի ապօրինի աշխատանքային միգրանտների ներհոսքը Ադրբեջանցիները բողոքում են, որ չինացի ապօրինի միգրանտները տիրանում են իրենց աշխատատեղերին, իսկ պաշտոնական շրջանակները ոչինչ չեն անում նրանց ներհոսքը դադարեցնելու համար: «Աշխատելու նպատակով Ադրբեջան եկող չինացիների թիվն օրեցօր աճում է», - ասում է «Ադրբեջանի Միգրացիայի կենտրոն» միգրացիայի հարցերով զբաղվող ՀԿ-ի նախագահ Ալովսաթ Ալիեւը: «5-6 տարի առաջ չինացիների կարելի էր հանդիպել միայն Բաքվում եւ Սումգայիթում, այն էլ` փողոցում էժան ապրանքներ վաճառելիս: Այժմ նրանք ամենուր են եւ աշխատում են տարբեր ոլորտներում` Ադրբեջանի ամենահեռավոր շրջաններում: Տեղացիների եւ չինացիների միջեւ մի քանի տասնյակ ամուսնություններ են արդեն գրանցվել»: Բաքվում չինացի աշխատանքային միգրանտներին երկար պետք չէ փնտրել: Լի Յանգը փողոցում ժամացույցներ, խաղալիքներ, խաղատիկնիկներ եւ զանազան էժան ապրանքներ է վաճառում: Նիհար, ջինսե տաբատով, կարմիր գլխարկի տակից երեւում են երկար մազերը: Նա ո´չ ադրբեջաներեն է խոսում, ո´չ ռուսերեն, միայն մի քանի բառ գիտի`«ինչ արժե», «գին» եւ «մանաթ»` տեղական տարադրամի անվանումը: Նա մատներով թվերն է ցույց տալիս եւ երկար ժամանակ չի կարողանում հասկանալ, որ ընդամենը փորձում էին իր անունը պարզել: IWPR-ին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե նա ինչպես էր հայտնվել Ադրբեջանում, սակայն Ալիեւի խոսքերով, շատ չինացի միգրանտներ եկել են Ռուսաստանից: «Չինացիների ներհոսքն Ադրբեջան հիմնականում կապված է Ռուսաստանի կտրուկ միգրացիոն քաղաքականության հետ: Այնտեղ ապրելու հույսը կորցնելով` չինացիները տեղափոխվում են Ադրբեջան, որտեղ միգրացիայի մասին օրենքներն այդքան խիստ չեն: Ես նաեւ համոզված եմ, որ իշխանություններն աչք են փակում չինացիների նման էժան, ապօրինի աշխատուժի առկայության վրա, հակառակ դեպքում նրանք չէին կարողանա այդպես ազատ ապրել եւ աշխատել այստեղ», - ասում է նա: «Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ այստեղ եկած չինացիների մեծ մասը խախտում է օրենքը: Նրանք աշխատանքի թույլտվություն չունեն, եւ նրանց աշխատանքի ընդունող ընկերությունները նույնպես խախտում են օրենքը»: Ահգուո Չենը ժամանակին Ռուսաստանում է աշխատել, եւ սահուն ռուսերեն է խոսում: «Ես երկար ժամանակ աշխատել եմ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում` շինհրապարակում: Մեզ աշխատանք առաջարկեցին Բաքվում, եւ ես այստեղ եկա [մեծ խմբով]: Շուտով 2 տարի կլինի, որ այստեղ եմ», - պատմում է նա: Նրա հետ եկած բոլոր 14 տղամարդիկ ապրում եւ աշխատում են շինհրապարակում: Նրանք ամսական 200-400 մանաթ են վաստակում (250-500 դոլար), ինչը ցածր վարձատրություն է համարվում Ադրբեջանում, սակայն չինացիները գոհ են: «Մեր աշխատածի մոտավորապես 80 տոկոսը մեր ընտանիքներին ենք ուղարկում եւ բավարարվում մնացածով: Մենք բնակարանի համար չենք վճարում, մեզանից շատերը ո´չ ծխում են, ո´չ խմում, ամսական 50-70 մանաթը բավական է մեկ անձի համար սնունդ գնելու համար», - պատմում է Չենը` ավելացնելով, որ իրենք հիմնականում սառեցված ձուկ, բրինձ եւ բանջարեղեն են ուտում: Նա հրաժարվեց խոսել իր աշխատանքի թույլտվության կամ գրանցման մասին, իսկ շինարարական ընկերության տնօրենն իր քարտուղարի միջոցով տեղեկացրեց, որ չի ցանկանում խոսել IWPR-ի հետ: Իշխանությունները հերքում են այն, թե թույլ են տալիս ապօրինի միգրանտներին ազատ ապրել երկրում, սակայն ընդունում են, որ ստիպված են պայքարել նրանց ներհոսքի դեմ: Սեպտեմբերի 29-ին Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արզու Ռահիմովը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս տարի արդեն ապօրինի միգրացիայի 8000 դեպք է հայտնաբերվել, որոնցից 400-ը կապված են Չինաստանի հետ: «Այս 400 վտարման դեպքերը միայն սառցալեռան երեւացող մասն են: Ադրբեջանում հազարավոր ապօրինի չինացի միգրանտներ կան, եւ մենք պետք է արագ լուծում տանք այս խնդրին: Մի երկրում, որտեղ սեփական քաղաքացիները գործազուրկ են, արտասահմանյան աշխատուժի ներհոսքը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել», - հայտարարել է նա: Կառավարության դանդաղկոտությունը, որով վերջինս արձագանքել է չինացիների ներհոսքին, խիստ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից, որը ուշադրություն է հրավիրում շարքային ադրբեջանցիների զայրույթի վրա: «Իշխանությունները պետք է դադարեցնեն աշխատանքային միգրանտների ներհոսքը երկիր: Երկրում արդեն իսկ շատ են գործազուրկները: Այս արտասահմանցիները զրկում են մեր քաղաքացիներին փող վաստակելու վերջին հույսից, եւ մենք պետք է կանխենք սա», - ասում է «Մուսավաթ» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Փանահ Հուսեյնը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ազդել է աշխատավարձի չափերի վրա, եւ նման պայմաններում աշխատող օտարերկրացիները տեղացիներից շատերի զայրույթն են հարուցում: 52-ամյա Սաբիր Ֆեյզիեւը շինարար է Բաքվի մոտ գտնվող Բայլով գյուղում եւ ասում է, որ 5 տարի առաջ, երբ նախագիծը նոր էր մեկնարկել, բոլոր աշխատողներն ադրբեջանցիներ էին: «Մենք ամիսը 800-1000 մանաթ էինք ստանում: Երկու տարի առաջ համարյա բոլոր բարձրակարգ մասնագետներին ազատեցին աշխատանքից եւ այս չինացիներին բերեցին: Միայն ինձ նման մի քանի մասնագետների են պահել`աշխատավարձերը կիսով չափ կրճատելով: Այժմ առավելագույնը 500 մանաթ եմ ստանում: Պատճառն այն է, որ այս չինացիները ամենադժվար աշխատանքը գրոշներով են անում», - դժգոհում է նա: Սաբուհի Մամեդլի Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter